«Երրորդ երկիր» ասելով՝ միայն Ադրբեջան եմ հասկանում․ Տիրան Լոքմագյոզյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն առարկայական փուլ մտավ 2021 թ․ վերջին, երբ կողմերը բանակցություններ սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, ըստ փորձագետների՝ շրջադարձային երանգներ է ստանում։ Փաշինյան-Էրդողան առաջին հեռախոսազրույցից հետո Հայաստանն ու Թուրքիան, կարծես, նախապատրաստվում են ոչ երրորդ երկրներում բանակցությունների:

Երեկ ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունն էր տեղեկություն տարածել, որ Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում։ Հիշեցնենք՝ չնայած Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե եկել է ժամանակը շփումները երկու մայրաքաղաքներ տեղափոխելու, մինչ օրս այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրներում:

Թուրքիան գործընթացի սկզբից ակնհայտորեն ջանում է դուրս բերել բոլոր երրորդ կողմերին, իսկ բանակցություններն Անկարա կամ Երևան տեղափոխելու ցանկությունը ևս մեկ քայլ է այդ ծրագիրն ամրապնդելու ուղղությամբ։

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի կարծիքով, սակայն, ուղիղ բանակցությունները Հայաստանի համար ռիսկային են։

«Եթե մենք Թուրքիայի հետ խոսեինք հավասարը հավասարին, ուղիղ բանակցությունները կդիտվեին դրական քայլ։ Սակայն այս պարագայում, երբ մենք՝ կարծես տվողի, իսկ իրենք՝ շարունակ ստացողի դերում են, մեզ այստեղ պաշտպանում են երրորդ երկրները, օրինակ, հարավից՝ Իրանը, Հյուսիսից՝ Ռուսաստանը։ Սա արդեն շատ ակնառու է․ հատկապես Իրանի ջանքերը մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ուղղությամբ՝ բոլորին է հայտնի։

Եվ հենց այս պատճառով է, որ Թուրքիայի դրդմամբ՝ միանգամից որոշվեց Հայաստանի հետ ուղիղ կապ ստեղծել և դուրս թողնել երրորդ երկրները։ Մինչդեռ երրորդ երկրների առկայությունը մեզ համար փրկօղակ կարելի էր նկատել»,- 168.amի հետ զրույցում նշեց թուրքագետը։

Նա հենց այս համատեքստում դիտարկեց նաև Անկարայում, Երևանում բանակցելու մասին թուրքական բազմաչարչար առաջարկը՝ համոզում հայտնելով, որ այդ ուղղությամբ Թուրքիան ճնշում է գործադրում։

Անդրադառնալով թուրքական կողմի այս շտապողականությանը՝ Տիրան Լոքմագյոզյանը նկատեց․ «Թուրքիան կարծեք թե ցայտնոտի մեջ է և շտապում է, որովհետև գտել է այնպիսի իշխանություն Հայաստանում, որն իր ամեն ասածն անում է։ Թուրքական կողմում այսօր մտավախություն ունեն՝ գուցե քաղաքական առումով որևէ բան փոխվի Հայաստանում, օրինակ, իշխանափոխություն լինի, և չհասցնեն ավարտին հասցնել իրենց ծրագիրը (հիշենք Չավուշօղլուի վերջին հայտարարությունները՝ միջամտությունը ՀՀ ներքին գործերին, Ալիևի նմանատիպ հայտարարությունները)։

Հաջորդը՝ պետք է հիշել, որ Թուրքիայում 2023 թ․ նախագահական ընտրություններ են, և Էրդողանը հայտարարել է դրան իր մասնակցության մասին։ Ու եթե հաջողվի Հայաստանից կորզել այն, ինչ ցանկանում է, Էրդողանն ընտրություններին կգնա որպես ազգային հերոս, Հայաստանին ծնկի բերած ղեկավար»։

Մեր զրուցակիցը հիշեցրեց թուրքական կողմի հիմնական նկրտումները՝ «Զանգեզուրի միջանցքը», Ցեղասպանության ճանաչումից հրաժարում և պետական սահմանի ճանաչում։

Ինչ կտա՞ն Հայաստանին Վիեննական պայմանավորվածությունները՝ մեր հարցին ի պատասխան էլ՝ նա նկատեց, որ դրանք իրականում անվտանգային նոր սպառնալիքներ կստեղծեն։

Հիշեցնենք՝ Վիեննայում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների՝ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումից հետո, Երևանն ու Անկարան հայտարարեցին, թե պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար, մեկնարկել ուղիղ օդային բեռնափոխադրումները և սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Տիրան Լոքմագյոզյանն ուշադրություն հրավիրեց հատկապես «երրորդ երկրների քաղաքացիներ» ձևակերպման վրա․ «Իրականում զավեշտ է այս պայմանավորվածությունը, որովհետև եթե երկու երկրների միջև սահմանը բացվում է, բացվում է այդ երկրների քաղաքացիների համար․ ի՞նչ է նշանակում՝ երրորդ երկրների․ այսինքն՝ մենք չենք օգտվելու, բայց երրորդ երկիրն է օգտվելու, ինչի՞ համար։

Հաջորդը՝ ի՞նչ երրորդ երկրներ կարող են լինել․ Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը չեն կարող լինել, որովհետև շատ ավելի լավ ճանապարհներ ունեն Թուրքիայի հետ։ Սա ամենակարճ, ուղիղ ճանապարհը կարող է լինել Ադրբեջանի համար։ Ես այստեղ «երրորդ երկիր» ասելով՝ միայն Ադրբեջան եմ հասկանում։

Այս պարագայում սակայն հարց է առաջանում՝ այդ երրորդ երկրի քաղաքացին, որն իմ ենթադրությամբ՝ հենց ադրբեջանցին է, որտեղի՞ց է մտնելու Հայաստան, որ շարունակի՝ Թուրքիա․ նշանակում է՝ ոչ միայն Հայաստան-Թուրքիա սահմանն է բացվելու ադրբեջանցիների համար, այլ Ադրբեջան-Հայաստան սահմանն էլ է բացվելու։ Այդ երրորդ երկրների քաղաքացիներին ո՞վ է վիզա տալու, եթե դիվանագիտական հարաբերություններ չկան, ինչպե՞ս են վիզա տալու, ինչպես ե՞ն այդ մարդիկ վերահսկվելու։ Դուք հետևելո՞ւ եք իրենց՝ գուցե գործակալներ են մտնում (առաջին մտնողները գործակալներ են լինելու), ի՞նչ եք ծրագրում։ Այս հարցերը դեռ բաց են, և պետք է մեկ-առ մեկ քննարկել»։

Տեսանյութեր

Լրահոս