Թեհրանի կարևոր ուղերձները՝ Երևանում.  տարածաշրջանում իրավիճակը եռում է

Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Հայաստանում էր Իրանի Իսլամական Հանրապետության ամենաառանցքային պաշտոնյաներից մեկը՝ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Նա հանդիպումներ ունեցավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝

  • Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը:
  • Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:
  • ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:
  • Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:
  • Ալի Շամխանին ընդգծել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ, և նշել, որ իր երկիրը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում:

Հարկ է նշել, որ վերջին տասնօրյակում սա ռեգիոնալ ամենակարևոր ու միակ ուշագրավ այցը չէր, քանի որ տարածաշրջանում ակտիվ բանակցային ու կոնտակտային գործընթաց է տարբեր ուղղություններով:

Հունիսի 29-ին Կասպյան գագաթնաժողովի շրջանակում Աշխաբադում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էր ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ, հաջորդ օրը նույն հարթակում Ալիևը հանդիպել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թուրքիայի Սիրիայի հյուսիսում հատուկ գործողության մասին հայտարարությունների ֆոնին հունիսի 27-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը որպես Իրանի ԱԳ նախարար՝ առաջին անգամ այցելել էր Թուրքիա և բարձր մակարդակի բանակցություններ էր վարել Անկարայում, դրան հաջորդել էր հուլիսի 2-ին Աբդոլլահիանի այցն Սիրիա: Իրանի արտգործնախարարը նշել էր, որ Սիրիա իր այցի հիմնական նպատակներից է Սիրիայի և Թուրքիայի միջև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հաստատման համար քայլերի ձեռնարկումը՝ ընդգծելով Իրանի կարևոր հարաբերությունները երկու երկրների հետ: Դամասկոսում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեքդադի հետ կայացած մամուլի ասուլիսում Իրանի ԱԳ նախարարն ասել էր, որ Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում կհանգեցնի տարածաշրջանային անկայունության։

Հուլիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Թուրքիան ՌԴ-ի և Ուկրաինայի հետ հարաբերությունների մասով կշարունակի հավասարակշռված քաղաքականություն վարել:

Հուլիսի 4-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Իրանում էր, դրան նախորդող շաբաթվա ընթացքում Թուրքիայում էր Իրանի ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանը, ով Իրանում Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ Թեհրանում նախատեսված է տարածաշրջանի երեք երկրների՝ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Բացի այդ, Բայրամովն ու Աբդոլլահիանը խոսել էին տարածաշրջանային «3+2» կամ «3+3» պրոյեկտի մասին, ասելով, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում։

Հուլիսի 5-ին ամիսներ տևած բանակցություններից հետո Ֆինլանդիան ու Շվեդիան վերջապես ստորագրեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունները: Գործընթացն արգելափակում էր Անկարան: Ռազմական դաշինքին միանալու համաձայնության դիմաց Անկարան մի շարք պահանջներ է ներկայացրել երկու երկրներին, որոնք նրանց կողմից ընդունվել են: Մասնավորապես նրանք հանձնառություն են ստանձնել, որ սերտորեն կհամագործակցեն հակաահաբեկչական պայքարում, կհանեն դեպի Թուրքիա զենքի արտահանման արգելքն ու կարտահանձնեն Թուրքիայի կողմից ահաբեկիչ համարվող անձանց: Ըստ վերլուծաբանների, այդ ծառայության դիմաց, որը կարող է տեսականորեն վատթարացնել ռուս-թուրքական կապերը, Անկարան Արևմուտքից «պատասխան» է ակնկալում: Էրդողանը Շվեդիայի ու Ֆինլանդիայի կողմից իր պայմաններն ընդունելու քայլը համարում է իր դիվանագիտական հաղթանակը:

Հուլիսի 5-ին Ստրասբուրգում դիմելով Եվրախորհրդարանի անդամներին` Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիան չի դադարում ագրեսիվ պահվածք ցուցաբերել: «Հունաստանն իր ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող որևէ քայլ չի հանդուրժի»,- հայտարարել է Հունաստանի վարչապետը։ Անկարայի և Աթենքի հարաբերությունները կրկին սրվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ Հունաստանի կառավարությունն ընդլայնում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում գտնվող հունական կղզիների ռազմական ենթակառույցները՝ խախտելով 1923 թվականին կնքված Լոզանի պայմանագրի դրույթները։

Հուլիսի 7-ին Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հանդիպել են ինդոնեզական Բալի կղզում մեկնարկած «Մեծ քսանյակի» համաժողովի շրջանակներում: «Բանակցությունների ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ, առանձնացվել է Ուկրաինայի իրավիճակը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նախարարները քննարկել են Մոսկվայի և Անկարայի գործակցությունը Սև ծովում, ինչպես նաև պայմանավորվել համակարգել ջանքերը Ուկրաինայում խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու հարցում։

Նույն օրը հայտնի դարձավ, որ թուրքական հրետանին ռմբակոծել է Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները։ Խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։ Հրետակոծված բնակավայրերը գտնվում են Սիրիայի քրդական ինքնավարության վերահսկողության ներքո։

168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին նախ անդրադարձավ տարածաշրջանում ու աշխարհում թուրքական քաղաքականությանն ու Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի Երևան կատարած այցին:

Նա նշեց, որ Էրդողանի մարտավարությունը մի շարք ուղղություններով՝ գլխավորը՝ Ռուսաստան-Արևմուտք մանևրներում, հաջողություն է արձանագրում:

Ըստ նրա, Էրդողանն այս փուլում ևս կարողացավ Արևմուտքից «պոկել» համաձայնություններ, ինչպես նաև հետագայում որոշ հարցերի վրա «աչք փակելու» պատրաստակամություն:

Ռուս թուրքագետը գտնում է, որ Արևմուտքն Էրդողանի այս քայլի արդյունքում ստիպված է լինելու Թուրքիայի մի շարք որոշումներ ընդունել և չհակադրվել այդ ամենին:

«Ռուսաստանում շարունակում են, իհարկե, հետևել Թուրքիայի մանևրներին և համաձայնությունը շատ ցավոտ չեն ընկալում, ինչպես տեսնում ենք՝ Բալիում շարունակվել են և քննարկվել են բոլոր հարցերը: Էրդողանը գիտի՝ երբ ու ինչ ստանա Ռուսաստանից ու Արևմուտքից, Թուրքիան անկեղծ չէ որևէ մեկի հետ և իր քաղաքականությունն է վարում բացառապես իր շահերի վրա հիմնված, չի անում որևէ քայլ՝ առանց հստակ իմանալու, թե ինչ է ստանում դրա դիմաց: Այս իմաստով Էրդողանը լավ է խաղում բոլորի հետ»,- նշեց Նադեին-Ռաևսկին:

Ինչ վերաբերում է ռեգիոնում Իրանի ակտիվացմանը, ապա Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ, իհարկե, այս օրերի այցերը պատահական չեն:

Ըստ նրա, իրանցի պաշտոնյայի այցը ՀՀ և Հայաստանում փոխանցված ուղերձները կարևոր են այն իմաստով, որ Իրանը փորձում է իրեն դիրքավորել՝ որպես մի երկիր, որի համար կարևոր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Իհարկե, ճկուն դիվանագիտության դեպքում սա հնարավորություն է է՛լ ավելի սերտ աշխատել Իրանի հետ, որը փորձում է էլ ավելի մեծացնել իր կշիռը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Դա են փաստում և ներկայիս շփումները, և սպասվող արտգործնախարարների հանդիպումները: Դա լավ ձևաչափ կլինի, որը հնարավորություն կտա Իրանին նաև տարածաշրջանային վեցակողմ ձևաչափում ակտիվ աշխատել: Պատահական չէ համաձայնությունը՝ հաջորդ վեցակողմ հանդիպումն անցկացնել Իրանում: Սա տուրբուլենտ շրջան է, որում կան և վտանգներ, և հնարավորություններ ճկուն դիվանագիտության համար, սեփական կարմիր գծերն առաջ մղելու և նոր գործընկերներ գտնելու հնարավորություն է թուրանական ծրագրերին դիմակայելու համար: Այսինքն՝ կան հնարավորություններ նույնիսկ այս բարդ իրավիճակում»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս