Ինչո՞ւ է դիզվառելիքը 670 դրամ. 30 տարվա մեջ նման բան չի եղել. Աշոտ Հարությունյան

2018 թվականից հետո գյուղատնտեսության ոլորտում մենք տարեցտարի ունենում ենք շարունակական անկում, և թեև վերջերս հրապարակված պաշտոնական թվերով արձանագրվել է 5.5 տոկոս անկում, սակայն կարծում եմ, որ իրականության մեջ դա նկարչություն է, և անկումն էլ ավելի շատ է։

Այս համատեքստում հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ է Կառավարության կողմից այս ընթացքում իրականացված գործողությունների արդյունքը, և միլիարդավոր դրամների հատկացումներն ի՞նչ օգուտ են տալիս։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների մասին, նման գնահատական տվեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ հավելելով.

«Այս հարցի պատասխանը ստանալու համար բավական է նայել Կառավարության հունիսի նիստը, որի ընթացքում ընդունվեց մթերող ընկերություններին միլիարդավոր դրամներ հատկացնելու վերաբերյալ նախագիծ։ Այս նախագծի վերաբերյալ ոլորտի պատասխանատու նախարարը (Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան.- Ա.Ս.) և Կառավարության ղեկավարը շուրջ 18 րոպե այնպես էին խնդրահարույց նախագիծը քննարկում, ոնց որ քոռ դանակով մարդուն մորթեն»։

Ըստ նախկին փոխնախարարի՝ բյուջեից միլիարդավոր դրամներ են հատկացրել մի նախագծի, որի տակ չկա այդ ծախսվող փողի արդյունավետության վերաբերյալ որևէ վերլուծական աշխատանք, չկա թիվ, չկա որևէ հիմնավորում։

«Սա նման է ընդունված մեկ այլ նախագծի, երբ մի քանի ամիս առաջ պարարտանյութի սուբսիդավորման համար որոշում ընդունեցին և հատկացրեցին 4.9 միլիարդ դրամ, որն ուներ բազմաթիվ խնդիրներ, ինչի մասին բարձրաձայնում էի։ Ստացվեց՝ հոնքն ուղղելու տեղը՝ աչքն են հանել, ինչի հետևանքով շուկայում չկա պարարտանյութի ազատ վաճառք, չկա նաև կարգավորված գին»,- ասաց Աշոտ Հարությունյանը՝ հավելելով,- Ստացվեց՝ պետությունը մթերող կազմակերպություններին անտոկոս փող տվեց, նրանք շահույթ գեներացրեցին, իսկ հողօգտագործողները գեներացնում են միայն պարտքեր»։

Ինչ վերաբերում է նրան, որ գյուղմթերք մթերող կազմակերպություններից միայն 1500-ի հետ է Էկոնոմիկայի նախարարությունը կնքել պայմանագիր, ինչի համար էլ վերջիններս կստանան պետական բյուջեից անտոկոս վարկ, ապա Աշոտ Հարությունյանը ուշադրություն հրավիրեց մեկ այլ թվի վրա։

«Կոպիտ հաշվարկներով՝ Հայաստանում կա 100 հազար գյուղացիական տնտեսություն, դրանք աճեցնում են պտուղ-բանջարեղեն, և մթերող կազմակերպությունների թիվը շատ ավելին է։ Հիմա ընդամենը 1500-ին են գումար տալիս, այս 1500-ը շատ փոքր թիվ է, և արդեն իսկ նշանակում է՝ հերթական անգամ Կառավարությունն ընդունել է ձախողված ծրագիր, ինչը նման է նրան, որ մարդու ոտքը ցավի, բայց կույրաղիքը հանեն»,- ասաց Աշոտ Հարությունյանը՝ ընդգծելով՝ նման անհաշվարկ, առանց ճշգրիտ և իրականության հետ կապ չունեցող թվաբանության ընդունված նախագծերն են պատճառը, բյուջեից փող է ծախսվում, որ գյուղատնտեսությունն աճի, սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ տարեցտարի անկում է ապրում։

Նախկին փոխնախարարը նաև ընդգծեց՝ չկա գյուղոլորտի վերաբերյալ ընդունված երկարաժամկետ ռազմավարություն, ինչի արդյունքում ականատես ենք լինում գյուղմթերքի բարձր գնաճի, որն անգամ դոլարի անկման ֆոնին չի նվազում՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ գյուղոլորտում այս իրավիճակը տնտեսական որևէ քաղաքականության չի ենթարկվում։

«Պետք է համապատասխան կառույցների ղեկավարները պատասխան տան, գան և մարդկանց բացատրեն, թե ինչու է այդպես։ Օրինակ՝ որևէ մեկը չի բացատրում, թե ինչո՞ւ է բենզալցակայաններում դիզվառելիքը 670 դրամ. 30 տարվա մեր պատմության մեջ երբեք սրա անգամ 50 տոկոսը չի եղել. թող գան բացատրեն, թե այս ի՞նչ մոգական գին է, ինչը սարսափելի ազդեցություն ունի գյուղմթերքի ինքնարժեքի վրա»,- ասաց Հարությունյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս