«Հաշվարկն արված է չարացած զանգվածին մոլորեցնելու և ընդդիմությանը վարկաբեկելու նենգ մտադրությամբ». Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ
Ոստիկաններին, իբր հարվածելու համար կալանավորվել են 8 ցուցարարներ։ Նրանց մեջ են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանը, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանը։ Մինչ այդ նույն մեղադրանքով կալանավորվել էր գեներալ Յուրի Խաչատուրովի որդի Իգոր Խաչատուրովը։
Եթե Իգոր Խաչատուովի որդուն կալանավորելը բռնապետիկի կողմից Յուրի Խաչատուրովի հանդեպ վրեժխնդրության հերթական ողորմելի որոշումն էր, ապա Սուրիկ Խաչատրյանի և Ալեքսանդր Սարգսյանի որդիների կալանավորումը շատ խորամանկ ու նենգ հաշվարկ է։
Հանրության մեջ վաղուց բացասական վերաբերմունք է ձևավորվել, ինչպես Ալեքսանդր Սարգսյանի( խոսքը չարաբաստիկ, չապացուցված 50-50%-ների մասին է), այնպես էլ, իրավացիորեն Սուրիկ Խաչատրյանի մասին։ Եվ ահա, նրանց որդիները կալանավորված են։ Հաշվարկն ուղղված է, թեկուզ բռնապետիկին չընդունող, բայց միամիտ, չմտածող, տրամաբանություն չունեցող զանգվածին․
«Դրանց հասնում է, վերջապես, հաստատ խփած կլինեն և այլն»։
Եվ այս զանգվածին բնավ չի հետաքրքրում, որ բացի ոստիկանների ցուցմունքներից, որևէ այլ ապացույց, տեսանյութ գոյություն չունի և չէր կարող ունենալ։ Պարզ չի՞, որ ցուցարարներից հատկապես նրանք եղել են հատուկ ծառայությունների տեսախցիկների հատուկ ուշադրության կենտրոնում և նման արարքի դեպքում, մեծ «հաճույքով» քննչական մարմինները տեսանյութերը կհրապարակեին։
Պարզ չի՞, որ այդ անձինք, իմանալով իրենց նկատմամբ հատուկ ուշադրությունը՝ հատկապես զգույշ կլինեին։ Բայց նորից եմ կրկնում, հաշվարկն արված է չարացած զանգվածին մոլորեցնելու և ընդդիմությանը վարկաբեկելու նենգ մտադրությամբ։
Իրականում, անկախ թե ինչպես ենք վերաբերում այդ անձանց և նրանց ծնողներին, անկախ նրանց անցյալից, այսօր նրանք դասական քաղբանտարկյալներ են։