Վերցնել ամբողջ գործադիր իշխանությունը՝ ունենալով վարչապետի թեկնածու. ինչու է ՔՊ-ն լքել Տիգրան Ուլիխանյան
Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Տիգրան Ուլիխանյանը վստահեցնում է՝ այս կուսակցության միջոցով այլևս չի կարողանում իր ցանկություններն իրականացնել. այդ հարցում կա խոչընդոտ, ուստի հիմա է որոշել հեռանալ թիմից, և ոչ թե՝ 2020 թվականի պատերազմից հետո։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իշխող թիմից իր հեռանալու պատճառների մասին, ասաց Տիգրան Ուլիխանյանը՝ ավելացնելով.
«Ես ինքնաիրացվելու իմ հնարավորությունից հիմա զրկվել եմ, և ինձ այլ բան չէր մնում անել, քան փնտրել այլ հարթակներ»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդեն նախկին անդամը, որը 44-օրյա պատերազմի վերջնարդյունքը համարում է ոչ թե պարտություն, այլ պատերազմի ցավալի հետևանք, պնդում է՝ թեև թիմից հեռացել է, բայց Փաշինյանին չի մեղադրում։
Ըստ նրա՝ սխալ է Նիկոլ Փաշինյանին այդ հետևանքների մեջ մեղադրելը, որովհետև դա հետևանք էր 30 տարվա քաղաքականության։
«Պատերազմը կանխատեսելի էր, բայց մենք դրան չենք նախապատրաստվել. գուցե ամբողջական տեղեկատվություն չի եղել, դրա համար։ Դրանով հանդերձ, սակայն, այն դիրքերում, որոնք դիտարկվել են՝ որպես առաջնային թիրախ, դրանք նախապատրաստվել են պատերազմի։ Այո՛, բոլորն են կրում պատասխանատվություն, և դրանից որևէ կերպ չես կարող խուսափել՝ անգամ թիմից ելնելով, բայց այն ժամանակահատվածում, երբ ես եղել եմ ԱԺ պատգամավոր, ես իմ քաղաքական թիմի համար հպարտացել եմ, ուստի փարիսեցիություն է ամբողջ ծանրությունը թողնել մեկի վրա։
Դա անարդար է, նույնիսկ, եթե այդ մարդն իր վրա վերցնի կատարվածի ողջ ծանրությունը, մեկ է՝ դրանից երկիրն այս հետևանքներից հանել չի լինի»,- ասաց Ուլիխանյանը՝ շեշտելով՝ պատերազմի արդյունքում ունեցել ենք ցավալի հետևանքներ, և դա անհերքելի է։
Ցավալի հետևա՞նք, թե՞ հայրենազրկո՞ւմ՝ հարցին ի պատասխան՝ Ուլիխանյանը արձագանքեց.
«Հայրենազրկում մենք դեռ չենք ունեցել, ցավալի հետևանք է, իսկ հայրենազրկում կունենանք, եթե չկռվենք»։
Ուլիխանյանը նշեց, որ հենց այդ կռիվը ծավալելու համար է, որ ինքնուրույն քաղաքական պայքար է ծավալելու, եթե պետք լինի՝ սեփական կուսակցությունը ստեղծելու միջոցով։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ ինքն էլ մի քաղաքական ուժ ստեղծի և հայտնվի Փաշինյանի ձևավորած արտախորհրդարանական այն ձևաչափում, որի կազմում է, օրինակ, ՊՎԾ նախկին պետ, քրեական գործով անցնող Դավիթ Սանասարյանը, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.
«Իմ պլանների մեջ այդպիսի բան չկա, ես տեսնում եմ ամայի տարածք՝ ընդդիմադիր դաշտում։ Իշխանություն վերցնելու սեփական նախաձեռնողականությունն այսօր գործող ընդդիմադիրների կողմից ինձ համար տեսանելի չէ։ Իշխանությունը պետք է ունենա հակակշիռ, որը չունի, իսկ եթե չունի, դա նշանակում է, որ իշխանական մեքենայի արգելակները չեն աշխատում, ինչը մահացու վտանգավոր երևույթ է։ Ինքս այս քաղաքական մեծամասնության հետ համագործակցության հնարավորություն էլ չեմ տեսնում նաև դրա համար»,- ասաց Ուլիխանյանը՝ նշելով՝ իր առաջնային խնդիրն է՝ անել այնպես, որ այդ արգելակներն աշխատեն։
Ըստ Ուլիխանյանի՝ իր նպատակն է՝ ձևավորել կուսակցություն, կամ անդամակցել այնպիսի մի քաղաքական ուժի, որը հստակ կունենա հետևյալ նպատակը․
«Պետք է քայլեր ձեռնարկել ամբողջ գործադիր իշխանությունը վերցնելու համար՝ ունենալով վարչապետ դառնալու հավակնություն»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում