
Թուրքիայի նախագահը Անկարայում ընդունելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 22-ին ընդունելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանին: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Այս տարվա ապրիլի 28-ին Թուրքիայի նախագահի` Ջիդդա կատարած այցով նոր դարաշրջան սկսվեց Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերություններում։
Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ բին Սալմանն Անկարա է այցելում մեծ պատվիրակությամբ։
Էրդողանը և Սալմանը նախ հանդիպելու են Բեշթեփեում, այնուհետև տեղի է ունենալու երկկողմ պատվիրակությունների հանդիպումը՝ համապատասխան նախարարների և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։
Բանակցությունների ընթացքում կգնահատվեն երկու երկրների հարաբերություններն իրենց բոլոր հարթություններով։
Բանակցությունների հիմնական օրակարգը լինելու է տնտեսությունը։
Քննարկվելու են տարբեր ոլորտներում՝ առևտրից մինչև զբոսաշրջություն, առողջապահությունից մինչև պաշտպանական արդյունաբերություն համագործակցությունը մեծացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Այս համատեքստում ակնկալվում է տարբեր համաձայնագրերի ստորագրում Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջև: