Աննա Հակոբյանը որպես ի՞նչ էր այցելել Սյունիք․ սպասեք նոր վտանգների․ Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը նրանց բանակցությունների և պայմանավորվածությունների արտացոլումն է։
«Երբ մենք գնահատում ենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ ռազմական շինարարությունը․ վերջերս իմացանք, որ ռուսական զորքերը հսկայածավալ ռազմական շինարարություն են ծավալել Նոյեմբերյանում, եթե տարածաշրջանը գնում է դեպի խաղաղություն, ապա ինչո՞ւ են այդքան ռազմական շինարարություն իրականացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Փոստանջյանի խոսքով՝ ոչ մի դրական ազդակներ թուրքերից չենք կարող ունենալ․ «Սա նույն վերելակային դիվանագիտության և պայմանավորվածությունների, Ալիևին կիրթ և կառուցողական բնորոշելու համատեքստում պետք է գնահատենք, և այստեղից սպասենք վտանգներ։ Չեմ կարող բացառել, որ տարածաշրջանը ցանկանում են կիսել, մեզ զրկել ինքնիշխանությունից։ Մի մասը, հավանաբար, ցանկանում են դարձնել ՌԴ անմիջական ղեկավարության ներքո տարածք, մյուս մասը՝ Թուրքիայի։
Արցախում այլևս բավարար չափի ազգային զինված ուժերի ներկայություն այլևս չունենք, այլևս զորակոչ դեպի Արցախ չի լինում։ Այստեղ մենք նույնպես չունենք համապատասխան պրոֆեսիոնալ բանակի ղեկավարություն․ բանակը ղեկավարում է պատմության ուսուցիչը, դա իհարկե, հարգարժան գործունեություն է, բայց երբ այդ հարգարժան գործունեությունը թողնում ես և անցնում այնպիսի գործունեության, որը քո պրոֆեսիոնալ ունակություններին չի համապատասխանում, սա արդեն հանցագործություն կարելի է դիտարկել»։
Նա ընդգծեց՝ էրդողանը Հայկական սփյուռքի պառակտման ծրագիրը գերազանց իրականացնում է․ «Չմոռանանք, որ վերջին անգամ 2017թ․է տեղի ունեցել Հայաստան-Սփյոըռք համաժողովը, և դրանից հետո 2018թ․ առ այսօր մենք Սփյուռքի հետ որևէ ժողով չենք իրականացրել, ավելին՝ վերացվել է Սփյուռքի նախարարությունը, իսկ Սփյուռքի հանձնակատարը պառակտիչ գործունեություն է իրականացնում Սփյուռքի հետ մեր հարաբերություններում։ Այլևս ՀՀ իշխանությունները, երբ այցելում են Սփյուռք, նրանց ուղեկցում է «Գորշ գայլերի» լոբբիստ Սամսոն Օզարարարտը»։
Անդրադառնալով Աննա Հակոբյանի այցին Սյունիք՝ նա նկատեց՝ որպես ի՞նչ էր այցելել Սյունիք․ «Ակնհայտ է, որ նման այցելությունները պատահական չեն, պետք է սպասել վտանգներ, որոնք մեզ համար դրական չեն լինելու։ Տարածաշրջանը նորից մտցնում են թեժ պատերազմական գործողությունների մեջ»։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ խոսակցություններին, նա նախ 2021թ․ արտահերթ ընտրությունները հիշեցրեց՝ ընդգծելով, որ Նիկոլը եթե կեղծել է պատերազմ, ընտրություններն ի՞նչն են, որ չկեղծեր․ «Ընդդիմությունը կամ պետք է պառակտեր իշխանական խմբին, կամ նրանք պետք է իրենցից պոկեն․ հիմա դա է տեղի ունենում։ Դու պետք է հաշվարկ ունենայիր, որ ընտրությունները կեղծվելու են, դու չես ունենալու մեծամասնություն, եթե գնում ես այնտեղ, ապա ի՞նչ նպատակով, որ ի՞նչ անես՝ իրենցից միայն պոկես մանդատներ։ Դրա համար նախաձեռնվեցին բողոքի ակցիաներ, որոնք իրենց նպատակին չեն հասել։ Ընդդիմությունը կամ իր կամքով թողնում է մանդատները, կամ իրենց մանդատներից զրկում են։ Հետևաբար, պետք է լինի զանգվածային անհնազանդություն, հրապարակվի ժամանակավոր կառավարության կազմը։ Եթե այս ամենը չեք անում, ապա ձեր գործողությունները արդյունավետություն չունեն»։