Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը Փաշինյանի համար կարմիր գիծ չէ՞. «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում Փաշինյանը խուսափում է ամենակարևոր հարցից
Այսօր առավոտից մամուլում ու համացանցում քննարկվում է պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը հարցազրույցն «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը:
Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և այլ թեմաների:
«Ալ Ջազիրա»-ի լրագրողի հարցին՝ եթե Սահմանազատման հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն կլինի նրա դիրքորոշումը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ իրականում Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: «Մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում: Նաև շատ կարևոր է նշել սահմանի անվտանգության հարցը, որը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով։
Երկրորդ հարթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Կա ևս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է»,- հարցին նման կերպ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը:
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից հնչող խորը մտահոգությունների ֆոնին, թե ՀՀ իշխանությունները պատրաստվում են ԼՂ-ն թողնել Ադրբեջանի կազմում, Նիկոլ Փաշինյանը խուսափում է ուղիղ հարցից և չի նշում, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող որևէ պարագայում լինել Ադրբեջանի կազմում, պատկանել Ադրբեջանին, և, որ այդ հարցը կարմիր գիծ է ՀՀ իշխանությունների համար ապագա համաձայնագրի բանակցությունների կոնտեքստում:
Հարկ է նկատել, որ չնայած ԼՂ կարգավիճակին վերաբերող հարցի պատասխանի դեպքում Նիկոլ Փաշինյանի խուսափողական դիտարկումներին, Նիկոլ Փաշինյանը, օրինակ, շատ ավելի վստահ խոսել է այն թեմաներից, որոնց հարցում կա արդեն կոնսենսուս միջնորդների և կողմերի միջև, խոսքը, այսպես կոչված, միջանցքի հարցի մասին է:
Ուստի հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան՝ անցնելով ՀՀ երկրի տարածքի միջով, Փաշինյանն ասել է, որ իրենց համար անընդունելի են, այսպես կոչված, միջանցքի մասին ձևակերպումները, և դա իրենց համար կարմիր գիծ է, քանի որ տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։
«Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»,- նկատել է Փաշինյանը:
Ի դեպ, պաշտոնապես վերոնշյալ տրանսպորտային կապուղու միջանցքի կարգավիճակը հերքել են ինչպես Բրյուսելը, այնպես էլ Մոսկվան: Հունիսի 1-ին ԵԽ նախագահ Շառլ Միշելի խոսնակի տարածած հայտարարությունում ասվում էր. «Միակցվածության հնարավորությունները հատկապես քննարկվել էին մայիսի 22-ին Բրյուսելում՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում երկու կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Ցավալի է, որ շահարկումներ են արվում հակառակի շուրջ»: Իսկ հունիսի 9-ին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ավարտվում է ավտոմոբիլային երթուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը հաստատվելու է, այն պարզեցված է լինելու: «Այն հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության ճանաչման վրա: Այստեղ երկիմաստություններ չեն կարող լինել»,- ասել էր Լավրովը:
Սակայն հայ ժողովրդի համար ամենակարևոր հարցը ՀՀ իշխանությունները կրկին չեն մեկնաբանում, չեն հստակեցնում, ու տարատեսակ մեկնաբանությունների տեղ են թողնում նույնիսկ օտարերկրյա լրատվամիջոցների հետ հարցազրույցներում: Ստացվում է, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում թողնելը ՀՀ իշխանությունների համար կարմիր գիծ չէ՞, ընդունելի՞ է: Այլապես Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում ինչ-որ կերպ կհերքեր այդ թեզը:
Այս հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցում է ընդդիմության պնդումների իրավացիությունը, թե Փաշինյանի իշխանությունը ԼՂ-ն Ադրբեջանի կազմում թողնելու քաղաքականություն է վարում:
Դրա վառ ապացույցներից մեկն էլ Փաշինյանի հայտնի ապրիլյան ելույթն էր ՀՀ ԱԺ-ում, որտեղ նա նշեց, որ միջազգային հանրությունը ՀՀ-ին ասում է՝ ԼՂ կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը:
Սակայն ՀՀ իշխանություններն այդպես էլ չհստակեցրին, թե ով է նման առաջարկներ արել իրենց, և ինչ ասել է՝ ԼՂ հարցում նշաձող իջեցնել: