Հույժ գաղտնի կետերով նախագիծ՝ «Սփյուռքի մարդկային ներուժի վերհանում, քարտեզագրում» միջոցառման առնչությամբ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 2-ին, անցկացնում է հերթական նիստը. օրակարգում ընդգրկված է 45 հարց, որից 40-ը՝ չզեկուցվող, այդ թվում՝ 3-ը՝ գաղտնի:

Չզեկուցվող հարցերից է նաև վարչապետի աշխատակազմի կողմից մշակված՝ Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին նախագիծը, որի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը գաղտնի են:

Հիմնավորումից տեղեկանում ենք, որ այս նախագիծն առնչվում է «ՀՀ զարգացման գործընթացներում սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրի՝ «Սփյուռքի մարդկային ներուժի վերհանում, դրա քարտեզագրում և տեղեկատվական բազայի ստեղծում» միջոցառմանը, որի համար պետբյուջեից հատկացվել է 75 միլիոն դրամ:

Առաջարկվում է փոփոխություններ կատարել 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման մեջ՝ նախատեսված միջոցառման ժամանակին և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի տարեվերջյան ասուլիսի ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել էր, որ «Սփյուռքի ներուժի քարտեզագրում» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է տվյալների մուտքագրման փակ, անընդհատ թարմացվող և բազմաֆունկցիոնալ բազա:

Նա նշել էր, որ ծրագրի նպատակն է՝ ստեղծել սփյուռքի մարդկային ներուժի տվյալների մի համապարփակ բազա, որտեղ կարտացոլվեն այն սփյուռքահայերի ամբողջական տվյալները, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանը:

Հետաքրքրական է, որ այս ուղղությամբ կառավարության ու Սփյուռքի գործերի հանձնակատարի ջանքերը հաճախ որակվում են՝ իբրև Սփյուռքը պառակտելու գործընթաց:

Դեռ ամիսներ առաջ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն էր հայտարարություն տարածել՝ շեշտելով.

«Ազգային տարածքում հակասություն առաջացնելով CCAF-ի դեմ, որը, ըստ նրա, չունի «Ֆրանսիայի հայերի բացառիկ ներկայացուցչությունը», պարոն Զարեհ Սինանյանը ստանձնել է ծանր պատասխանատվությունը՝ փորձելով հարվածել նրա վստահությանը, և դա հենց իր ամենամյա ընթրիքի հաջորդ օրը։

Մենք ցավում ենք, որ պարոն Սինանյանը, ով առնվազն մեկ տարի փորձում է առաջ մղել փոքր խմբերին, որոնք հանդես են գալիս որպես CCAF-ի այլընտրանք, շարունակում է մնալ Ֆրանսիայում Հայաստանի շահերին հակառակ: Գործելով այս կերպ՝ Գերագույն հանձնակատարն իր վրա է վերցնում շատ ծանր պատասխանատվությունը պատմության մեջ թուլացնելու մի համայնք, որն իր ուժը հենց իր միությունից է քաղում»:

Նման արձագանքներ, ի դեպ, այս ընթացքում հնչել են Սփյուռքի տարբեր գաղթօջախներից:

Կառավարությունն ու նրան ենթակա Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը մի կողմից խոսում է Սփյուռքի ներուժը վերհանելու վեհ առաքելության մասին, մյուս կողմից՝ չի խուսանավում այնպիսի աղմկահարույց մտքեր հայտնել, ինչպես, օրինակ, թե Սփյուռքի այն հատվածը, որն այսօր ընդվզում է, «25 տարվա անաստված թալանի, կեղեքման և Հայաստանի մաշման գործընթացներին ուղղակիորեն մաս են կազմել», թե պատերազմից հետո սփյուռքյան որոշ կառույցներ քաղաքական պատճառներով որոշել են թշնամաբար վերաբերվել պետությանը, կառավարությանը և պնդել, թե ինստիտուցիոնալ կառույցները մենաշնորհային կարգավիճակ ունեն ՀՀ-ի հետ հարաբերությունների մեջ և այլն:

Ինչ խոսք, հետաքրքրական է, որ այս նախագծում հույժ գաղտնի են մի քանի կետեր:

Տեսանյութեր

Լրահոս