Մոսկվան հայ-ադրբեջանական բանակցություններում թելադրում է իր օրակարգը․ վերլուծաբան

Վեցամսյա ընդմիջումից հետո նախօրեին Մոսկվայում կայացավ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի 10-րդ նիստը։

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ կողմերը քննարկել և hստակեցրել են իրենց մոտեցումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքներով` ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ։ Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր երթուղիների շուրջ, և կողմերը կշարունակեն աշխատանքը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։

Այս հանձնաժողովի աշխատանքների և հատկապես այս հանդիպման հետ կապված ուշագրավ հանգամանքն այն է, որ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո գործնական քայլեր սկսվեցին Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի ուղղությամբ, մի գործընթաց, որը, ի դեպ, ըստ հետպատերազմյան Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված 3 հայտարարությունների, ակնկալվում էր, որ պետք է ընթանա Մոսկվայում կամ Մոսկվայի միջնորդությամբ։ Սակայն ուկրաինական պատերազմից հետո ակտիվացած Բրյուսելը, ինչպես ռուսական դիվանագիտությունն է ասում, փորձեց խլել նախաձեռնությունը Մոսկվայից, և սահմանազատման գործընթացը կարողացավ մեկնարկել ոչ թե Մոսկվան, այլ Բրյուսելը։

Մայիսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնց ղեկավարները, ինչպես Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ապաշրջափակման գործընթացում, կրկին փոխվարչապետերն են՝ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը։ Այս հանդիպումից հետո ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում:

«Այն տեղի կունենա հաջորդ շաբաթ, մենք հույս ունենք»,- ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել էր Ռուդենկոն՝ առանց հավելյալ մանրամասներ նշելու։ Եվ ինչպես ասել էր Ռուդենկոն, հանդիպումը կայացավ, սակայն պաշտոնապես նշվեց, որ դա ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հանդիպումն է։ Եվ այս պահին դեռ անորոշ է հարցը, թե ինչու պաշտոնապես չնշվեց և չկայացավ հենց ապաշրջափակման հարցով հանձնաժողովների հանդիպումը, եթե ավելի վաղ նշվել էր հենց այդ հանձնաժողովի մասին, և ինչ ձևաչափով է ապաշրջափակման, սահմանազատման հարցերը քննարկվելու Մոսկվայի միջնորդությամբ։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168am-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը շատ պարզ է․ Մոսկվայում հարցերը քննարկվում են այն հաջողությամբ ու ձևաչափերով, որոնք սահմանել են կողմերը ՌԴ իշխանությունների հետ բանակցությունների հետևանքով։

Ի վերջո, նրա խոսքով, Բրյուսելը նոր է հայտնվել գործընթացում, իսկ Մոսկվան պատերազմից հետո կողմերի հետ բազմաթիվ պայմանավորվածություններ ու գործընթացներ ունի, որոնցից մեկն արդեն գործի գցված ու վերջերս անուշադրության մատնված ապաշրջափակման գործընթացն էր։ Նա նաև հիշեցրեց, որ սահմանազատման մասին առաջինը խոսել է ռուսական կողմը՝ ի դեմս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի։

«Չի բացառվում, որ Մոսկվայում այս երկու գործընթացները քննարկվեն միավորված տարբերակով։ Եթե քննարկվում է սահմանազատումը, ապա ինչո՞ւ ակտիվ չեն երկխոսում կողմերը ապաշրջափակման շուրջ և դադարել էին հանդիպել, ինչո՞ւ դեռ անցյալ տարի չսկսվեց սահմանազատումը։ Այսինքն՝ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն աշխարհաքաղաքական բնույթ ունեն, բայց քանի որ գործընթացը փակ է, կողմերը բանակցում են փակ դռների ետևում, չենք կարող հստակ ասել, թե ինչու Մոսկվայի միջնորդությամբ այս հանձնաժողովները բնականոն չսկսեցին գործել դեռևս անցյալ տարվանից։

Կան հարցեր նաև ռուսական դիվանագիտությանը, եթե այս գործընթացում ՌԴ բրոկերի դերը ՌԴ-ի համար կարևոր էր, ինչո՞ւ էր «դատարկություն» առաջացել, ինչո՞ւ չկային պայմանավորվածություններ գոնե գործընթացները սկսելու շուրջ, ինչո՞ւ դա սկսեց անել Բրյուսելը, և հիմա ռուսական կողմը ստիպված ակտիվացավ, թեև Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին ՌԴ դիվանագիտությունը, կրկին նշեմ, ինչպես նախորդ անգամ, չունի այդ ռեսուրսը այս հարցերով զբաղվելու»,- ասաց վերլուծաբանը։

Սակայն, ըստ Խրամչիխինի, Մոսկվան առաջ է մղելու իր օրակարգը։ «Դա նշանակում է՝ Մոսկվայի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործում, բանակցություններ այն հարցերի շուրջ, որոնք կիսատ էին մնացել, այսինքն՝ Բրյուսելի միջնորդությունը գուցեև գերիշխող չդառնա կամ կրի չափազանց ժամանակավոր բնույթ։ Հանգամանքը, որ Բրյուսելում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, սակայն Մոսկվան ընթանում է իր օրակարգով, արդեն խոսուն է, իսկ մնացածը կախված է արդյունքներից և հետագա գործընթացների հաջողությունից»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս