Ինչի՞ց հետո և ի՞նչ օրակարգով է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ժամանում Հայաստան

Այսօր Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: ՀՀ ԱԽ գրասենյակից օրերս հայտնել են, որ այցը  ՀՀ ԱԽՔ հրավերով է և աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ երկու երկրների ԱԽ քարտուղարների միջև: Ըստ որոշ աղբյուրների, իրանցի բարձրաստիճան անվտանգային պաշտոնյան Երևան այցից հետո լինելու է կովկասյան այլ երկրներում ևս:

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Ալի Շամխանիի այցը Երևան տեղի է ունենալու՝ ինչպես աշխարհաքաղաքական ինտենսիվ Իրան-Արևմուտք բանակցությունների ակտիվ փուլի մեկնարկի, այնպես էլ՝ տարածաշրջանային ակտիվ զարգացումների ֆոնին:

Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ անակնկալ այցով Թեհրան էր ժամանել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և հանդիպել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, իրանցի այլ պաշտոնյաների, ինչպես նաև Ալի Շամխանին: Բանակցությունների հիմնական թեման Իրանի միջուկային պայմանագրի վերականգնումն էր, մասնավորապես, բանակցային գործընթացը փակուղուց հանելու ուղիներ գտնելը։ Ըստ էության Բորելի այցի ընթացքում ԵՄ-ն կարողացավ որոշակիորեն հաղթահարել բանակցություններում ստեղծված փակուղային իրավիճակը, քանի որ այս այցի ընթացքում որոշում կայացվեց Կատարում անուղղակի բանակցություններ անցկացնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև:

«Բանակցությունների անցկացման համար Իրանն ընտրել է Կատարը՝ Դոհայի և Թեհրանի միջև առկա բարեկամական կապերի պատճառով»,- իրանական ISNA գործակալությանն օրերս հայտնել էր միջուկային գործարքի շուրջ բանակցություններում Իրանի գլխավոր ներկայացուցչի մեդիախորհրդատու Մոհամմադ Մարանդին։

Արևմուտքը հույս ունի, որ Կատարի բանակցությունները կդառնան Վիեննայի բանակցությունների շարունակությունը:

Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնայի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Իրանը լրջորեն է տրամադրված իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ համաձայնության հասնելու հարցում։ «Դիվանագիտության ճանապարհը բաց է: Մենք լրջորեն և ազնվորեն հաստատակամ ենք վերջնակետին հասնելու և ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ կայուն համաձայնության հասնելու հարցում»,- Իրանի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ Թեհրանը միշտ հավատարիմ է մնացել իր պարտավորություններին և հակառակ կողմից ակնկալում է նմանատիպ վարքագիծ։ Աբդոլլահիանը նաև նշել է, որ Թեհրանը դրական է գնահատում Դոհայում կայացած բանակցությունները։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը Կատարի մայրաքաղաք է ժամանել՝ «առանց նախաձեռնության և առաջընթացի հասնելու պատշաճ ցանկության»։ Թեև բանակցություններ և հանդիպում հաջողվել է, սակայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ իր հերթին է ապակառուցողական մոտեցում արձանագրել Իրանի դեպքում, նշելով, որ Դոհայում ամերիկյան կողմի հետ վերջին բանակցությունները ցույց են տվել, որ Իրանը հրաժարվում է օգտագործել «լավ համաձայնագիր» կնքելու հնարավորությունը: «Մենք կշարունակենք սերտ համակարգումը մեր գործընկերների հետ և ջանքեր կգործադրենք, որպեսզի փորձենք Իրանին վերադարձնել խելամիտ դիրքորոշման»,- հավելել է Մակրոնը:

Սակայն աշխարհաքաղաքական ու Իրան-ԱՄՆ բանակցություններից վերադառնալով հարավկովկասյան և հայաստանյան զարգացումներին՝ նշենք, որ Շամխանիի այցը Հայաստան տեղի է ունենում Բորելի իրանական բեկման և Իրանի շուրջ աշխարհաքաղաքական վերադասավորումների ընթացքում:

«168 Ժամ»-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Իրանի նկատմամբ աշխարհաքաղաքական շահագրգռությունը, հատկապես ԵՄ-ի ու ԱՄՆ-ի մոտ, բնականաբար, սկսում է աճել ուկրաինական պատերազմի ու ՌԴ առևտրատնտեսական, էներգետիկ մեկուսացման պայմաններում, երբ Իրանը սկսում է մի շարք կենտրոնների համար կարևորվել իր ռեսուրսներով, նույնիսկ դիտարկվելով որոշ հարցերում որպես այլընտրանք Ռուսաստանին: Ըստ նրա, այս շահերով էր պայմանավորված Բորելի այցը, արագ համաձայնությունը՝ բանակցություններ սկսել Իրանի ու ԱՄՆ-ի միջև Դոհայում:

«Դեռ գործընթացը նոր է, հանդիպումների շարքը սկսվել է կոշտ դիրքորոշումներով, յուրաքանչյուր կողմ ակնկալում է, որ հակառակորդը պետք է անի զիջումը, սակայն, կարծում եմ, ԱՄՆ-ը պետք է տեղի տա, Իրանը մշտապես հայտնել է իր հստակ դիրքորոշումը և համաձայնագիրը վերականգնելու ցանկությունը: Սակայն ԱՄՆ-ը կոնկրետ համաձայնագիր է ներկայացնում՝ առանց հաշվի առնելու Իրանի դիրքորոշումները: Մենք ներկայումս տեսնում ենք շահերի կողմից առաջ մղվող գործընթաց, կոնկրետ իրավիճակում դեռևս կոնսենսուսի հանգելու հարցում բարդություններ կան, սակայն կա լավատեսություն, քանի որ իրավիճակը աշխարհում բարենպաստ է, որպեսզի կողմերը քայլեր իրականացնեն և որոշ զիջումներ անեն, որը հետագայում կդյուրացնի և՛ Իրանի իրավիճակը՝ տնտեսական, ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական առումով, և՛ Արևմուտքի, ինչից Ռուսաստանն այլընտրանքներ կստանա մի շարք իմաստներով: Եվս մեկ կարևոր հանգամանք․ Բորելի այցին նախորդեցին ռուս-իրանական բազմամակարդակ բանակցությունները, որոնցից կարևոր էին Լավրով-Աբդոլլահիան բանակցությունները, որոնք վստահաբար վերաբերել են նաև Արևմուտքի առաջարկներին ու սպասվող բանակցություններին ու աշխարհում Իրանի որոշակի նոր դերին: Այստեղ, ի տարբերություն նախկինի՝ որոշակի համաձայնություն է նկատվում:

Եվ այս ամենից հետո Շամխանիի այցը Հայաստան ու այլ երկրներ հետաքրքիր է թվում: Կարծում եմ՝ նրա երևանյան հանդիպումներն ունեն աշխարհաքաղաքական կոնտեքստ, ինչպես նաև դրանցում ներառված տարածաշրջանային խնդիրներ, որոնք վերաբերում են սահմանների, նոր ճանապարհների, դրանց կարգավիճակի, տարածաշրջանային անվտանգային հարցերին, Հյուսիս-Հարավին և սպասվող նոր ծրագրերին, էներգետիկ համագործակցությանը: Այսինքն՝ չափազանց լայն օրակարգ կարող է լինել, թե կողմերը կոնկրետ ի՞նչը կքննարկեն՝ բարդ է ասել, սակայն կա ահռելի օրակարգ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով»,- նշեց վերլուծաբանը:

Իր հերթին՝ իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը մեզ հետ զրույցում ասաց, որ, ինչպես հասկանում է՝ Ալի Շամխանին առանձին անվտանգային հարցերով չի զբաղվում։ Նա զբաղվում է բոլոր այն մեծ խնդիրներով, որոնք ազդում են անվտանգության վրա: «Բնականաբար, հասկանալու համար՝ պետք է նշել նրա հանդիպումը Բորելի հետ և անընդհատ անդրադարձերը միջուկային համաձայնագրի բանակցությունների թեմային:

Շամխանի-Բորել հանդիպումը և՛ սուր էր, և՛ դիվանագիտական, նա հայտնեց, որ իրանցի ժողովրդի շրջանում որոշակի հիասթափություն կա այդ գործարքից ու Արևմուտքի տրամադրվածությունից, բայց միևնույն ժամանակ նա նշեց, որ Իրանը պատրաստ է վերակենդանացնել, եթե կա կամք Արևմուտքի մոտ: Ինչ վերաբերում է Հայաստանին, Իրանը Հայաստանի առնչությամբ իր որևէ դիրքորոշում չի փոխել, Հայաստանի շուրջ ևս գործընթացները բավականին ինտենսիվ են, ըստ էության, գրեթե նույն խաղացողները, ինչ Իրանի դեպքում, քանի որ Հայաստանն ու Իրանն ապրում են աշխարհաքաղաքական նույն միջավայրում, ազդվում են աշխարհաքաղաքական նույն միտումներից, որոնցում ունեն նույնական անվտանգային շահեր: Այս իմաստով Շամխանիի այցը կարևոր է։ Կարծում եմ՝ բավականին կարևոր հարցեր են քննարկվելու՝ ավելի շատ աշխարհաքաղաքական բնույթի, ինչպես նաև ՀՀ-ի անվտանգային մարտահրավերները, որոնք բավականին շատ են, և դրանց վերաբերյալ Իրանը երբեք անտարբեր դիրքորոշում չի ունեցել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս