Բաժիններ՝

«Տրավիատա», «Ալեկո», «Սիմֆոնիկ պարեր». Երևանի օպերային թատրոնում առաջնախաղեր են սպասվում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում միաժամանակ երեք ներկայացում է վերաբեմադրվում:

Հունիսի 22-23-ին արվեստասերները հնարավորություն կունենան վայելելու Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերային ներկայացումը, իսկ հունիսի 27-28-ին՝ Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերան և «Սիմֆոնիկ պարեր» բալետը:

Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացումների երաժշտական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ասաց, որ «Տրավիատան» ամբողջությամբ վերականգնվել է և նորովի է բեմադրվել: «Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ ուժերը: Դիրիժորական վահանակի մոտ է լինելու դիրիժոր Վարդան Գրիգորյանը: Թե՛ նա, թե՛ երգիչները, որոնք ևս երիտասարդ են և շատերին ծանոթ չեն, առաջին անգամ են նման խոշոր ներկայացման մեջ ընդգրկվում: Մենք փորձում ենք երիտասարդներին բեմ բարձրացնել, քանի որ նրանք են մեր ապագան»,- շեշտեց Դուրգարյանը:

Անդրադառնալով «Ալեկո» օպերային՝ Դուրգարյանը հիշեցրեց, որ այն երկար տարիներ թատրոնի խաղացանկում չի եղել: «Մի բաժնում կլինի «Ալեկոն», իսկ մյուս բաժնում՝ Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարեր» բալետը: Բալետն առաջին անգամ է ներկայացվելու Հայաստանում: Այն բեմադրված է եղել Հայաստանի սահմաններից դուրս, և վերականգնում է խորեոգրաֆ, ռեժիսորի օգնական Արա Ասատուրյանը: Հույս ունեմ, որ Արան կաշխատի օպերային թատրոնում ոչ միայն որպես հրավիրյալ պարուսույց»,- ընդգծեց Կարեն Դուրգարյանը:

«Տրավիատան» և «Ալեկոն» Երևանում վերաբեմադրելու նպատակով օպերային թատրոնը հյուրընկալել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ ռեժիսոր Իրկին Գաբիտովին, որը 2005 թվականին է վերջին անգամ եղել Հայաստանում: Նրան Երևանի և Հայաստանի հետ կապում է ռեժիսորի ընկեր, օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը, որը միջազգային ճանաչում ուներ և որի հետ Գաբիտովն աշխատել է Մարիինյան թատրնում:

Երբ Դուրգարյանից ներկայացումները վերականգնելու հրավեր է ստացել, միայն հարցրել է, թե ինչ է պետք անել: Ծանոթանալով օպերային թատրոնի երգչախմբին, նվագախմբին, պարողներին՝ հասկացել է, որ հսկայական աշխատանք է պետք իրականացնել: «24 օրում զրոյից երկու նոր ներկայացում ենք ստացել: «Տրավիատան» ժամանակին այս թատրոնում բեմադրել է համաշխարհային աստղ Գեղամ Գրիգորյանը: Ինձ համար կարևոր էր պահպանել նրա անունը բեմադրության մեջ»,-նշեց Գաբիտովը:

Ըստ նրա՝ օպերային թատրոնի թատերախմբում փայլուն ձայնային տվյալներ ունեցող երգիչներ կան, այնինչ մյուս խմբերի դեպքում ամեն ինչ զրոյից է արվել, քանի որ մարդիկ սովոր չեն ծանրաբեռնվածության:

«Կան փայլուն սոպրանոներ, որոնք միջազգային մակարդակի երգեցողություն ունեն, այլ հարց է, որ նրանց հետ պետք է շատ աշխատել, որովհետև յուրաքանչյուր երգիչ կարծում է, որ ձայն ունի, այնինչ դա Աստծո շնորհն է, որը նա պետք է կատարելագործի ու նվիրի մարդկանց: Եթե նա չաշխատի, ոչինչ չի ստացվի, և դա պետք էր հասցնել նրանց: 2005 թվականից ի վեր երգչախումբն 85 տոկոսով փոխվել է, իսկ այս տասը օրվա ընթացքում այն իմ աչքի առաջ հրաշքի է վերածվել թե՛ հնչողությամբ, թե՛ վերաբերմունքով: Անհրաժեշտ է միմյանց ընկալել ու ստեղծագործական միություն ստանալ»,- հավելեց Իրկին Գաբիտովը:

Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարեր» բալետը Արա Ասատուրյանի հայրը՝ խորեոգրաֆ, ռեժիսոր Աշոտ Ասատուրյանն է 1997 թվականին բեմադրել Խարկովում: «Նա Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի սան է եղել, երկար տարիներ աշխատել է Սարատովում, մոտ քսան տարի՝ Երևանի օպերային թատրոնում: Ռախմանինովի գործը նրա բեմադրած վերջին մեծ բալետն էր, և օպերային թատրոնում նրա գործերից մեկը վերականգնելը ես իմ պարտքն էի համարում»,- պատմեց Արա Ասատուրյանը:

Նա խոստովանեց, որ հոր ձեռագիրը պահպանելու համար վերաբեմադրելիս օգտվել է տեսանյութերից: Ասատուրյանի խոսքով՝ բալետն այսօր էլ շատ ժամանակակից է ու թարմ: «Բալետում քսան երիտասարդ պարող է ընդգրկված: Բոլորը եռանդով ու հաճույքով են աշխատում, իսկ Գաբիտովի հետ համագործակցելիս սովորում եմ, որովհետև նա օպերային ռեժիսուրայի ամբողջ այբուբենն է ներկայացնում, որում նոր երանգներ ու գույներ ես բացահայտում»,- եզրափակում է Ասատուրյանը:

Առաջիկայում օպերային թատրոնը արվեստասերներին կներկայացնի նաև Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս