Հայաստանի ՄԻՊ-ը հրաժարվել է զբաղվել Հադրութից տեղահանվածների հարցերով՝ ուղղորդելով դեպի Արցախի իշխանություններ

Հադրութից բռնի տեղահանվածների հարցերով Հայաստանում չեն զբաղվում՝ ասելով, որ դա քաղաքական հարց է, Արցախը պետք է զբաղվի, իսկ երբ պետք է լինում ինչ-որ բնակավայր հանձնել թշնամուն, վարչապետն է գնում դրա համար բանակցություն վարում։ Այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ, ըստ «Փաստինֆոյի»՝ ասել է հադրութցի Արթուր Ստեփանյանը։

«Երկու տարի է, ինչ անորոշ վիճակում այստեղ ենք, եւ չգիտենք, թե ինչ կարգավիճակում ենք։ Կոնկրետ մեզ դա է հետաքրքրում։ Փաստացի մենք փախստականներ ենք։ Անցել ենք դժոխքի միջով եւ փախել ենք ցեղասպանությունից»,- հայտարարել է հադրութցին՝ նշելով, որ իրենց խուսափում են տալ փախստականի կարգավիճակ։

Նրա արձանագրմամբ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ փախստականները եւ տեղահանվածները պետք է վերադառնան իրենց բնակավայրեր։ Կառավարությունը այս երկու տարվա ընթացքում որեւէ քայլ չի ձեռնարկում փախստականի կարգավիճակ տալու համար ։

«Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում էինք, ներկայացրել ենք մեր պահանջները, ասել ենք, որ մեր հարցով արդեն երկու տարի է չեն զբաղվում։ Լսել են մեզ եւ ասել, որ դա քաղաքական հարց է։ Հիմա էլ ասում են, որ պետք է այդ հարցերով զբաղվի Արցախի Հանրապետությունը։ Այսօրվա դրությամբ, կառավարությունը բազմիցս շեշտում է Արցախին ցուցաբերած ֆինանսական աջակցությունը՝ ասելով, թե Արցախի բյուջեն ավելացրել ենք, երկու անգամ կրկնապատկել։ Միայն սրանով է նա արցախցու կողքին, ուրիշ ոչ մի բանով»,- նշել է ակցիայի մասնակիցը ու ավելացրել՝ «բայց, երբ պետք է լինում ինչ-որ բնակավայր հանձնել թշնամուն, վարչապետն է գնում դրա համար բանակցություն վարում ։

Նրա խոսքերով՝ Արցախում՝ Արայիկ Հարությունյանի մոտ, ծրագիր են մշակում եւ հիմա էլ ուզում են, որ իրենց հարկադիր տեղահանվածի կարգավիճակ տան։

«Բայց, չգիտեմ, իրենք ում հետ են գնացել պայմանավորվել, որ մեզ տեղահանեն այնտեղից։ Ամեն դեպքում մեզ հետ չեն պայմանավորվել։ Թե մենք ինչ պայմաններում ենք ապրում, դա որեւէ մեկին չի հետաքրքրում։ Լինելով բուն հադրութցի՝ կնշեմ, որ երբեւէ այդ հողի վրա ադրբեջանցի չի ապրել»,- ընդգծել է հադրութցին։

Տեսանյութեր

Լրահոս