«Շատ ափսոս, որ այդպես էլ անկատար մնաց Ճապոնիայի այդ խարիզմատիկ առաջնորդի՝ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ այցելելու գաղափարը, ինչն արդեն այնքան հավանական էր թվում 2018թ. գարնանը…»․ Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի հիշատակին։
Նա մասնավորապես գրել է․ «Շինձո Աբեի սպանության լուրն ինձ անձնական մեծ ցավ պատճառեց: Ու ոչ միայն այն պատճառով, որ այս լուսանկարն արդեն մի քանի տարի է, ինչ իմ աշխատասեղանին է: Կասկած չունեմ, որ Աբեն ճապոնացի ժողովրդի հիշողության մեջ մնալու է ոչ միայն որպես այդ երկրի հետպատերազմյան շրջանում ամենաերկարը պաշտոնավարած վարչապետ, այլ որպես իր ժողովրդի իսկապես մեծ ու արժանի զավակ, պատկառելի մի պետական այր, ով առաջնորդության գերդեգրադացիայի մեր ժանանակներում, երբ անգամ ծաղրածուներն ու սոցիալական ցանցերի կապիկներն են դառնում պետությունների ղեկավարներ, համաշխարհային քաղաքականության մեջ մեկն էր այն քչերից, որ մարմնավորում էր պետական առաջնորդի խարիզմատիկ, դասական տեսակը:
Բայց այս գրառման նպատակը միայն հարգանքի տուրքը չէ Շինձո Աբեի հիշատակին, այլ այն, որ մեր ժողովուրդը, կամ գոնե նրանք, ովքեր զբաղվում են հայ-ճապոնական հարաբերություններով ու նրա պատմությամբ, ըստ արժանվույն հիշեն ու գնահատեն Աբեին:
Շինձո Աբեին տետ ա տետ հանդիպելու պատիվ ունեցել եմ մեկ անգամ՝ 2017 թ. սկզբին, Տոկիոյում: Այդ տարիներին ղեկավարում էի «Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամության խումբը, որը մեծ գործ արեց ոչ միայն զարգացնելով մեր հարաբերությունները խորհրդարանական հարթությունում, այլ գործնական մեծ աջակցություն ունեցավ հայ-ճապոնական միջպետական հարաբերություններն առաջ մղելու գործում՝ դառնալով վստահության յուրատեսակ կամուրջ երկու երկրների ու նրանց դիվանագիտական ներկայացուցչությունների միջև:
Ահա, 2017 թ. հունվարին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այց կազմակերպվեց Ճապոնիա: Մեր պատվիրակությանը ընդունեց նաև վարչապետ Շինձո Աբեն: Դա չլսված բան էր ճապոնական պետական արարողակարգի տեսանկյունից, քանի որ անգամ Տոկիո ժամանող գերազդեցիկ երկրների խորհրդարանական պատվիրակությունները չէին արժանանում նման պատվի՝ ընդունելության Ճապոնիայի վարչապետի կողմից: Դա իսկապես մեծ գնահատականի արժանի, ցցուն ու խիզախ որոշում էր Շինձո Աբեի կողմից՝ դրսևորելու իր հարգանքը Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ: Օրակարգում այդ շրջանում չափազանց հետաքրքիր ու հեռանկարային հարցեր կային…
Այդ հանդիպմանը նախորդել էր իմ մի քանի աշխատանքային այցելությունները Ճապոնիա, իսկ Երևանում մեր հերթին հյուրընկալել էինք ճապոնացի իմ գերծընկերներին, որոնք, նախկին նախարարներ ու Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գերազդեցիկ ծանրքաշայիններ, շատ լավ հարաբերություններ ու մեծ ազդեցություն ունեին Աբեի կառավարությունում ու նրա ընկերներն էին քաղաքականությունից դուրս՝ Էտո-սանը, Սուզուկի-սանը և այլք: Մեր պատմության թանգարանը ճիշտ կանի, եթե հայթայթի ու իր արխիվներում զետեղի վարչապետ Աբեի մի հայտնի լուսանկար, որտեղ իր հայասեր գործընկերների հետ ճաշակում են Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրեն ուղարկված հայկական որակյալ կոնյակը: Այդ լուսանկարը Աբեն մեզ էր փոխանցել որպես իր երախտիքի առհավատչյա:
Իսկ դրան նախորդել էր մեկ այլ շատ նշանակալի իրադարձություն, որի մանրամասները հիմա արդեն իրենից պետական գաղտնիք չեն պարունակում, և արժի այն հրապարակել հատկապես այս տխուր առիթով: Բանն այն է, որ տարիներ առաջ մենք արդեն Տոկիոյում բացել էինք Հայաստանի դեսպանությունը, իսկ Ճապոնիան, տարբեր պատճառաբանություններով, հետաձգում էր Երևանում մշտական դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու իր պատասխան որոշումը:
Այդ իրավիճակում, մի գեղեցիկ օր ինձ հանդիպման խնդրանքով է դիմում Ռուսաստանում Ճապոնիայի նախկին դեսպան Հարադան և մտերմիկ զրույցի ընթացքում փոխանցում մի ուշագրավ տեղեկություն. Ճապոնիայի կառավարությունը մի քանի շաբաթից որոշում էր կայացնելու մի քանի երկրներում դեսպանություններ բացել-չբացելու հարցի շուրջ, և իրերի դրվածքն այդ պահին այնպիսին էր, որ արտաքին գործերի նախարարությունը վարչապետ Աբեի աշխատակազմ էր ներկայացրել երկրների մի ցանկ՝ ըստ առաջնահերթության, որտեղ Հայաստանը չկար: Իսկ ֆինանսների նախարարությունն իր հերթին վարչապետին առաջարկել էր ֆինանսների սղության պատճառով առհասարակ չգնալ նոր դեսպանություններ բացելու որոշմանը:
Դեսպան Հարադան ինձ նրբանկատորեն, ենթատեքստով, խորհրդապահական եղանակով նաև փոխանցեց, որ վարչապետ Աբեն անձամբ իսկապես մեծ ցանկություն ունի կայացնելու նման որոշում և Երևանում հիմնելու Ճապոնիայի դեսպանատուն, սակայն հանգամանքներն այս պահին նրան զրկում են այդ հնարավորությունից ու հավելեց, թե Շինձո Աբեն չափազանց ուրախ կլիներ, եթե այս փուլում, երբ շուտով իր սեղանին է դրվելու տարբեր երկրներում դեսպանություններ բացելու որոշում կայացնելու նախագիծը, իր ձեռքի տակ ունենար ՀՀ նախագահի կողմից իրեն ուղղված մի այնպիսի նամակ, որը նա կկարողանար օգտագործել որպես ծանրակշիռ փաստարկ այդ որոշումը հօգուտ Երևանի կայացնելու համար, մեծ հաշվով, ի հեճուկս Ճապոնիայի արտաքին գործերի ու ֆինանսների նախարարությունների առաջարկությունների: Մեզ այդ հարցում օգնելու էր Հայաստանի մեկ այլ լավ բարեկամ, ով Աբեի աշխատակազմում սպասարկում էր արտաքին ոլորտը, այդ նամակը ճիշտ պահին Աբեի աշխատասեղանին դնելու համար:
Հետո արդեն եղավ այն, ինչ պիտի լիներ. ՀՀ նախագահի անունից այդ նամակն ուղարկվեց եւ Շինձո Աբեի անձնական որոշման արդյունքում ահա հենց այս կերպ Երևանում հիմնվեց Ճապոնիայի դեսպանությունը:
Պատմության համար ավելորդ չի լինի արձանագրել նաև այն, որ հենց Շինձո Աբեի՝ մեր երկրի ու մեր ժողովրդի հանդեպ ունեցած համակրանքի թելադրանքով, նախապատրաստական տևական աշխատանքներից հետո՝ 2018 թ. աշնան սկզբում, պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց այդ երկրի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն: Բայց դա էլ ամենը չէր. այցի շրջանակներում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը այցելեց Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդում:
Այս ամենը սովորական, արարողակարգային մի դրվագ կարող է թվալ բոլորին, բացի նրանցից, ովքեր խորությամբ են պատկերացնում Ճապոնիայի քաղաքական իրողությունները, նրանց հարաբերությունները Թուրքիայի հետ մի կողմից և Հայաստանի մեկ այլ բարեկամ երկրի՝ Չինաստանի ու Հարավային Կորեայի կողմից Ճապոնիային ուղղված մեղադրանքները երկրորդ աշխարհամարտի տարիներին այդ ժողովուրդների հանդեպ գործած ցեղասպանական գործողություններ իրականացնելու մեջ՝ մյուս կողմից: Ինչևէ, պատմությունը ճշմարտությունն արձանագրած կլինի, եթե հավուր պատշաճի գնահատի այդ գործում հենց վարչապետ Շինձո Աբեի անձական խիզախ որոշումը՝ արտոնելու իր արտաքին գործերի նախարարին այցելելու Ծիծեռնակաբերդ: Որոշում, որի վերաբերյալ շատերն էին տարակուսած մնալու… ու ոչ միայն իր աշխատակազմում ու Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունում:
Շատ ափսոս, որ այդպես էլ անկատար մնաց Ճապոնիայի այդ խարիզմատիկ առաջնորդի՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստան այցելելու գաղափարը, ինչն արդեն այնքան հավանական էր թվում 2018 թ. գարնանը…
Շինձո Աբեն, այնքանով, որքանով թույլատրելի է մեկ այլ երկրի ղեկավարի պարագայում, իսկապես հարգում ու գնահատում էր հայ ժողովրդին, և իրենից կախվածն արեց ամենատարբեր հարցերում մեր երկրին օգնելու, նրա կողքին լինելու համար:
Իր շրջապատում բոլորը գիտեին, որ, երբ բանը հասնի մեր տարածաշրջանին, բացառված է, որ Շինձո Աբեն մոռանա Հայաստանի բարեկամի իր դերը:
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»: