«Վատ բան չեմ տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները ներառի նրանց դրոշի մասին տեղեկությունը». Քրիստիննե Գրիգորյան

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ մայիսի 30-ին Երևանում բողոքի ակցիայի ընթացքում իրենց  արձանագրած դեպքերից տեսանելի է, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել: Ակնհայտ էր նաև, որ մթնոլորտը մի փոքր լարված էր։

«Մենք տեսանք, որ մտադրություն կար շենք ներխուժելու, այսինքն՝ ուժի կիրառմամբ, և այլն։ Մենք, բնականաբար, մեր արձանագրած նյութերը կոնկրետ փաստերով, տեսանյութերով և այլ հարցեր ուղղել ենք ոստիկանությանը։ Նաև պարզելու համար, թե մեր ներկայացրած փաստերով ոստիկանության ծառայողների նկատմամբ ինչ գործընթացներ են սկսում, և պահանջել ենք, որպեսզի պատշաճ իրավական գնահատականի արժանացնեն:  Եթե այստեղ չենք կարողանա պնդել, որ այստեղ քրեական արարքի տարրեր կան, ապա պետք է բազմակողմանի քննության արդյունքում դրանք բացահայտվեն։ Նախորդիվ գործողությունների հետ կապված առնվազն ես ծանուցվել եմ, որ կան քրեական գործեր, նաև կարգապահականներ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում սաց Քրիստիննե Գրիգորյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին պատասխան չունի, թե ոստիկանությունն  ինչ միջոցներ է ձեռնարկում մայիսի 30-ին ուղարկված իր դիմումի առնչությամբ։

«Մենք հետամուտ ենք լինելու նախորդիվ մեր ծանուցած դեպքերի ընթացքին, որովհետև պետք է հետևենք, թե կարգապահականներն ինչպիսի տեղ բերեցին, քրեական վարույթը և այլն»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 4-րդ դպրոցի բաց դասին, որտեղ հանրահռչակվել է Ադրբեջանի դրոշը, Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ դեպքը ՄԻՊ-ի կողմից ուսումնասիրվել է։

«Մենք տեղեկացված ենք, որ նշված դպրոցում անցկացվել է բաց դաս, դասի թեման եղել է հարևան պետությունների խոհանոցը։ Ես որևէ վատ բան չեմ տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի նրանց դրոշի մասին տեղեկությունը, նրանց ազգային առանձնահատկությունների վերաբերյալ պատմության, պատմական հարաբերությունների ու նաև խոհանոցի։ Ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում, հակառակը՝ պատկերացնում եմ, որ երեխայի կրթության, զարգացման, իրազեկման տեսանկյունից շատ կարևոր է պատկերացնել այն միջավայրը, որում երեխան ապրում է:

Ես չափազանց ամոթալի եմ համարում նման թիրախավորած նյութի մանիպուլյացիան, երեխաների նկարներով կամ դրոշների նկարներով, դա շատ էժան մանիպուլյացիա էր»,- շեշտեց Քրիստիննե Գրիգորյանը։

Նա նաև հաստատեց այն տեղեկությունները, որ բաց դաս կազմակերպած ուսուցչուհին իր ազգականն է, պնդելով,  որ իր ազգականը մասնագիտական հարցերով իր հետ չի խորհրդակցում։

Տեսանյութեր

Լրահոս