Ինչո՞ւ է Արթուր Դավթյանը պաշտոնավարման ավարտից 2 ամիս առաջ Փաշինյանից գործիքակազմ խնդրում ինտերնետային կայքէջերի դեմ պայքարի համար

Հուլիսի 4–ին տեղեկություն տարածվեց, որ տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության սահմանման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ կառավարությանը դիմում է հասցեագրել:

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում՝ թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը»,- ասված է դիմումի մեջ:

Ըստ Արթուր Դավթյանի՝ ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են, և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ:

Հաջորդիվ ներկայացված էր ասվածի գերմանական և ռուսական փորձի ուսումնասիրության արդյունքների ամփոփ նկարագիրը:

«Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը»,- գրված է Արթուր Դավթյանի կողմից կառավարությանը հասցեագրված դիմումի մեջ, որում վերջինս առաջարկել էր նաև կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունն իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:

Արթուր Դավթյանը պատրաստակամություն էր հայտնել նաև ՀՀ դատախազության կողմից աջակցել այդ գործընթացին:

ՀՀ կառավարությանը գլխավոր դատախազի կողմից հասցեագրված դիմումը, առաջին հայացքից թվում է՝ իրավաչափ նպատակ է հետապնդում, սակայն դրա մասին դատախազության հրապարակումն առաջացնում է մի շարք հարցեր, որոնց պատասխանները դատախազության հրապարակման մեջ առկա չեն։

Սրա մոտիվներն ակնհայտ քաղաքական կարող են լինել՝ քողարկված այլ շղարշով, իսկ թե կոնկրետ ինչ գործողություններով ու լուծումներով կարող են դրան գնալ, հիմա, բնականաբար, առայժմ վերջնականապես հնարավոր չի լինի ասել:

Արդյո՞ք Արթուր Դավթյանը «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով վերջին լավությունն է անում Նիկոլ Փաշինյանին, թե՞ կա հիրավի, ասենք, ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի իրավական գործիքակազմի խնդիր, կհասկանանք առաջիկայում: Հարց է առաջանում միայն՝ այդ ո՞ր իրավապահ մարմինը կամ կառույցը լծակներ չունի ցանկության դեպքում պայքարել վերը նշված արատավոր երևույթների դեմ, և ինչո՞ւ է գլխավոր դատախազը պաշտոնավարման ավարտից 5 րոպե առաջ իրավական գործիքակազմ խնդրում կառավարությունից՝ սոցցանցային շղարշով քողարկված, իսկ իրականում միգուցե ԶԼՄ-ներին տոտալ վերահսկողության համար:

Պատկերացնենք մի իրավիճակ, երբ որևէ լրատվամիջոց գրում է ինչ-որ կոռուպցիոն թեմայի մասին, ու լիազոր մարմինը գրություն է ուղարկում նրան՝ ասելով, որ, օրինակ, հոդվածը կարող է խանգարել X քրեական գործին: Լրատվամիջոցը հրապարակումը հեռացնում է, որ չտուգանվի, սակայն երրորդ անձը կարող է  մտածել՝  կոռուպցիոներից նյութական շահագրգռության առկայության պարագայում է հեռացվել: Իսկ եթե չես հեռացնում, բնականաբար, տուգանվում ես:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազության և ՀՀ կառավարության միջև պաշտոնական գրագրությունը ենթադրաբար կրում է կայուն բնույթ, պարզ չեն այն պատճառները, որոնցից ելնելով՝ դատախազությունը որոշել է հրապարակել գլխավոր դատախազի կողմից ՀՀ կառավարությանը հասցեագրված  նշված դիմումը ներկայացնելու փաստը։

168.am-ի հետ զրույցում փաստաբան Նարեկ Ալոյանը, ում տևական ու հետևողական ջանքերի արդյունքում ի վերջո, դատախազությունը քրեական գործ հարուցեց տելեգրամյան ալիքներով ապօրինի ազատ թմրաշրջանառության դեպքերի առթիվ, ասաց, որ վերոնշյալ երևույթը վերլուծելու համար նախ անհրաժեշտ է արձանագրել, թե ո՞ւմ կողմից է կատարվել հրապարակումը, ի՞նչ ժամանակաշրջանում և ի՞նչ նպատակով։

«Ինքնին այն հանգամանքը, որ հրապարակումը կատարվել է դատախազության կողմից, առերևույթ խոսում է այն մասին, որ դատախազությունը քրեական արդարադատության բնագավառում օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով ունի գործնական խնդիրներ։ Այլ խոսքով՝ դատախազությունն ասում է՝  չեմ կարողանում աշխատել, կամ բավարար արդյունավետ չեմ աշխատում, որովհետև գործիքակազմ չունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։

Նման պայմաններում, ըստ նրա, պետք է ենթադրել, որ այժմ դատախազությունն ունի գործնական խնդիրներ, որոնք չի կարողանում լուծել, կամ առկա են սահմանված նպատակներ, որոնց կենսագործումը օրենսդրական կարգավորումների, այսինքն՝ որոշակի գործիքակազմի բացակայության պատճառով, դատախազությունը հնարավոր չի համարում։

«Առկա խնդիրների կամ ենթադրյալ ապագա նպատակների մասին դատախազության հայտարարության մեջ ոչինչ նշված չէ, ինչը ստիպում է առավել խորությամբ դիտարկել հայտարարության հրապարակման ժամանակաշրջանը։ Քաղաքական առումով Հայաստանը գտնվում է բավականին յուրահատուկ ժամանակաշրջանում։ ՀՀ Ազգային ժողովում գործում են երկու ընդդիմադիր ուժեր, որոնք գործող իշխանության դեմ դուրս են եկել «փողոցային պայքարի», և նշված ուժերի՝ Խորհրդարան վերադառնալու մտադրության մասին որևէ փաստական տվյալ առկա չէ։ Նման իրավիճակն իր զգայուն բնույթով առավել ընդգծում է երկրում խոսքի ազատության ցանկացած սահմանափակման օբյեկտիվ հիմքերի և իրավաչափ նպատակների անհրաժեշտության թափանցիկ պարզաբանումը, սակայն, ինչպես արդեն նշեցի, դատախազության հայտարարությունը չի ներառում մի շարք զգայուն հարցերի պատասխաններ, այսինքն՝ առնվազն համոզիչ չէ»,- ասաց Նարեկ Ալոյանը՝ հավելելով, որ նման պայմաններում կարող ենք արձանագրել՝ ժողովրդավարության տեսանկյունից դատախազության հայտարարության նման ձևաչափը կարող է առաջացնել որոշակի մտահոգություններ։

Փաստաբանի խոսքով՝ պակաս կարևոր չէ դատախազության կողմից հետապնդվող նպատակներին հասնելու տեսանկյունից նշված հրապարակման կատարման անհրաժեշտության հարցը։

«Դատախազությունն առերևույթ ունի խնդիր, որն ինքնուրույն լուծել չի կարողանում, և գլխավոր դատախազը օգնության խնդրանքով դիմել է կառավարությանը։ Առաջին հայացքից սովորական աշխատանքային գործընթաց է, ուստի պարզ չէ, թե ինչո՞ւ է դատախազությունը որոշել հանրայնացնել այդ գործընթացը։ Այս հարցի մեկնաբանությունները տարբեր կարող են լինել։ Ոմանք կարող են ասել, որ միգուցե դատախազությունն այս կերպ ցանկանում է ենթադրյալ խնդիրների համար պատասխանատվությունը փոխանցել կառավարությանը։ Ոմանք կարող են ասել, որ հայտարարությունը հանրային տրամադրությունների, իրավապաշտպանների և լրատվամիջոցների զգոնության ստուգման փորձ է։ Ոմանք էլ կարող են ասել, որ հայտարարությունը նախազգուշացում է իշխանության կարծիքից տարբերվող կարծիք ունեցող լրատվամիջոցներին։

Կարծիքները կարող են տարբեր լինել, բայց անկախ այդ կարծիքների տարբերությունից, հիմնավոր կամ անհիմն լինելուց, մի բան աներկբա է՝ երկրի գլխավոր դատախազի կողմից կառավարությանը գրավոր դիմելու մասին դատախազության հայտարարությունն իր բովանդակությամբ տարընկալումներ չպետք է առաջացնի՝ հատկապես նման զգայուն քաղաքական իրավիճակում»,- նշեց Նարեկ Ալոյանը՝ հավելելով, որ նման պայմաններում հնարավոր շահարկումները կանխելու, իսկ քննարկումներն արդյունավետ դարձնելու նպատակով առավել արդյունավետ կլինի, եթե գլխավոր դատախազը կամ կառավարությունը հրապարակեն գլխավոր դատախազի դիմումի ամբողջական տեքստը։

Տեսանյութեր

Լրահոս