Նիկոլայ I-ի սիրելիի կրծքազարդը կվաճառվի 12 մլն ռուբլով
Ռուսական կայսերական և Կարմիր բանակներին նվիրված աճուրդ կանցկացվի։ Վաճառքի ներկայացված հավաքածուներում առանձնահատուկ տեղ են գրավում ոսկյա զարդերը՝ սպասուհու պատվո երկու կրծքազարդերը, արծաթյա և թանկարժեք քարերով զարդերը։ Դրանցից մեկը պատկանել է պալատական ազնվազարմ օրիորդ Վարվառա Նելիդովային, որը հայտնի է եղել որպես Նիկոլայ I-ի գաղտնի սիրուհին։
Պալատական տիկնայք կայսրուհիների նկարներով ու թանկարժեք քարերով զարդեր էին կրում։
Վարվառա Նելիդովայի աճուրդին ներկայացված զարդը պատրաստված է ոսկուց ու արծաթից և երկու ադամանդե քարերից, որոնցից մեկը կշռում է 0,48, իսկ մյուսը՝2,85 կարատ։
Աճուրդին ներկայացված է ևս մեկ զարդ, որը М տառի ձևն ունի և պատկանել է Մարիա Ֆյոդորովնային՝ Ալեքսանդր III-ի կնոջը և վերջին ռուսական կայսեր Նիկոլայ II-ի մորը։
Աճուրդի կազմակերպիչ ընկերության ղեկավար Սերգեյ Բուրմիստրովի խոսքերով այս իրերը եզակի են։
« Ռուսական աճուրդում պալատական երկու տիկնանց զարդերի հայտնվելը մեծ իրադարձություն է։ Կարծում եմ՝ նման համընկնում համաշխարհային ոչ մի աճուրդում տեղի չի ունեցել, իսկ Ռուսաստանում բաց աճուրդում նման եզակի իրերը երբեք չեն վաճառվել »,- ասել է աճուրդի կազմակերպիչ ընկերության ղեկավարը։
Զարդերի մեկնարկային գինը կազմում է համապատասխանաբար 12 և 10 մլն ռուբլի։