
Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ նախատեսվածից մեկ ամիս շուտ

Թուրքիայում 2023 թվականի հունիսին նշանակված նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ նախատեսվածից մեկ ամիս շուտ: Այս մասին հայտնում է TGRT հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իր աղբյուրին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կուսակցությունն առաջարկում է ընտրություններն անցկացնել ոչ թե հունիսի 18-ին, ինչպես նախատեսված է, այլ մայիսի 14-ին՝ նշելով քվեարկության երկրորդ փուլի հնարավորությունը, որը, ըստ նախնական ժամկետների, պետք է տեղի ունենա հուլիսին և կարող է ընտրողների ցածր մասնակցություն լինել՝ կապված արձակուրդային սեզոնի մեկնարկի հետ: Մյուս կողմից՝ ծրագրված ընտրությունների ժամկետը համընկնում է բուհերում անցկացվող քննությունների հետ, ինչը նույնպես կարող է բացասաբար ազդել մասնակցության և քվեարկության արդյունքների վրա։