Որքա՞ն ռեսուրս են պահանջելու կրթական նոր բարեփոխումները
Վերջին շրջանում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը հանդես է գալիս բազմաթիվ առաջարկներով, որոնց իրագործումը հսկայական ֆինանսական և այլ ռեսուրսներ է պահանջում։
Մի կողմից՝ ուրախալի է, որ ԿԳՄՍ նախարարությանը հաջողվել է կոտրել Ֆինանսների նախարարության դիմադրությունը։ Նշեմ, որ տասնամյակներ շարունակ Ֆինանսների նախարարությունը կասեցնում էր կրթության լրացուցիչ ֆինանսավորում պահանջող շատ ծրագրեր՝ պատճառաբանելով բյուջեում ֆինանսների բացակայությունը։ Բայց, մյուս կողմից, կա մտահոգություն առաջարկվող նոր ծրագրերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության հարցում։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է, որ մինչև 2026թ. հիմնանորոգելու է 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ Այս նախաձեռնությունն ահռելի ֆինանսական միջոցներ է պահանջում։ Մեր բյուջեն ունի՞ այս գումարը։ Կա՞ հաշվարկ, թե ինչպես են ապահովվելու այս ահռելի միջոցները։
Մյուս հավակնոտ նախաձեռնությունը կամավոր ատեստացիան է։ Այստեղ նախարարությունը կամավոր ատեստացիան հաղթահարած ուսուցիչներին առաջարկում է 260-300 հազար դրամ աշխատավարձ։ Այս պահին շուրջ 500 ուսուցիչ է նման աշխատավարձ ստանում։ Բայց շատ հնարավոր է, որ 2023թ.-ին ուսուցիչների թիվը դառնա մի քանի հազար։ Ունե՞նք կանխատեսում, որ մեր տնտեսությունն ի վիճակի է ապահովել այս աշխատավարձերի վճարումը։
Առաջիկայում դպրոցներն ունենալու են վարչատնտեսական համակարգողներ։ Սա նույնպես պահանջելու է ֆինանսական միջոցներ, ինչը, ըստ ամենայնի, ապահովվելու է փոխտնօրենների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու հաշվին։ Բայց այստեղ մի խնդիր էլ կա։ Եթե մենք ատեստավորված ուսուցչին վճարում ենք 260-300 հազար դրամ, իսկ տնօրենին և փոխտնօրենին՝ այդ գումարի կեսի չափ, ապա դպրոցում առաջանալու է անարդարություն։ Ստացվելու է, որ ավելի պատասխանատու աշխատանք կատարող մարդիկ ցածր են վարձատրվելու։ Եթե նախարարության շարքային աշխատողին ավելի բարձր վճարենք, քան փոխնախարարին ու նախարարին, ապա ոչ ոք չի ուզենա դառնալ ղեկավար։
Հետևաբար, եթե նախարարությունը տնօրենների ու փոխտնօրենների աշխատավարձը կտրուկ չբարձրացնի, ապա շատերը չեն ուզենա այդ աշխատանքը կատարել։ Ուրեմն՝ նախարարությունը հաջորդ տարվանից պետք է մտածի դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, անգամ նախարարության վարչության պետերի, բաժնի պետերի, մասնագետների աշխատավարձը բարձրացնելու մասին։
2023-2025թթ. բյուջետային հայտով նախարարությունը ցանկանում է հավելավճարներ սահմանել փոքրաքանակ աշակերտներ ունեցող դպրոցների, ինչպես նաև բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար, բացի Մաթեմատիկայի ուսուցիչներից։ Սա նույնպես ենթադրում է բավականին մեծ ֆինանսական ներդրումներ։ Իհարկե, նման քայլերը միջազգային պրակտիկայում ընդունված են։ Երբ ունես ուսուցիչների պակաս, ստիպված ես լրացուցիչ ֆինանսներ հատկացնել։ Բայց, իհարկե, այս քայլը դպրոցների ներսում ստեղծելու է անարդարության զգացում։ Ստացվելու է, որ ուսուցիչների մի մասն այլ սանդղակով է վճարվելու, մյուս մասը՝ այլ սանդղակով։
Թերևս, ամենամեծ ռեսուրսը պահանջելու է դասարաններում աշակերտների թիվը նվազեցնելու որոշումը։ Այստեղ պահանջվելու են ոչ միայն ահռելի ֆինանսական ռեսուրսներ, այլև մարդկային ռեսուրսներ, որոնք գտնելը շատ դժվար է լինելու։ Մասնագետների կարծիքով, դասարաններում աշակերտների թվի նվազեցումը կարող է պահանջել ուսուցիչների թվի 30-50% ավելացում։ Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է լինելու առնվազն 10 հազար նոր ուսուցիչ։ Որտեղի՞ց են այդ ուսուցիչները հայտնվելու՝ դժվար է ասել, եթե ի նկատի ունենանք, որ հիմա էլ ուսուցիչների պակաս ունենք։
Նույնիսկ, եթե քանակն ապահովենք, ի՞նչ երաշխիք կա, որ նրանք որակյալ ուսուցիչներ կլինեն։ Եվ վերջապես, պետք է այդ ուսուցիչների աշխատավարձի խնդիրը լուծել։ Առաջանալու է նաև դպրոցներում դասարաններ, մարզադահլիճներ վերանորոգելու և կառուցելու կարիք։
2023թ. Հայաստանի բոլոր դպրոցներում ներդրվելու են նոր չափորոշիչները։ Այս չափորոշիչների համաձայն, բոլոր դպրոցների ավագ դասարաններում աշակերտները հնարավորություն են ունենալու ձևավորել իրենց անձնական դասացուցակը։ Սա նշանակում է, որ եթե 1 աշակերտ ցանկանում է Աշխարհագրություն առարկան շաբաթական 8 ժամով ուսումնասիրել, ապա պետությունը պետք է ֆինանսավորի մեկ աշակերտի հետ աշխատող ուսուցչին։ Պարտադիր է դառնում նախագծային աշխատանքը, որն ուսուցչից պահանջելու է արտադասարանական ծանրաբեռնվածություն։ Հետևաբար՝ նախագծային աշխատանքներ ղեկավարելու համար ուսուցիչներին պետք է հատկացվի լրավճար։
Մյուս նորամուծությունն այն է, որ նախարարությունը սահմանում է դպրոցների լաբորատորիաների պահպանման ծախսեր։ Սա նույնպես շատ կարևոր և դրական առաջարկ է։ Բայց նորից գումարներ է պահանջելու։
Իհարկե, շատ լավ է, որ կրթության ոլորտին լրացուցիչ գումարներ հատկացնելու ցանկություն կա։ Վերոնշյալ ծախսերի մեծ մասն արդարացված են։ Բայց հասկանալի չէ, արդյո՞ք մեր տնտեսությունը կարող է այս գումարները հատկացնել։ Եթե այս գումարները չհատկացվեն, ապա մեր կրթական համակարգը կարգի բերելու հնարավորություններ չենք ունենա։ Միջազգային պրակտիկայում ընդունված է բարեփոխումների փաթեթ հայտարարելիս անպայման ներկայացնել դրա արժեքը։ Այսինքն՝ պետք է հստակ հայտարարվի, թե որ փոփոխության համար ինչքան գումար և որ թվականին է հատկացվելու։