«Ի՞նչ կարող ենք անել, եթե պահը գա ու պետք լինի, մենք բնակիչներին պետք է տեղավորենք». Հին Շենի գյուղապետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն օրերս ասել էր, որ այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։

Նա նաև ասել էր, որ թե՛ Բերձորի, թե՛ Աղավնոյի բնակիչներն օգտվում են այն նույն արտոնություններից, որոնք սահմանված են տեղահանվածների համար։

«Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե, ի վերջո, հարցը հասնի դրան, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին Շեն և Մեծ Շեն համայնքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որոնք գործում են մյուս տեղահանվածների մասով։

Հնարավոր է նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում։ Այս պահին հարցերը շատ են»,- ասել էր Արցախ ՄԻՊ գեղամ Ստեփանյանը։

168.amի հետ զրույցում Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանն արձագանքելով այս հայտարարությանը՝ ասել էր, թե Արցախի ՄԻՊ-ն ի՞նչ իրավական հիմքերով է նման բաներ ասում, ավելին, իրենք որևէ պարագայում չեն պատրաստվում թողնել Աղավնոն, քանի որ այն իրենց հողն է։

168.amՀին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանից հետաքրքրվեց, թե պատերազմից հետո Հին Շենն ի վիճակի՞ է ընդունել Աղավնոյի բնակիչներին՝ նրանց հնարավոր տեղափոխության դեպքում։

«Ի՞նչ կարող ենք անել, եթե պահը գա ու պետք լինի, մենք բնակիչներին պետք է տեղավորենք։ Այդ հնարավորությունները պետք է ստեղծենք ու տեղավորենք»,- նշեց Հին Շենի գյուղապետը։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո Շուշիից տեղահանված մի քանի  ընտանիքներ տեղավորվել էին Հին Շենում, սակայն որոշ ժամանակ անց նրանք դուրս են եկել գյուղից, այլ գյուղ են տեղափոխվել։

«Այդ պահին գյուղում բնակվում է մեկ ընտանիք՝ Թալիշից տեղահանված»,- նշեց Սամվել Սարգսյանը։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները մշտապես իրենց թիրախում էին պահում Հին Շենը՝ ցանկանալով գյուղը դատարկել բնակիչներից և այն վերցնել իրենց հսկողության տակ։ 2020 թվականի դեկտեմբերին գյուղը շրջափակման մեջ էր, բոլոր ճանապարները փակ էին, միայն տեղում գտնվող հայ զինվորների, կամավորների և ռուս խաղաղապահների միջոցով էր հաջողվել ապաշրջափակել գյուղի ճանապարհը։

Տեսանյութեր

Լրահոս