Բաժիններ՝

Հայաստանում հաստատված ռուս նկարչուհին որոշել է ստեղծել հայ հայտնիների դիմնակարների շարք

Հայաստանում հաստատված ռուս նկարչուհին որոշել է ստեղծել հայ հայտնիների դիմնակարների շարք: Դիզայներ, նկարչուհի Վիկտորյա Բերեզնիցկայան ավելի քան երեք ամիս է` ընտանիքի հետ Հայաստանում է: Ժամանակավոր բնակություն հաստատելով Գյումրիում, նկարչուհին այնքան է սիրել քաղաքը՝ ճարտարապետությունն ու մարդկանց, որ արդեն հասցրել է անհատական փոքրիկ ցուցադրություն ունենալ Գյումրու Մերկուրովի անվան թանգարանի նախամուտքում. «Գյումրիի տրամադրություն» խորագրով անհատական ցուցադրության մեջ ներկայացված է Գյումրին: «Հայաստանը շատ սիրեցի, ինձ այստեղ շատ լավ ընդունեցին, հատկապես Գյումրին շատ հարազատ է դարձել՝ այստեղ Գյումրու ճարտարապետությունը յուրահատուկ է, դռների մասին խոսքեր չեմ գտնում: Գիտեմ, որ Գյումրիում շատ խնդիրներ կան, բայց ես դեռ դրանց չեմ բախվել ու հաճույք եմ ստանում այս քաղաքից»,- «Արմենպրես»-ին ասում է Վիկտորյան։

Նա ֆրիլանսեր է ու կարող է աշխատել ցանկացած վայրից, որդին էլ դպրոց հեռավար է հաճախում, ամուսինը փորձում է իր գործը Հայաստանում շարունակել: Ինչքան են մնալու, իրենց բնորոշմամբ՝ այս արևոտ երկրում, դեռ հայտնի չէ, բայց ամեն օր նկարչուհին ավելի է կապվում Գյումրուն ու գյումրեցիներին:

Երիտասարդ արվեստագետը մշակութային քաղաքում մշակութային կյանքը հարստացնելու շատ նոր գաղափարներ ունի, իսկ ամենակարևորներից հայ հայտնիների նկարների շարքն է, որն արդեն ձեռնարկել է նկարչուհին: Վիկտորյան ճանաչում է բազմաթիվ հայտնի հայերի. «Ռեդդիթ»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանին ու նրա կնոջը, թենիսի գերաստղ Սերենա Ուիլյամսին արդեն նկարել է։ «Մտածում եմ աշխարհով մեկ սփռված հայտնի հայերի նկարների շարք անել, Մհեր Մկրտչյանի նկարն արդեն պատրաստ է՝ այս դերասանին չսիրել ու նրա ֆիլմերից մեջբերումներ չանել չի կարելի »,-ասում է նկարչուհին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս