Մենք համոզված ենք, որ հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակը. Արմեն Գրիգորյան
Կառավարության նիստից հետո լրագրողներն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իր համար բանակցությունների ընթացքում էական է ազգերի ինքնորոշման սկզունքի վրա շեշտը դնելը, ապա հավելեցին, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ ԱԽ քարտուղարից ու նրա գործընկերներից երբեք ուղիղ պատասխան չեն ստանում:
Արմեն Գրիգորյանն ի պատասխան՝ մանրամասնեց. «Ընդհանրապես, թե ինչ փաստաթղթեր դրվեն հիմքում՝ դեռևս հենց հրապարակային քննարկումների շրջանակներում Հայաստանը հայտարարել է այն երեք փաստաթղթերի մասին, որոնց շրջանակներում է նաև տեսնում բանակցային գործընթացը: Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը:
Մենք համոզված ենք, որ հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակը, շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և համոզված ենք, որ սա այն կարևոր ուղղությունն է, որի ուղղությամբ աշխատելով՝ մենք արդյունքներ ենք ունենալու»:
Արմեն Գրիգորյանը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» թեզը շարունակում է մնալ իշխանությունների օրակարգում՝ նկատելով, որ այդ հարցին վարչապետն արդեն պատասխանել է:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին՝ ԱԽ քարտուղարը վստահեցրեց. «Այս բանակցությունները տեղի են ունենում Բրյուսելում, և Բրյուսելից եղել է պարզաբանում, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել:
Ի դեպ, սրա մասին նաև Մոսկվայի մեր գործընկերներն են հայտարարել ,հենց 2021-ի նոյեմբերին փոխվարչապետ Օվերչուկի կողմից հայտարարություն է եղել, որտեղ նա նշել է՝ միջանցքային տրամաբանության որևէ հարցեր չեն քննարկվում: Իհարկե, Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ էր անում»:
Նա վստահեցրեց՝ ինչ բանակցում են, հստակ հայտարարում են։
Նշենք, որ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու, այդ թվում՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ։