Մեր երկրում գյուղատնտեսության մասին մտածող կա՞․ փորձագետն ահազանգում է պարենային անվտանգության սպառնալիքների մասին
Միացյալ ազգերի կազմակերպությունն ահազանգում է աշխարհին սպառնացող պարենի՝ հիմնականում հացահատիկի դեֆիցիտի մասին։
«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ, ՄԱԿ-ի փորձագետ, գյուղատնտեսության ոլորտի մասնագետ Սարգիս Սեդրակյանը 168․am-ի հետ զրույցում անդրադարձավ հացահատիկային կուլտուրաների մշակման և սպառման՝ աշխարհում այս պահին առկա իրավիճակին և Հայաստանի պարենային մարտահրավերներին։
«Հացահատիկի ցանքատարածություններով աշխարհում առաջատար երկրները հանդիսանում են՝ Հնդկաստանը – 31,4 մլն հա, Ռուսաստանը – 28,7 մլն հա, Չինաստանը – 23,4 մլն հա, ԱՄՆ-ը – 14,9 մլն հա, Ավստրալիան – 13,0 մլն հա ցանքատարածություններով։ Վերջին տարիներին աշխարհում տեղի է ունեցել հացահատիկի ցանքատարածքների փոփոխություններ՝ ավելացում և կրճատում:
Հացահատիկի ցանքատարածքներն ամենաշատն ավելացել են Ավստրալիայում (+2,8 մլն հա), Հնդկաստանում (+2,0 մլն հա) և Ռուսաստանում (+1,4 մլն հա), իսկ հացահատիկի ցանքատարածությունների ամենամեծ կրճատումը տեղի է ունեցել ԵՄ երկրներում (-1,5 մլն հա): Հացահատիկի բարձր բերքի ստացման առումով, 2020-21թթ. տվյալներով, համաշխարհային առաջատար երկրներն են եղել՝ Գերմանիա՝ 7,53 տ/հա, Ֆրանսիա՝ 6,8 տ/հա, Եգիպտոս՝ 6,4 տ/հա, Չինաստան՝ 5,7 տ/հա։ 2020-21 թթ. հացահատիկի արտաքին առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 196,31 մլն տոննա։
Ներկայումս հացահատիկ արտահանող առաջատար հիմնական երկրներն են՝ Ռուսաստան – 39,5 մլն տ, ԵՄ – 27,5 մլն, Կանադա – 27,0 մլն տ, ԱՄՆ – 27,0 մլն տ, Ավստրալիա – 19,5 մլն տ։ Համաշխարհային հացահատիկ արտադրողների վարկանիշում Ուկրաինան զբաղեցրել է 8-րդ տեղը՝ միջինը 25,5 մլն տ հավաքած բերքով:
Ռուսաստանն Ուկրաինայի հետ միասին տալիս են հացահատիկի համաշխարհային պահանջարկի 1/3-ը: Ըստ Ռուսաստանի նախագահի, այս տարի Ռուսաստանում սպասվում է հացահատիկի բարձր բերք, և հնարավոր է՝ Ռուսաստանը արտահանի 50 միլիոն տ հացահատիկ:
Հայտնի է, որ Ուկրաինայի հացահատիկի մի մասը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով այրվեց, իսկ մյուս մասը կարող է արտահանվել իր նավահանգիստներից, սակայն ծովային ճանապարհն ականապատված է և շատ վտանգավոր»,- տեղեկացրեց գյուղատնտեսը։
Ըստ նրա՝ աշխարհում հացահատիկի արտադրության և արտահանման ներկայիս շարժը հնարավոր է շուտով Ռուսաստանը դարձնի ԵՄ-ին հացահատիկի վաճառքի գին թելադրող երկիր՝ ինչպես գազի պարագայում։
Այս համատեքստում Սարգիս Սեդրակյանն անհեռանկար է համարում Հայաստանի վիճակը՝ շեշտելով, որ երկրում տարվում է սխալ ագրարային քաղաքականություն, և իշխանությունները չեն մտածում երկրի պարենային անվտանգության կարևորագույն հարցերի մասին․
«Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է ներկրել հիմնականում Ռուսաստանից, որոշ մաս՝ Ուկրաինայից, իսկ հացահատիկի պահանջարկի 25-30 %-ը ներկրել է Արցախից: Մինչ պատերազմն Արցախն ուներ 130.000 հա գյուղատնտեսական վարելահողեր, որի շուրջ 100,000 հա-ի վրա իրականացվում էին աշնանացան և գարնանացան: Պատերազմից հետո թշնամուն է հանձնվել 95.000 հա վարելահող, որից 70.000 հա-ի վրա իրականացվում էր ցանք:
70.000 հա-ից շուրջ 50.000 հա-ն օգտագործվում էր հացահատիկի տակ։ Պաշտոնական տվյալներով՝Արցախում միջինն արտադրվել է 150,000 տ հատիկաընդեղեն և հացահատիկ: 2019թ․ Հայաստանում արտադրվել է 199.000 տ հացահատիկ, սակայն 2018թ․ համեմատ՝ 2019թ․ այդ ցուցանիշը կրճատվել է 41,2 տոկոսով: Հայաստանում տարեկան սպառվում է 500,000 տ հացահատիկ ( 25 տոկոս):
Հայաստանում հացահատիկի արտադրությունը դրված է բախտի քմահաճույքին, պետականորեն չի տարվում պարենային ապահովվածության լուրջ ռազմավարություն: Փոխարենը՝ լսում ենք փուչ, դատարկ պոպուլիստական խոսքեր, կոչեր»։
Գյուղատնտեսը նկատեց՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա ընթացքը ցույց կտա, թե ՌԴ-ն ինչ գնով կվաճառի հացահատիկը Հայաստանին։
Անդրադառնալով Հայաստանում առկա պարենային խնդիրներին՝ նա մեծ սխալ համարեց գյուղատնտեսության նախարարության փակումը՝ վստահեցնելով, որ էկոնոմիկայի նախարարության ծրագրերն ու դրանց ուղղված ֆինանսական միջոցները տեսանելի չեն գյուղացիների համար։
«Ցավով պետք է արձանագրենք, որ համավարակային իրավիճակում ևս պարենային անվտանգության առումով, քայլեր չձեռնարկվեցին․ որպես ապացույց՝ կարելի է բերել կարտոֆիլի օրինակը: Կարտոֆիլի առումով, մեր երկիրը միշտ եղել է ինքնաբավ երկիր, դեռ մի բան էլ ավելին՝ արտահանել է: Այս տարի, կորոնավիրուսով պայմանավորված, փոխանակ ավելի լուրջ մոտեցում ցուցաբերեին, անտերության մատնեցին: Պետության կողմից համապատասխան ուշադրություն չտեսնելով, գյուղացիների մի մասը մեկնեց արտագնա աշխատանքի, մշակվող ցանքատարածությունները կրճատվեցին, բարձրացան պարարտանյութի, վառելիքի, թունաքիմիկատների գները: Կարտոֆիլը մշակում և հավաքում են դեռևս խորհրդային ժամանակների կարտոֆիլատնկիչներով և կարտոֆիլաքանդիչներով․ նախարարությունում որևէ պաշտոնյայի մտքով անցնո՞ւմ է դրանք փոխարինել նորով:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գյուղացիներին կոչ է անում ավելացնել մշակելի ցանքատարածությունները, բայց «հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»: Կարտոֆիլի քչության պատճառով, վերջերս 4 երկրներից կարտոֆիլ ներմուծեցին և թանկ գնով վաճառեցին բնակչությանը:
Հարց է առաջանում՝ մեր երկրում գյուղատնտեսության մասին մտածող կա՞․ մասնագետներին կրճատեցին, ոլորտում տեղավորեցին ոլորտից անտեղյակ, անփորձ նոր մարդիկ, չկա ոլորտի զարգացման նորմալ ռազմավարություն»,- եզրափակեց Սարգիս Սեդրակյանը։