Բաժիններ՝

«Ոսկե ծիրան»-ն այս տարի կմեկնարկի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

2022-ին ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր՝ ամենահեղինակավոր կինոփառատոններից։

«Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է։ Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակը Մայքլ Գյուրջյանն է, օպերատորը՝ Գասեմ Էբրահիմյանը, երաժշտությունը գրել է Անդրանիկ Բերբերյանը։

Մոնտաժը կատարել են Մայք Սոլեմը, Մայքլ Գյուրջյանը։

Դերերում՝ Մայքլ Գյուրջյան, Հովիկ Կեուչկերյան, Նելլի Ուվարովա, Միխայիլ Տրուխին։

Ֆիլմի հերոս փոքրիկ Չարլին է, որը փախել ու մազապուրծ փրկվել է Հայոց ցեղասպանությունից՝ թաքնվելով Միացյալ Նահանգներ ուղևորվող բեռնատարում: Նրա ընտանիքի բախտը, սակայն, չի բերել: Չնայած ողբերգական մանկությանը՝ Չարլին, չափահաս դառնալով, մանկան պես հիանում էր աշխարհով: Շատ փախստականների և որբերի պես՝ Չարլիի մեծ սրտում անդունդ էր գոյացել…

Ֆիլմում պատմությունը սկսվում է 1947-ին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան, և նրան դիմավորում է Խորհրդային Միության դաժան իրականությունը: Հայաստանի հոգին խեղդվում է երկաթե վարագույրի տակ: Չարլիին տեղնուտեղը ձերբակալում և բանտարկում են՝ փողկապ կապելու անհեթեթ մեղադրանքով: Համոզվելու համար, որ Չարլին մյուս բանտարկյալների վրա չի ազդի իր «աշխարհաքաղաքացիական» հովերով, նրան մենախուց են տեղափոխում: Երբ Չարլին ուր որ է անձնատուր է լինելու տարաբախտ դրությանը, պարզում է, որ երկրաշարժից վնասվել է բանտի պատը, որը հենց իր խցի պատուհանի դիմաց է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս