«Հայրենիք» կուսակցության հեռացումից հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում դաշինքին. պարզաբանում են սահմանադրագետները
««Հայրենիք» կուսակցության որոշմամբ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ»։ Այսօր Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մանդատից հրաժարվելու մասին հայտարարության մեջ նշել է, որ ներկայացրել է մանդատից հրաժարվելու դիմում, նաև տեղեկացրել է իր ղեկավարած կուսակցության հետագա անելիքների մասին:
Թեև շատ մասնագետներ իրավիճակը համարում են աննախադեպ՝ այն առումով, որ օրենքը այս պարագայում չի նախատեսում որևէ լուծում, այդուհանդերձ, նշում են՝ դաշինքը կշարունակի խորհդարանական գործունեությունը:
«Քանի որ նախընտրական ցուցակն արդեն իսկ կա ձևավորված, խմբակցությունն այդ անունով շարունակելու է գործել, և մանդատներ կստանձնեն՝ ըստ հերթականության»,-168.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Եթե դաշինքը դադարում է գոյություն ունենալ, սա չի՞ առաջացնում ճգնաժամ՝ մեր հարցին ի պատասխան՝ 2015 թ. հանրաքվեով ընդունված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը շեշտեց.
«Բնականաբար ոչ: Կարգը շատ պարզ է. եթե ինչ-որ մեկը մանդատը դնում է, ցուցակի հաջորդն է մտնում՝ անկախ նրանից՝ որ կուսակցությունից է, կամ անկուսակցական է: Ակնհայտ է, որ երբ դաշինքն են ձևավորել ՀՀԿ-ն ու «Հայրենիք» կուսակցությունները, այդ ցուցակում, բացի ՀՀԿ անդամներից, եղել են նաև «Հայրենիք»-ի առաջադրած պատգամավորության թեկնածուներ, որոնց մի մասը կուսակցությունից է, մի մասն էլ դուրս է: Հիմա՝ անկախ այդ ամենից՝ ցուցակի հաջորդը ավտոմատ ստանում է մանդատը: Նույնիսկ եթե դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները դուրս գան, միևնույն է դաշինքը ձևավորվել և մտել է պառլամենտ՝ դրանից հետո փլուզվելու հնարավորություն չունի:
Եվ եթե նույնիսկ պատկերացնենք հիպոթետիկ իրավիճակ, որ «Հայրենիք» կուսակցության առաջադրած բոլոր թեկնածուները՝ անկախ նրանից՝ կուսակցության անդա՞մ են, թե՞ ոչ, դուրս գան, միևնույն է, ՀՀԿ հաջորդ անդամները կդառնան պատգամավոր»:
Հարցին՝ օրե՞նքն է նախատեսում, սահմանադրագետը պատասխանեց. «Ընտրական օրենսգիրքը նախատեսում է՝ եթե ինչ-որ մեկը դուրս է գալիս, հաջորդն է լրացնում: Օրենքը չի նախատեսում, որ եթե դաշինքի անդամ կուսակցություններից մեկը արդեն պառլամենտի ձևավորումից հետո մանդատները դնում է, ուրեմն ամբողջ դաշինքն է դադարում գոյություն ունենալ, և, ըստ էության, զրկվում են մանդատներից»:
Վարդան Պողոսյանը, սակայն, սա օրենքի բաց չի համարում՝ նկատելով. «Երբ ընտրությունների ժամանակ այդ դաշինքը ձևավորվել է, դրանից հետո ինչ էլ տեղի ունեցած լինի, եթե կան պատգամավորության թեկնածուներ, դառնում են պատգամավոր, ու այդ միավորը շարունակում է գոյություն ունենալ. այսինքն՝ որևէ խնդիր այստեղ չի առաջանում»: