Բաժիններ՝

Արմաշի բնակիչները դժգոհում են, ծիրանը 250-300 դրամով են մթերում

Արարատի մարզի Արմաշ գյուղի այգեգործներն ահազանգում են՝ վերավաճառողները ծիրանի գինը արհեստական ձևով իջեցրել են ու որպես պատճառ  նշում են բերքի մանր լինելը։

«Առնող-ծախողները գալիս բերքը նայում են, ասում են՝ քաղեք, էս գնով կտանենք, հետո ջոկում խոշորները շարում են, տակի մանրերն ասում են՝ չենք վերցնում։ Ստիպված ջրի գնով տալիս ենք, թե չէ կմնա, կփչանա։ Բայց հիմա համատարած էժան գնով են տանում՝ 250-300 դրամ»,- ասացին գյուղացիները։

168.am-ը կապ հաստատեց Արարատ խոշորացված համայնքի Արմաշ գյուղի վարչական ղեկավար Սամվել Նահապետյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, որ ծիրանի գինն իջել է 250-300 դրամ։

Նահապետյանն ասաց, որ գյուղում բերքահավաքը սկսվել է մոտ 10 օր առաջ։ Առաջին օրերին շատ քիչ քանակությամբ՝ 1200 դրամով էլ են եղել վաճառողներ, բայց հիմնականում  800 դրամ է գինը եղել, այնուհետև աստիճանաբար նվազել է․

«Գյուղացին ե՞րբ է գին որոշել, իրենք առնողներն են, կուզեն՝ 800 դրամ կասեն, կուզեն՝ 50 դրամ կասեն, կուզեն՝ 200 դրամ կասեն։ Մարդիկ եկել ծիրանի որակը նայել են, երևի թե ուսումնասիրել են նաև արտահանվող երկրի շուկան, մի քանի օր 800-ով են տարել, 2-3 օր հետո՝ 700, հետո՝ 600, հիմա 500-ով էլ տանող կա, բայց հիմնականում 300 դրամով են տանում․․․ Ասում են՝ էս 10 կիլոյանոց յաշիկը 3000 դրամ, վե՛րջ։ Ինքը պարտավոր էլ չի որևէ բան պատճառաբանելու, մասնավոր մարդ է, բիզնես է անում, կարող է չտանի էլ»։

Հարցին՝ ծիրանի ցածր գնի պատճառով համայնքում դժգոհության ալիքը մե՞ծ է․ Նահապետյանը պատասխանեց․

«Բնականաբար, դժգոհություն կլինի, եթե 300 դրամով են վաճառում․․․ Ես էլ ունեմ այգի, 300 դրամից 100 դրամը ծախսում ենք աշխատողներին աշխատավարձ, սնունդ և այլն, մնաց 200 դրամ։ Դրանից էլ հանեք ջրի ծախսը, պարարտանյութի ծախսը, հողի հարկը, տակը մնում է 50-60 դրամ փող։ Բնականաբար, դժգոհություն կլինի»։

Արմաշի գյուղապետին նաև հարցրեցինք, թե նախորդ տարի նույն ժամանակ որքա՞ն արժեր ծիրանը․

«Անցյալ տարի շատ բարձր էր գինը՝ 1000-1200, միջին գինը 800 էր, եթե չեմ սխալվում, վերջում մինչև 500 էր իջել, ոչ պակաս։ Անցած տարի նաև բերքն էր քիչ, երևի դա էլ նշանակություն ունի։ Մի քիչ նաև որակի խնդիր կա, այս տարի մի քիչ մանր է ծիրանը, բայց ոչ 300 դրամ։

Գյուղապետն ասաց, որ շնորհիվ երկու երկրների նախարարների հանդիպման, որին հաջորդել է Լարսի ճանապարհի բացվելը, բազմաթիվ բեռնատարներ կարողացան բերքն արտահանել։ Ճշտող հարցին, օրինակ՝ խաղողի դեպքում գյուղացիների հետ պայմանագրեր են կնքվում, որ գործարանները մթերեն բերքը, կա՞ արդյոք նման պայմանագիր ծիրան մշակողների համար, որ Կառավարության օժանդակությամբ գործարանները մթերեն բերքը, Նահապետյանը պատասխանեց, որ այսօր չկա որևէ գործարան, որը ծիրան է մթերում, հետևաբար՝ նման պայմանագրեր էլ չեն կարող լինել։

«Մի բան կավելացնեմ, որ պետությունը կանգնի գյուղացու կողքին, որ իրացման հարցում սուբսիդավորում լինի, ինչ-որ ձևով օգնի, թե չէ Պողոսն եկավ, ասեց՝ 100 դրամով են տանում, ի՞նչ պետք է անի գյուղացին։ Դա նշանակում է, որ քո ընտանիքի մի ամբողջ տարվա ապրուստը 0 է լինում։ Եթե պետությունն իրացման հարցում չկանգնեց գյուղացու կողքին, ապա գյուղացու վիճակը քանի գնա, կվատանա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս