
Ավտոմոբիլային երթուղու ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության ճանաչման վրա. Լավրովը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին
Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծիք հայտնեց, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման փոխվարչապետների հանձնաժողովները ռիթմիկ են աշխատում: Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ չի կիսում այն տեսակետը, թե փոխվարչապետների հանձնաժողովների հանդիպման ընդմիջումը շատ է երկարաձգվել:
Նա պարզաբանեց, որ, ինչպես գիտեք, երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է ավտոմոբիլային երթուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը հաստատվելու է, այն պարզեցված է լինելու: «Այն հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության ճանաչման վրա: Այստեղ երկիմաստություններ չեն կարող լինել: Սրանք գործողություններ են, որոնք կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են ենթակառուցվածքի հետ, որը նախատեսվում է երկար տարիների համար, ուստի այստեղ հազար չափել, մեկ կտրել է հարկավոր: Հենց սրանով էլ առաջնորդվում են հայ և ադրբեջանցի գործընկերները»,- ասաց Լավրովը: