In Memoriam. համալսարանականը՝ Արամ Սիմոնյան

Պրոֆեսոր, ԵՊՀ նախկին ռեկտոր, լուսահոգի Արամ Սիմոնյանի հետ պատիվ եմ ունեցել շփվել իմ համալսարանական կյանքի տարբեր փուլերում: Նրա գիտական վաստակի, մանկավարժական և վարչական գործունեության մասին գրվել է և դեռ կգրվի: Ես ցանկանում եմ առանձնացնել նրա հետ իմ շփման երեք ժամանակաշրջան, որոնցից մեկը աշխատանքային էր, մեկը ճգնաժամային, մեկը հետճգնաժամային:

Ինչպես իր կենդանության օրոք, այնպես էլ հիմա վստահորեն պնդում եմ նաև սերունդների համար՝ Արամ Սիմոնյանը մեծ դեր ունի հայկական արևելագիտության զարգացման գործում. չի եղել որևէ հարց, առաջարկ, որը կապված էր թյուրքագիտության, իրանագիտության կամ արաբագիտության զարգացման հետ, որը աջակցություն չստանար նրա կողմից: Մեր աշխատանքային համագործակցությունը, զրույցները, քննարկումները գիտության զարգացման, սերունդների կրթության տեսլականի հետ կապված խարխսված էին ազգային և պետական շահերի գիտակցման ու  պատկերացումների վրա:

Արամ Սիմոնյանի հետ մեր շփման երկրորդ փուլը ճգնաժամային էր. 2018-ին նա հռչակվեց թիրախ և սկսվեց բառիս բուն և փոխաբերական իմաստով հարձակումներ նրա անձի հանդեպ: Նա դիմադրում էր և պայքարում էր ազնվաբար, ասպետորեն ու քրիստոնեաբար և այս խոսքերումս պաթոսի նշույլ անգամ չկա: Ազնիվ էր, քանի որ փորձում էր փրկել ԵՊՀ-ի նկարագիրը և պահպանել դրական ավանդույթները, փորձում էր գոնե Մայր բուհի հիմնադրման 100-ամյակը հավուր պատշաճի նշել, ինչը նեղմտորեն թույլ չտվեցին: Ասպետաբար էր, քանի որ չէր գնում հարմարվողականության, ճամբարափոխության արատավոր և շատ տարածված ճանապարհով: Իսկ քրիստոնեաբար էր, քանի որ նա հենց այդ պահին և հետո ներում էր իր դեմ հարձակվողներին: Հիշողությանս մեջ մնացել է մի փոքր դրվագ. երբ «հեղափոխական» և գիտությամբ զբաղվելու «անհագ ցանկություն» ունեցող երիտասարդները բառիս բուն իմաստով շրջափակել էին Արամ Սիմոնյանի աշխատասենյակի մուտքերը, պառկել ընդունարանի հատակին և հենց նրա ոտքերի տակ՝ ես մեկն էի այն համալսարանականներից, որ այդ պահին գնացի ռեկտորի աշխատասենյակ: Չնայած իրեն պատճառվող ֆիզիկական և հոգեբանական անհարմարություններին՝ Սիմոնյանը այդ անսովոր իրավիճակում զարմանալիորեն հանգիստ էր: Եվ երբ ներս մտած գործընկերներից մեկը ասաց, որ «հեղափոխական» երիտասարդները նստել են աշխատասենյակի ետին մուտքի մոտ աստիճանավանդակի վրա՝ ես զարմանքով լսեցի Սիմոնյանի արձագանքը. «Ասեք էտ երեխաները չնստեն աստիճաններին, սառն է, ջահել երեխեք են, կմրսեն, առողջությանը վնաս կլինի…»:

Քրիստոնեական ներողամտությամբ էր նա վերաբերվում իր դեմ քայլեր անող նորելուկ պաշտոնյաներին, որոնցից ոմանք իր հրամանով էին դարձել դասախոս ԵՊՀ-ում:

ԵՊՀ-ում ճգնաժամը մի պահ հանդարտվեց, սակայն չհանգուցալուծվեց և Արամ Սիմոնյանը հանկարծակի հայտարարեց իր հրաժարականի մասին: Կրկին հիշողությանս մեջ մնացել է ԵՊՀ գիտական խորհրդի այդ նիստը, երբ Սիմոնյանը ասաց. «ինչ ունի սկիզբ, այն ունի և վերջ» և հայտարարելով ռեկտորի պաշտոնից հրաժարվելու իր մտադրության մասին՝ հեռացավ դահլիճից: Դահլիճը լուռ էր, կիսաշոկային վիճակում համալսարանականների մի մասը չհասցրեց, մի մասը չուզեց, մի մասն էլ զգուշացավ շնորհակալություն ասել ԵՊՀ-ն երկար տարիներ ղեկավարած անձին: Հիմա էլ կարծում եմ, որ ԵՊՀ-ն Արամ Սիմոնյանին մի պարզ, մարդկային շնորհակալություն է պարտք, որը ցավալիորեն չհասցրեց տալ նրա կենդանության օրոք, իսկ հիմա արդեն ուշ է: Այդ շնորհակալության կարիքը Սիմոնյանը չուներ, համալսարանն ուներ…

Մեր շփումների երրորդ փուլը հետճգնաժամային էր. Սիմոնյանը այլևս ռեկտոր չէր, ղեկավարում էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, ուներ իր նախկին աշխատասենյակից տասը անգամ փոքր մի սենյակ և սիրով զբաղվում էր գիտությամբ: Նրան արդեն քչերն էին այցելում, իր նախկին «ընկերների», գործընկերների մի մեծ մասը խուսափում էր իր հետ շփվելուց, ինքն այդ մասին գիտեր և խոսում էր, իմ բնութագրմամբ, «բարձրաշխարհիկ արհամարհանքով», բայց միևնույն ժամանակ կրկին քրիստոնեաբար ներում էր նրանց: Ես հաճախ էի այցելում նրան, աշխատասեղանին գրքեր էին, արխիվային փաստաթղթեր և նա ընկղմված դրանց մեջ կարդում էր, գրում հոդվածներ, գրքեր: Գիտնականի համար երանելի վիճակում էր կարծես, եթե միայն երկիրը չլիներ աղետալի վիճակում: Մեր ամեն հանդիպում ուղեկցվում և ավարտվում էր Հայաստանի այս աղետալի վիճակի մասին մտահոգությունների, մտավորականության մի մեծ մասի հարմարվողական, արգահատելի պահվածքի մասին զրույցներով: Վերջին հիշողությունս կապված է նրա ծննդյան օրվա հետ. 2022 թ. ապրիլի 12-ին Արամ Սիմոնյանի ծննդյան օրն էր, գնացի նրա աշխատասենյակ, մտովի հիշում էի ռեկտորական տարիների այդ օրը, երբ նրա աշխատասենյակում, ընդունարանում և հարակից միջանցքում հերթեր էին ռեկտոր Սիմոնյանին շնորհավորելու շտապող մարդկանցից բաղկացած: Այս անգամ նրա փոքրիկ աշխատասենյակում ընդամենը հինգ անձ էր, նրա իրոք հավատարիմ և անբաժան ընկերները:

Ավարտելով խոսքս՝ պետք է փաստեմ, որ դժվար, ճգնաժամային ժամանակները փորձություն են մարդկանց համար, սակայն նաև հոգեկան անդորր և խղճի հանգստություն ստանալու հնարավորություն են: Արամ Սիմոնյանի մահվան գույժից հետո ես համալսարանում տեսա մարդկանց, ովքեր Սիմոնյանի նախկին «մտերիմներն էին», նրան անթիվ, անհամար անգամներ գովերգել էին, սակայն 2018 թ. սառեցրել, իսկ 2019-ին գրեթե դադարեցրել էին շփումը: Նրանց՝ հաճախ գետնին հառած, աչքերում ակնհայտ էր խղճի խայթը, ամոթի գիտակցումը: Երանի խղճով հանգիստներին…

2018-ին ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ արշավ սկսածներ, նրան դեմոնիզացրածներ, թիրախավորածներ, Սիմոնյանը ձեզ ներել էր, սակայն դուք գոնե հիմա ձեր հոգու խորքում զղջո՞ւմ եք: Եկեղեցի գնացե՞լ եք, ներողություն հայցե՞լ եք. գնացած չե՛ք լինի, հայցած չե՛ք լինի:

Սիմոնյանի անժամանակ կորստով ԵՊՀ-ն զրկվեց իր յուրահատկությունը, իր սոլիդությունը, իր այլ լինելը պայմանավորող կարևոր կերպարներից և գույներից մեկից: Ինչպես հայտնի երգում է ասվում. «Երևանը տուն ու շենք չի, Երևանը մենք ենք», նույնը կարելի է ասել ԵՊՀ-ի մասին. համալսարանը աշխատասենյակ և պաշտոն չէ, համալսարանը մարդիկ են, կերպարներն են, այսինքն՝ իրական համալսարանականները: Արամ Սիմոնյանը ահա այդպիսի դասական համալսարանական էր, ում հեռացումը գուժում է Երևանի պետական համալսարանի մի յուրահատուկ և տարբերվող էպոխայի ավարտ:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Տեսանյութեր

Լրահոս