Բաժիններ՝

«Աճում են ոչ միայն սեզոնային, այլև ոչ սեզոնային պարենային ապրանքների և  ծառայությունների գները». Մարտին Գալստյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում,  գնաճը, արդի խնդիրները և լուծման ուղիները քննարկման  ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց հետհամաճարակային զարգացումները՝ ընդգծելով, որ ԿԲ-ի քաղաքականությունն այդ ժամանակաշրջանում էապես տարբեր է մնացած երկրների կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունից։

«Մենք բավականին երկար ժամանակահատված իրականացրել ենք նպատակադրված ցածր գնաճային քաղաքականություն, որի հիմնական նպատակը եղել է գնաճային սպասումների խարսխումը։ Մենք տեսնում էինք, որ 2020 թվականի վերջերից տեղի էր ունենում համաշխարհային գների որոշակի բարձրացում, որը հիմնականում պայմանավորված է համաճարակով։ Իսկ հիմնական շարժիչ ուժն այն էր, որ համաճարակի ընթացքում մարդկանց սպառման կառուցվածքը փոխվում է, և մարդիկ ավելի շատ սպառում են ոչ թե դրսում, այլ սպառում են տանը, այսինքն՝ ձեռք են բերում երկարաժամկետ օգտագործման ապրանքներ, իսկ դրանց արտադրման համար նախատեսված ռեսուրսները դառնում են սահմանափակ»,- նշեց Մարտին Գալստյանը։

Ըստ նրա, ապրանքների գների բարձրացման երկրորդ դրվագը ռուս-ուկրաինական հակամարտության շրջանն է։

ԿԲ նախագահի խոսքով՝ պահանջարկի առումով 2020 թվականի համեմատ, երբ լոք-դաուն էր, և տնտեսություններն անկման փուլում էին, 2021 թվականին գրեթե բոլոր երկրներում տեղի է ունեցել տնտեսական աճ, այսինքն՝ պահանաջարկի որոշակի վերականգնում։

«Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ, օրինակ, կոնտեյներային փոխադրումների գները, որոնք կարող ենք օգտագործել որպես պրոքսի առաջարկի գործոնների համար՝ շեշտակի աճում են։ Եթե 2019 թվականի հունվարին  ինդեքսը վերցնենք 100, բեռնափոխադրումների ինդեքսի աճը հինգակի կամ վեցակի է որոշ դեպքում։ Սա էլ իր հերթին բերում է որոշակի գնաճի։

Արդունքում թե՛ արտաքին գործոնների հաշվին, թե՛ ներքին գործոններով պայմանավորված՝ տեղի է ունենում և՛ փաստացի գնաճի, և՛ գնաճային սպասումների  էական ավելացում։ Այն քաղաքականությունը, որը մենք որդեգրել էինք 2015 թվականից, այսինքն՝ ցածր գնաճային քաղաքականության ապահովումը  տվել էր իր արդյունքները։ Եթե տեսնենք 2018-19 թվականները, ապա ակնհայտ է, որ բնակչության զգալի մասը չուներ որևէ բարձր գնաճային սպասումներ»,- շեշտեց Մարտին Գալստյանը։

Նրա դիտարկմամբ, բացի նրանից, որ այսօր գնաճը խնդիր է, այն նաև մարդկանց մոտ փոխում է վարքագիծ, և եթե մարդն ապրում է բարձր գնաճային միջավայր ունեցող երկրում, սպառման հակվածությունը մեծանում է, ինչն էլ նպաստում է հավելյալ գնաճի։ Այսինքն՝ եթե մարդը գիտի, որևէ ապրանք վաղը վաճառվելու է 10 դրամով ավելի, ապա տվյալ ապրանքից մի քանի հատ է գնում, ինչն էլ ստեղծում է հավելյալ աժիոտաժ։

«ԿԲ-ի նպատակներից մեկը ցածր գնաճ ապահովելու միջոցով, մարդկանց մոտ ցածր գնաճային սպասումներ զարգացնելն ու թիրախավորելն է։ Ուստի երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում մեզ համար 4 տոկոս գնաճի թիրախը հենց այդ նպատակադրումից ելնելով է ցածր ընտրվել, որպեսզի մենք մարդկանց մոտ կարողանանք ձևավորել ցածր գնաճային զարգացումներ։

Մեզ մոտ աճում են ոչ միայն սեզոնային պարենային ապրանքների գները, օրինակ, լոլիկ, վարունգ, աճում են նաև ոչ սեզոնային պարենային ապրանքների գները, որոնց հիմնական մասը ներմուծվող է՝ ցորեն, շաքարավազ, ձեթ և այլն։ Աճում են նաև ծառայությունների գները»,- եզրափակեց Մարտին Գալստյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս