«Ցուցանիշը հասել է 25-28-ի, չի տատանվում. դատական նիստ չնշանակելու ձգձգումները կրկին քաղաքական մոտիվացիա ունեն». Ալեքսանդր Կոչուբաև

Երեկ կալանավորված ընդդիմադիր գործիչ Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

168.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Կոչուբաևը հաստատեց՝ Նարեկ Մանթաշյանը տառապում է շաքարային դիաբետով, հիվանդությունն ունի ծանր ընթացք:

«Ցուցանիշը հասել է 25-28-ի, չի տատանվում: Բժշկական միջամտությամբ մաքսիմալ կարողանում են իջեցնել մինչև 15, ինչը կրկին ծայրահեղ բարձր է: Բայց դա ընդամենը մեկ օր է տևում, իսկ ինսուլինային կախվածությունը հասել է օրական 80 մլգ-ի: Համեմատության համար նշեմ, որ 60 մլգ ինսուլինային կախվածության պարագայում արդեն իսկ առկա է կալանավորման հետ անհամատեղելիություն, իսկ Նարեկի պարագայում 80 է»,- ասաց պաշտպանը:

Նրա խոսքով՝ այս խնդիրների հաշվառմամբ իրենք դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդություն են ներկայացրել, որպեսզի նշանակվի փորձաննություն ու քննարկվի կալանավորման հետ համատեղելիության հարցը, սակայն դատարանը՝ ի դեմս Կարեն Ֆարխոյանի, արդեն 10 օրից ավելի նիստ չի գումարում, որպեսզի այդ հարցը քննարկի:

«Ի պատասխան մեր զանգերի՝ ամեն օր ասում են, որ դիմումը հենց այսօր են ստացել, ընթացքի մեջ է, քննարկվում է: Համեմատության համար նշեմ, որ մյուս քաղաքական գործերով այս փորձաքննությունները շատ արագ-արագ նշանակվել ու կատարվել են, ինչը նշանակում է, որ Նարեկ Մանթաշյանի նկատմամբ վերաբերմունքը խիստ առանձնահատուկ է, քանի որ մեր միջնորդությունը խիստ տեխնիկական բնույթի ինչ-որ գործընթաց է իրենից ենթադրում, ու այս ձգձգումները կրկին քաղաքական մոտիվացիա ունեն: Այլ պատճառաբանություն մենք չենք գտնում»,- եզրափակեց Նարեկ Մանթաշյանի պաշտպանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն արդեն դուրս է գրվել քաղաքացիական բուժհաստատությունից և գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը կալանավորվել է 2021թ. դեկտեմբերի 15-ին՝ 2020թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրին հաջորդած իրադարձություններից մեկ տարի հետո: Միջնորդությունը ներկայացրել էր ԱԱԾ քննիչը:

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ «քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Նարեկ Մանթաշյանը, մասնակցելով ՀՀ կառավարության թիվ 1 շենքում կատարվող զանգվածային անկարգություններին, երրորդ հարկի միջանցքից բացահայտ հափշտակել է փայտյա ձողին ամրացված՝ շուրջ 55,000 ՀՀ դրամ արժողությամբ ՀՀ դրոշը և այն դուրս բերել շենքից»:

Հենց այս դրվագն է պատճառը, որ Նարեկ Մանթաշյանի վերաբերյալ քրեական գործը ստացել է «դրոշի գործ» անունը:

Տեսանյութեր

Լրահոս