Թուրքիայի Մարմարիս ծովափնյա հանգստավայրում անտառային հրդեհ է սկսվել
Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Մարմարիս հանգստավայրային հարակից անտառներում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հունիսի 21-ի երեկոյան բռնկված հրդեհը քամու պատճառով արագորեն տարածվել է, քանի որ գիշերվա ժամերին հնարավոր չի եղել հրշեջ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ օգտագործել: Առավոտյան, սակայն, գործի է դրվել 14 հրշեջ ինքնաթիռ և 20 ուղղաթիռ: Բացի դրանից հրդեհամարման աշխատանքներում ընդգրկվել է շուրջ 2000 հոգանոց անձնակազմ, 338 հրշեջ մեքենա և 35 տրակտոր, ջրի տանկերներ և այլ տեխնիկաներ: Տարածված հրդեհը հունիսի 22-ի առավոտվա դրությամբ գտնվում է բնակավայրերից 3-4 կմ հեռավորության վրա:
Մարմարիսի քաղաքապետ Մեհմեթ Օքթայը կասկած է հայտնել, որ հրդեհը կարող է սադրանք լինել, քանի որ, ըստ նրա, կրակը տարածվել է միանգամից 3 տարբեր կետերից: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, սակայն, վաղ է համարել նման ենթադրությունները՝ նշելով հետաքննության ավարտին սպասելու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ամռանը նույնպես Թուրքիայում մեծամասշտաբ անտառային հրդեհներ էին բռնկվել, որոնք օրեր շարունակ հնարավոր չէր լինում վերահսկողության տակ առնել ու մարել: Հրդեհների հիմնական օջախները գտնվում էին հենց Թուրքիայի Միջերկրական ու Էգեյան ծովերի ափին տեղակայված հանգստավայրերի ու քաղաքների շուրջը: