Բաժիններ՝

Իսրայելի ու Իրանի լրտեսական պատերազմները` Ստամբուլի փողոցներում

Ստամբուլի փողոցներում այս օրերին լրտեսական պատերազմներ են տեղի ունենում Իսրայելի ու Իրանի միջև։ Mossad-ի հատուկ ջոկատայինները Ստամբուլի Բեյօղլու թաղամասից առևանգել են իսրայելցի մի խումբ զբոսաշրջիկների և զրահապատ միկրոավտոբուսով տեղափոխվել ուղիղ դեպի օդանավակայան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

MOSSAD – Իսրայելի հետախուզական ծառայություն

Թեմային անդրադարձած թուրքական «Milliyet» թերթը գրում է, որ իսրայելական մամուլի պարզաբանմամբ, եթե Mossad-ը չառևանգեր իսրայելցի այդ զբոսաշրջիկներին, ապա նրանք գնալու էին հյուրանոց, որտեղ ընկնելու էին իրենց դարանակալած իրանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ձեռքը։

«Այն պահին, երբ պարզվեց, որ Ստամբուլ եկած իրանցի գործակալները պատրաստվում են առևանգել և սպանել Իսրայելի քաղաքացիներին, սկսվեց լրտեսների պատերազմ, որը բնավ նման չէր Ջեյմս Բոնդի ֆիլմերին»,- գրում է «Milliyet»-ը։

Նշվում է, որ այժմ շուրջ 2000 իսրայելցի տուրիստներ դեռ գտնվում են Ստամբուլում ու նրանց հրահանգվել է չլքել հյուրանոցի համարները։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Անկարան Թեհրանին վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով իր տարածքներում հատուկ օպերացիաներ չիրականացնել։

Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ վերջին մեկ ամսում հաջորդաբար սպանվեցին ռազմական և գիտական նշանակալի կշիռ իրանցիներ։ Օրինակ՝ Իրանի հեղափոխական գվարդիայի բարձրաստիճան սպա Հասսան Սիադ Խոդայի առեղծվածային սպանությունից հետո թունավորվեց ավիացիոն փորձագետ, գիտությունների դոկտոր Այուբ Էնթեզարին։ Նույն օրը սպանվեց միջուկային ֆիզիկոս Քամրան Մալապուրը, ով աշխատում էր ատոմային ռեակտորի վրա Նաթանզի միջուկային օբյեկտում։ Իսկ հեղափոխական գվարդիայի գնդապետ Ալի Իսմայիլզադեն էլ հանկարծ ընկավ իր տան տանիքից և մահացավ։

Վերևից ձախից 1-ինը՝ Հասսան Սիադ Խոդա / ձախից 2-րդը՝ Քամրան Մալապուր

Ներքևից ձախից 1-ինը՝ Այուբ Էնթեզարի / ձախից 2-րդը՝ Ալի Իսմայիլզադե

Սաուդյան Արաբիայի աջակցությամբ գործող, իրանի իշխանություններին ընդդիմադիր աղբյուրները հայտնում են, Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար Հուսեյն Թայեբը, ի պատասխան վերոհիշյալ անձանց սպանությունների, թիրախավորել է Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին:

Ամեն դեպքում պաշտոնական Թեհրանը միայն մեկ անգամ է արձագանքել բոլոր այս պնդումներին՝ ասելով, որ իրենք մտադիր չեն իրենց վրեժը լուծել Իսրայելից բացի մեկ այլ երկրի տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս