«Կարծում եմ՝ շատ խիստ սահմանափակումների մասին է խոսքը, եթե որոշել են ոչ թե ինչ-որ ՔՊ-ականի ձեռքով անել, այլ դա հանձնարարել են հեռացող գլխավոր դատախազին». Ռուբեն Մելիքյան

Հուլիսի 4–ին տեղեկություն տարածվեց, որ տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության սահմանման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ կառավարությանը դիմում է հասցեագրել:

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում՝ թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը»,- ասված է դիմումի մեջ:

Ըստ Արթուր Դավթյանի՝ ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահովված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են, և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ:

Հաջորդիվ ներկայացված էր ասվածի գերմանական և ռուսական փորձի ուսումնասիրության արդյունքների ամփոփ նկարագիրը:

«Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը»,- գրված է Արթուր Դավթյանի կողմից կառավարությանը հասցեագրված դիմումի մեջ, որում վերջինս առաջարկել էր նաև կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունն իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:

Արթուր Դավթյանը պատրաստակամություն էր հայտնել նաև ՀՀ դատախազության կողմից աջակցել այդ գործընթացին:

168.am-ն ավելի վաղ գրել էր այս նախաձեռնության վտանգների ու շղարշված իրական նպատակների մասին: Երեկ թեմային անդրադարձ է կատարվել նաև «Ռեվյու» հաղորդաշարի շրջանակներում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ զրույցի ժամանակ: Վերջինիս հարցրեցինք՝ հնարավո՞ր է՝ ԶԼՄ-ներին վերահսկող այս պրոցեսի նախաձեռնությունն իշխանությունները հանձնարարել են երկու ամսից իր պաշտոնավարումն ավարտող Արթուր Դավթյանին, առանց այդ էլ խոցելի Աննա Վարդապետյանին դրան չխառնելու համար:

«Այն, որ կան երկրներ, որ ավելի խիստ վերահսկողության են ենթարկում ինտերնետը, փաստ է: Այս իշխանությունների հակաօրինական, հակաիրավական, հակաազգային գործունեության արդյունքում պահպանված բաներից մեկը ինտերնետի ազատությունն է, որը, իհարկե, բացարձակ չէ: Մենք տեսանք, որ մեկը մի թթու խոսք էր ասում Նիկոլ Փաշինյանին, հաջորդ օրը ոստիկանություն էին կանչում, եթե այդ թթու խոսքն ասվում էր ընդդիմության որևէ ներկայացուցչի, որևէ բան չէր լինում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Վերջինս նշեց՝ ինքը համարում է, որ գլխավոր դատախազի այս հայտարարությունը՝ հաշվի առնելով՝ երբ և ում կողմից է այն բարձրաձայնվել, շատ վտանգավոր է:

«Կարծում եմ՝ շատ խիստ սահմանափակումների մասին է խոսքը գնում՝ հաշվի առնելով այն, որ որոշել են ոչ թե ինչ-որ ՔՊ-ականի ձեռքով անել, այլ դա հանձնարարել են հեռացող գլխավոր դատախազին: Ուրեմն արդեն ունեն գաղափարներ՝ լուրջ սահմանափակումներ մտցնելու հետ կապված, և դրա նախաձեռնման կամ իրացման սև գործը որոշել են այս պահին անել, երբ հեռանում է Արթուր Դավթյանը, և հենց Արթուր Դավթյանի ձեռամբ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ըստ նրա՝ տեքստում էլ թմրանյութերի դեմ պայքարի ձևակերպումն են ներառել, որ նպատակն իրավաչափ լինի:

«Այդ սոուսով էլ կիրականացնեն: Օրինակ, մեկը քննադատական խոսք ասի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի նկատմամբ, անունը կդնեն ատելության խոսք ու պրոցես կնախաձեռնեն»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս