«Իշխանություններն իրենց մաքրագրելու պրոցեսի մեջ են, քավության նոխազն այս դեպքում Օնիկ Գասպարյանն է». Շիրազ Խաչատրյան
Վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները թիրախավորել են ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի կարծիքով, վաղ թե ուշ թիրախավորելու էին, այս թեմաներից նա չէր «պլստալու»:
«Ըստ իս, վերջին ԱԱԾ տեղեկությունները՝ լրտեսների մասով, և պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի հայտարարությունները՝ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ, պատահական չեն։ Իրենց մաքրագրելու պրոցեսի մեջ են, Օնիկ Գասպարյանն էլ վերջին սպան չի, նա ԳՇ պետի պաշտոնն է զբաղեցրել պատերազմի ժամանակ, այսինքն, քավության նոխազն այս դեպքում ինքն է։ Պատահական չի, որ Տիգրան Աբրահամյանը և էլի մարդիկ միշտ ասում են, որ գեներալը պիտի խոսի: Եթե չխոսեց, պասիվ պահեց իրեն, շատ բաներ բարդելու են իր վրա։
Օրինակ, Մովսես Հակոբյանը ճիշտ ժամանակին խոսեց, ահագին ռեզոնանս տվեց, և եթե Մովսես Հակոբյանին այդ խառը թեմաների շրջանակում ձերբակալեին, դա կդիտարկվեր՝ որպես քաղաքական ձերբակալություն։ Իհարկե, մյուս կողմից, Օնիկ Գասպարյանի դեպքում իրավիճակը մի քիչ այլ է. նա ԳՇ պետ է եղել պատերազմի ժամանակահատվածում, երկրորդ՝ ապաքաղաքական մարդ է, շատ հեռու է քաղաքականությունից, զուտ զինվորական է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Շիրազ Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե Օնիկ Գասպարյանը նախահարձակ չեղավ, թեմաներ չբացեց, շատ բաներ իր վրա են բարդելու, ինչն արդեն սկսել են:
Նշենք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դաշտ է նետել պատերազմի օրերին «Իսկանդերի» կիրառման թեման:
Մասնավորապես, ըստ նրա, «Օնիկ Գասպարյանը պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան է հաստատել»:
Այս միտքը սկսել են տիրաժավորել մյուս ՔՊ-ականները:
Թե ինչու, 168.am-ն որոշ վարկածներ առաջ քաշել է:
Նկատենք, որ իշխանությունների՝ ԳՇ նախկին պետին հասցեագրված մեղադրանքը զուտ «Իսկանդերի» կիրառման սխալ կամ ճիշտ լինելու կոնտեքստում է, ինչը, մյուս կողմից, ըստ էության, տեղավորվում է Շուշին հանձնելու տրամաբանության մեջ:
Իսկ գուցե ամեն ինչ ավելի գլոբա՞լ է, օրինակ, արևմտյան «հրահանգ» ընդդեմ ՌԴ-ի: Միգուցե: Բայց փաստ է, որ կան առանցքային պարզ հարցեր, որոնց պատասխանները պիտի տրվեն, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանի կողմից: