Ալիևն ու Հասանովը կրկին սպառնում են. ինչո՞վ է զբաղվում Հայաստանը
ՀՀ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելու պատրաստակամության ֆոնին, վերջին օրերին ռազմատենչ ու սուր հայտարարություններ են հնչում Ադրբեջանից ու Թուրքիայից: Զուգահեռաբար՝ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները հայկական կողմին կոչ են անում բացել, այսպես կոչված, Զանգեզուրի ճանապարհը, սահմանազատել և սահմանագծել սահմանները:
Իլհամ Ալիևն այցելել էր Քարվաճառ, որտեղ նոր զորամասի բացման ժամանակ հայտարարել էր, թե Բաքուն ամենաարդիական զենքի գնման նոր պայմանագրեր է կնքել։ Ավելին՝ նա սպառնացել է՝ նշելով․ «Եթե Հայաստանը կառչած մնա սահմանազատման հարցում իր նախկին տակտիկային և փորձի ժամանակ ձգել, ապա կփոշմանի»։
Նա հավելել է, որ ՀՀ-ի հետ սահմանին գտնվող Ադրբեջանի դիրքերն «էլ ավելի կամրացվեն»։ «Այդ պայմանագրերն արդեն կյանքի են կոչվում և Ադրբեջան է ներկրվում նոր զենք և ամենաժամանակակից տեխնիկա»,- Քարվաճառում ասել է Ալիևը։
Նա նշել է, որ հետևում է «ռևանշիստական ուժերի գործողություններին, որոնք ցանկանում են գլուխ բարձրացնել Հայաստանում»։
Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ հայտարարել է բանակի թվաքանակի ավելացման մասին։ Նրա խոսքով, երկրի Զինված ուժերի կազմում ստեղծվել են հատուկ նշանակության օպերատիվ ստորաբաժանումներ և Պաշտպանության ազգային համալսարան։
«Այդ ստորաբաժանումների զինծառայողները նախապատրաստական դասընթացներ են անցել Թուրքիայում։ Նորամուծությունների հետևանքով ստեղծվել է նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնական կենտրոն»,- «Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Հասանովը։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո նախագահ Ալիևը հանձնարարել է երկրի բանակը դուրս բերել նոր մակարդակի՝ «որպես մոդել ընդունելով Թուրքիայի Զինված ուժերը»։ Նա նաև խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծում իրավիճակից և հակամարտության գոտում տիրող իրավիճակից՝ ասելով, որ իբրև թե հակառակորդի գործողություններին պատասխանում են: Թուրքիայից Իբրահիմ Քալընը և Մևլյութ Չավուշօղլուն ևս վերջին երկու օրվա ընթացքում անդրադարձել են ՀՀ-ից ակնկալվող քայլերին:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Ադրբեջանը ոգևորված է այն հանգամանքից, որ ուժի վրա շեշտը դնելով՝ կարողացել է հաղթել պատերազմը և առաջ մղել իր քաղաքականությունը:
Սա, նրա խոսքով, պայմանավորում է Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը: Խրամչիխինի որակմամբ, Ադրբեջանը հասկանում է, որ քննարկվող հարցերը հայկական կողմի համար բարդ բնույթ ունեն, և որոշումներն արագ չեն կայացվում, ուստի Ադրբեջանը չի ցանկանում սպասել:
«Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանը գուցե տրամադրված լինի երկարաձգել գործընթացները, քանի որ պատերազմից հետո ամենալավ դիրքերում չէ, իսկ ժամանակը հատկապես այսօր կարող է շատ բան փոխել: Իսկ թե ինչու չի ցանկանում սպասել, սա ևս ունի բացատրություն, իսկ բացատրությունն այն է, որ բարդ է նաև կանխատեսել, թե մի քանի ամիս անց աշխարհն ինչ տեսք է ունենալու, գերտերություններն ինչ ազդեցություն ու ինչ շահեր են ունենալու: Գուցե վաղն այնպիսի իրավիճակ ստեղծվի, որը հակասության մեջ լինի ադրբեջանական շահերի հետ: Ինչպես տեսնում ենք, ներկայումս Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվ աշխատում են իրենց գործընկեր երկրների հետ, ոչ միայն Ռուսաստանի, այլև Ղազախստանի, Վրաստանի, ԵՄ-ի և այլ երկրների, շարունակում են շեշտը դնել ռազմական ներուժի վրա, քանի որ ներկայիս աշխարհում այն կարևոր հանգամանք է»,- ասաց Խրամչիխինը:
Նա գտնում է, որ միշտ էլ կա ռազմական էսկալացիայի վտանգ, սակայն՝ ոչ պատերազմի: Ռազմական վերլուծաբանը համաձայն է շատ փորձագետների հետ, որ նոր աշխարհակարգի ձևավորման անկայուն ճանապարհին հարաբերություններում ռազմական տարրը կարևոր է դառնում, որպես զսպիչ, ինչպես նաև հարցերը լուծելու ընդունելի ճանապարհ, քանի որ աշխարհին հայտնի զսպման բոլոր մեխանիզմները ներկայումս վերացել են:
«Դա է պատճառը, որ շատ երկրներ, ոչ միայն Ադրբեջանը կամ Թուրքիան, խոսում են բանակն արդիականացնելու, ամրապնդելու մասին, քանի որ խնդիրներ ունեն բոլոր երկրները և աշխարհում ներկայումս ստեղծված իրավիճակը հավելյալ միջոցառումների անհրաժեշտություն է առաջացնում: Թուրքիայում, Սիրիայում պատրաստվում են նոր գործողության քրդերի դեմ, բոլորը փորձում են օգտվել այս իրավիճակից և լուծել իրենց խնդիրները: Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են լուծել նաև Հայաստանի հետ իրենց հարցերը, երկար ժամանակը գուցե աշխատի նրանց դեմ»,- նկատեց նա:
Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ այս ամենից, ինչպես նաև ծանր պատերազմից հետո պատկերացում անգամ չունի, թե ՀՀ իշխանություններն ինչպես են փորձում վերացնել Հայաստանի կրած կորուստներն այդ ոլորտում, ինչպես վերականգնվել և այլն: «Այս մասով ամեն ինչ անհասկանալի է․ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, ինչ են խոսում Հայաստանում»,- ասաց Խրամչիխինը:
Խոսելով Խաղաղության դարաշրջանի հնարավորությունների մասին՝ վերլուծաբանն ասաց, որ Հարավային Կովկասում լիարժեք ու կայուն խաղաղության հնարավորությունները շատ փոքր է համարում, քանի որ տարածաշրջանն իր խնդիրներով բավականին բարդ է, այսօր աշխարհում ստեղծված իրավիճակն իր հերթին չի նպաստում դրան:
«Աշխարհը երկարատև անկայունության փուլում է, բոլոր երկրները պետք է ակտիվացնեն ռազմաքաղաքական դիվանագիտությունը, ամրապնդեն անվտանգությունը, պատրանքներ չպետք է լինեն որևէ հարցով»,- նկատեց նա:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը նշեց, որ ՀՀ իշխանությունները պետք է շուտափույթ վերականգնած լինեին ՀՀ բանակի մարտունակությունը՝ է՛լ ավելի սերտացնելով հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները: Սակայն, նրա տպավորությամբ, ոչինչ չի արվել, ավելին՝ Հայաստանում թուլացրել են կապը Ռուսաստանի հետ, դրանով ինչ-որ առումով վտանգի տակ դնելով ՀՀ անվտանգությունը և ամրապնդելով Թուրքիայի, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը:
Եվսեևը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ն չունի ԳՇ պետ:
«Ինչո՞ւ այդ հարցերը չեն լուծում, ինչո՞ւ են բոլոր սլաքներն ուղղվում Ռուսաստանին, դրան պետք է հայերը արձագանքեն, գնահատեն՝ դա համապատասխանո՞ւմ է ներկայիս մարտահրավերներին, թե՞ ոչ, քանի որ մենք նկատում ենք, բայց այս պահին խորապես հետևում ենք մեր պատերազմական իրավիճակին»,- նկատեց նա: