Ե՞րբ է կառավարության այլընտրանքը դուրս գալու բաց ծով

Վերին Լարսի ճանապարհը, որը Հայաստանն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային գործող երթուղին է, հեղեղումների հետևանքով վնասվելուց հետո, այս անգամ հաջողվեց շուտ վերականգնել։ Բայց դա չի նշանակում, որ նման փլուզումներ կամ այլ իրավիճակներ առաջիկայում չեն լինելու։ Լարսով բեռնափոխադրումներ իրականացնելը վերջին շրջանում չափազանց դժվարացել է։ Ու դրա համար էլ տարեսկզբին կառավարությունը որոշեց կազմակերպել նաև լաստանավային փոխադրումներ։

Հունիսի սկզբին Ազգային ժողովում էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, որ Սև ծովում հայկական լաստանավը ժամանակին կաշխատի ու կարագացնի փոխադրումները։

«Օրերս կառավարության անդամները համաձայնեցրին լոգիստիկ ընկերությունների հետ աշխատանքի կարգը։ Մնում է միայն Վրաստանի նավահանգիստներում դրա տեղակայման թույլտվություն ստանալ։ Վրաց գործընկերների հետ հարցերը կլուծվեն մոտ ապագայում»,- վստահեցնում էր Վահանգ Քերոբյանը։

Նախարարի համոզմամբ՝ սովորական պայմաններում լաստանավն այնքան արդյունավետ չէր լինի, քան որ առնվազն 2-3 օրով զիջում է ավտոմոբիլային փոխադրումներին։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ բեռնատարներն օրերով կանգնած են մնում Լարսում, լաստանավով փոխադրումները շատ ավելի արագ կլինեն։

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, լաստանավը պետք է գործարկվի արդեն հունիսի 15-ին։ Այն կկարողանա ընդունել փչացող և մեծ չափերի բեռների գոնե մի մասը»,- այս հայտարարությունն էկոնոմիկայի նախարարն արել է հունիսի 6-ին։

Դրանից 9 օր հետո լաստանավը պիտի դուրս գար բաց ծով, բայց մինչև հիմա դեռ դուրս չի եկել։

Չնայած էկոնոմիկայի նախարարի հավաստիացումներին, որ բոլոր հարցերն արագ կկարգավորվեն, և հունիսի 15-ից կմեկնարկեն փոխադրումները, լաստանավային փոխադրումներ կազմակերպող ընկերությունը նույնիսկ լիցենզիա չի ստացել։ Քիչ է հավանականությունը, որ դա կարող է շուտ լինել։

Փոխարենը ժամանակին մտածեին և միջոցներ ձեռնարկեին, միայն վերջերս են գլխի ընկել, որ լաստանավային փոխադրումներ իրականացնելու համար կան լուրջ խոչընդոտները։ Հոլանդական ընկերությունը, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել, որը խնդիրներ է ստեղծել նաև հայկական լաստանավի շահագործման համար։ Պատժամիջոցների պատճառով, դեպի Ռուսաստան լաստանավային փոխադրումներ կազմակերպելու համար ընկերությունը հայկական կողմին լիցենզիա չի տրամադրում կամ առնվազն ձգձգում է տրամադրումը։ Դրա հետևանքով անհնարին է դարձել խոստացված լաստանավային փոխադրումների իրականացումը, որի կազմակերպման վերաբերյալ որոշումը կառավարությունը ընդունել է դեռևս մարտին։

Մարտից անցել է 3 ամսից ավելի, նոր «բացահայտել» են, որ պատժամիջոցների պատճառով խոչընդոտներ են ստեղծվել լաստանավային փոխադրումները գործարկելու համար։ Մինչդեռ Լարսի կուտակումների պայմաններում, իր բոլոր անհարմարություններով ու թերություններով հանդերձ, այս պահին դա կարող էր մի փոքր փրկության հույս լինել՝ ինչպես հայկական արտադրության ապրանքներ արտահանողների, այնպես էլ՝ ներմուծումներ իրականացնողների համար։

Կառավարության այսպիսի «անփութության» հետևանքով, բեռնափոխադրողները զրկված են լաստանավից օգտվելու հնարավորությունից, որքան էլ այն կարող է նպատակահարմար լինել ոչ բոլոր բեռների տեղափոխման համար։

Լարսի կիսաբաց-կիսափակ վիճակը, գոյացած մեծ հերթերը վերջին շրջանում լուրջ գլխացավանք են դարձել բեռնափոխադրողների համար։ Ռիսկային է հատկապես գյուղմթերքների տեղափոխումը։ Անցակետի անկանոն աշխատանքի հետևանքով՝ ոչ միշտ է հաջողվում պահպանել առանց հերթերի գյուղմթերքի տեղափոխման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Չհաշված, որ ցանկացած պահի կարող է կրկին ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվել ու գյուղացուն կանգնեցնել փաստի առաջ։

Այնպես, ինչպես եղավ վերջին փլուզումից առաջ։ Օգտվելով առիթից՝ արտահանողներն ու վերամշակող ընկերությունները կտրուկ նվազեցրին ծիրանի մթերման գները։ Մարդիկ ծախսեր են անում, բերք են աճեցնում՝ եկամուտ ստանալու ակնկալիքով, բայց մի գեղեցիկ օր կանգնում են անելանելի դրության առաջ։ Իշխանությունները հորդորում էին գյուղացուն ավելի շատ գյուղմթերք արտադրել՝ խոստանալով, որ այն չի մնա գետնին, բայց հետո մոռանում են խոստումները։

Վերջին ամիսներին Լարսում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ նույնիսկ բաց լինելը մեծ բան չի փոխում, որովհետև բեռնափոխադրողները, այսպես թե այնպես, ստիպված են օրերով սպասել իրենց հերթին։

Գոնե լավ է, որ ճանապարհի անխափան գործունեության համար հիմա շահագրգռված են՝ ինչպես Վրաստանը, այնպես էլ՝ Ռուսաստանը։ Դա հիմք է տալիս ասելու, որ նրանք ամեն ինչ կանեն անցակետը գործուն վիճակում պահելու համար։

Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, Ռուսաստանի համար մեծացել է այս անցակետի նշանակությունը։ Ավելացել են այստեղով մատակարարումները, որոնք կարևոր են ռուսական շուկայի պահանջարկի բավարարման հարցում։

Անցակետի անխափան շահագործմամբ շահագրգռված է նաև Վրաստանը։ Բեռնափոխադրումներն ավելացել են, ինչը լրացուցիչ շահույթներ է ապահովում այդ երկրին։

Երկու երկրների փոխադարձ հետաքրքրությունները, թերևս, կարևոր դեր կատարեցին, որպեսզի հեղեղումներից հետո արագ միջոցներ ձեռնարկվեն՝ հաղորդակցությունը, թեկուզ ընդհատումներով և ոչ լիարժեք, այնուհանդերձ, վերականգնելու համար։ Բայց նման իրավիճակներ ամեն պահի կարող են կրկնվել։

Այս առումով, բոլոր թերություններով հանդերձ, լաստանավը կարող էր որոշակի օժանդակություն լինել հայաստանյան բեռնափոխադրողների համար։ Սակայն, ինչպես տեսնում ենք, հույս չկա, որ այն շուտ կգործարկվի։ Մինչդեռ, ժամանակին, երբ իշխանությունները հիմնավորում էին լաստանավային փոխադրումներ կատարելու անհրաժեշտությունը, չափազանց կարևորում էին դրա նշանակությունը։

Էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ հաշվարկներ էր ներկայացրել. եթե օրական 10-15 մեքենա չի հասցնում ժամանակին անցնել Լարսի անցակետը, դա նշանակում է, որ 250 հազար դոլարի արտահանում չի իրականացվում։

Այսօր խոսքը ոչ թե 10 կամ 15, այլ հարյուրավոր մեքենաների մասին է։ Դժվար չէ հաշվել, թե դրա հետևանքով որքան արտահանում չի իրականացվում։ Մինչդեռ այդ բեռների մի մասը կարող էր տեղափոխվել լաստանավով, որը պիտի գործարկվեր հունիսի 15-ից։ Բայց առայժմ հայտնի չէ, թե ե՞րբ գործարկվի կամ ընդհանրապես կգործարկվի՞, թե՞ կհամալրի իշխանությունների հերթական չիրականացրած խոստումների շարքը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս