«Արգիշտի Քյարամյանն իրեն ոչ ադեկվատ է պահել ծնողների նկատմամբ՝ ահաբեկելով»․ զոհվածի հայր

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայր Արթուր Գալեյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե՝ քննչական գործողությունների։ Զոհված զինծառայողների հարազատներն էլ ի աջակցություն Արթուր Գալեյանի՝  հավաքվել էին Քննչական կոմիտեի բակում։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Արթուր Գալեյանը մեղադրվում է զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու մեջ: Սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փաստել էր, որ գործում բացակայում է հիմնավոր կասկածը՝ 3 հոդվածներով, որից հետո Գալեյանի փաստաբանները քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել դատախազին։

«Դատարանն իր որոշումը կայացրել է, իրենք էլ չեն առարկել, Քննչական կոմիտեն չի առարկել դատարանի որոշումը, որ մերժել է։ Այս գործը ռազմականից վերցրել, բերել տվել են Քննչական կոմիտե»,- Քննչական կոմիտեի բակում լրագրողներին ասաց Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ապա հավելեց, որ իրեն ևս կանչել են Քննչական կոմիտե՝ հունիսի 24-ին։

Անդրադառնալով մեկ ամիս առաջ՝ մայիսի 20-ին, Արգիշտի Քյարամյանի հետ զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հանդիպմանը և դրա ընթացքում տեղի ունեցած միջադեպին, լրագրողները զոհվածի հորը հարցրեցին՝ այնուամենայնիվ միջադեպ տեղի ունեցե՞լ է, քանի որ Արգիշտի Քյարամյանը հերքել է այդ լուրերը։

«Եթե 30 ծնող սուտ են ասում, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե Արգիշտի Քյարամյանը կարող է առանց վատ զգալու՝ հերքի 30 ծնողի ու էն ծնողներին, որոնց հաշվին ինքն ու իր ընտանիքը գոյություն ունեն ու կոչվում են հայ, եթե, իհարկե, հայ են։ Ո՞նց կարող են 30 ծնող սուտ ասել, որ ինքը Քննչական կոմիտեի ղեկավարին ոչ հարիր է պահել իրեն իր աշխատասենյակում, ոչ ադեկվատ վիճակում է պահել իրեն ծնողների նկատմամբ։ Ահաբեկելով, թե անձամբ է հետևելու, որ ծնողը դատվի: Դա ի՞նչ արտահայտություն է, դու ծնողներին հրավիրել ես քո աշխատասենյակ, որ ահաբեկե՞ս»,- ասաց Մխիթար Գալեյանի հայրը:

Զոհված զինծառայողներից մեկ ուրիշի հայրն էլ ասաց, որ ինքն անձամբ է ներկա գտնվել այդ հանդիպմանը, պնդեց, Արգիշտի Քյարամյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իրենց նկատմամբ․

«Վիճաբանությունից հետո մենք թողեցինք ու դուրս եկանք, որովհետև էլ պետք չէր իր հետ խոսել կամ մի բան ասել, անիմաստ էր ինչ-որ բան ասելը»։

Լրագրողի հարցին՝ ճի՞շտ է, որ Քյարամյանը ծնողներին «ռազբորկա»-ի է կանչել, զոհվածի հայրը պատասխանեց․

«Եղել է նման բան, բայց չեմ ուզում շատ բան ասեմ։ Ասել ենք՝ 1 տարի 9 ամիս է՝ դու քո երեխային ես սիրում, ես սառը քար եմ պաչում»։

Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությանը՝ Գարիկ Գալեյանն ասաց, որ դատական համակարգից արդարադատություն չեն սպասում.

«Ո՞նց կարելի է այդ ձայնագրությունից հետո սպասել արդարադատության։ Ինչի որևէ մի համակարգ աշխատո՞ւմ է։ Իրենք մեկնաբանում են, որ անաչառ քննություն են վարելու, բայց Քննչական կոմիտեն 1 տարի 7 ամսվա ընթացքում որևէ քննչական գործողություն չի արել, անգամ տուժողի իրավահաջորդ չենք եղել։ Բոլորս էլ գիտենք՝ Ջհանգիրյան Գագիկն ով է, Մատաղիսի տղերքի գործը պարզ դեմներս է․․․ Ո՞նց կարելի է վստահել։ Ով կփորձի այս գործերը ծածկադմփոց անել, ուրեմն բոլորն էլ թուրք են։ Իրենք արդեն մեր ընտանիքների հետ են խաղում, մեր երեխեքի արյան հետ են խաղում»,- եզրափակեց միտքը Գարիկ Գալեյանը:

Տեսանյութեր

Լրահոս