Վաշինգտոնը և Փարիզը խզել են կապը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ. Մարիա Զախարովա

Պաշտոնական Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու մասին Վաշինգտոնի հայտարարության անկեղծությանը: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի հարցին ի պատասխան մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի խոսքերը:

«Եթե Վաշինգտոնը և Փարիզը իսկապես կարևոր համարեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա չէին անտեսի ԵԱՀԿ-ի բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը և փետրվարի 24-ին ցուցադրաբար, առանց որևէ խորհրդակցության, չէին խզի կապերը Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռանախագահների աշխատանքին անդառնալի վնաս է հասցվել: Իսկ հիմա նրանք նման բաներ են հայտարարում», – ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Զախարովայի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան մինչ օրս չեն տվել որևէ հստակ բացատրություն տվյալ «վրդովեցուցիչ քայլի» վերաբերյալ, և նմանապես չկա որևէ երաշխիք, որ նմանատիպ «անպատասխանատու» գործողությունները չեն կրկնվի:

«Հնարավոր չէ ձևացնել, թե ոչինչ չի եղել, այլ պետք է հաշվի առնել նոր իրողությունները: Ես կարծում եմ, որ նպատակը մեզ մեկուսացման մեջ դնելն էր, բայց հաշվարկը կրկին սխալ էր: Ռուսաստանը ամենից շատն է շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված՝ առանց այդ էլ բարդ ջանքերը», – հավելել է Մարիա Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս