«Իրենք մնացել են իրենց «պրիոմի» տակ». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
«Չեմ կարծում, որ մենք իրենց կօգնենք, մենք իրենց թույլ ենք տալու, որպեսզի իրենք մինչև վերջ մաշեցնեն իրենց բոլոր հնարավորությունները։ Իրենք մնացել են իրենց «պրիոմի» տակ։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ ժողովրդից ներողություն խնդրել, որ ստիպված են լինում խցանումների ու այս իրավիճակների ականատեսը լինել։ Մի քիչ դիմացեք, և այս ամենը կանցնի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության փողոցային պայքարին՝ կառավարության հրաժարականի պահանջով։
Իսկ իշխանությունն ինչո՞ւ հասարակությունից ներողություն չի խնդրում երկրին հասցրած կորուստների համար՝ Արցախի 75 տոկոսի կորուստ, Գորիս-Կապան ճանապարհի հանձնում թշնամուն, անվտանգության խնդիրներ, ռազմական ակտիվ գործողությունների դադարից հետո անգամ գրեթե ամեն օր տված զոհերի և այլնի համար: Լրագրողի այս հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դրա համար վաղուց ներողություն խնդրել են և դրա համար էլ գնացել են արտահերթ ընտրությունների և հանձնվել են ժողովրդի դատին։
«Այն իշխանությունը, որը ժողովուրդը 2018 թվականին տվել է մեզ՝ մենք վերադարձրել ենք ժողովրդին, և նա նորից պատվիրակել է այնպիսի ընտրություններով, որը որևէ մեկի մոտ կասկած չի առաջացրել։ Գիտեք ինչ, ամեն անգամ 2-3 ամիսը մեկ նույն բաները կրկնելով և նույն բաները մատնանշելով՝ ընդդիմությունը որևէ բանի չի հասնի, և դուք՝ նույնպես»,-խոսքն ուղղելով լրագրողին՝ նշեց ԱԺ նախագահը։
Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհին, Ալեն Սիմոնյանն ասաց, թե որևէ մեկը որևէ բան չի հանձնել, ուստի պետք չէ երկար բանավեճի մեջ մտնել։
Անդրադառնալով հունիսի 3-ին ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին ՔՊ-ի չմասնակցելուն և այն խոսակցություններին, որ Ալիևը թույլ չի տալիս իշխանությանը մասնակցել այն քննարկմանը, որը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, Ալեն Սիմոնյանը հերքեց, հակադարձելով, որ ընդդիմության գործելաոճն է համընկնում Ալիևի գործելաոճի հետ։
«Այս առումով ասելիք չունեմ, ակնհայտ է, որ այդ գործողությունները համատեղ են իրականացվում։ Թե ինչու չենք մասնակցում, հայտարարության մեջ ամեն ինչ ասված է, այդ նախաձեռնությունը ևս մեկ փորձ է իրավիճակից ինչ-որ ելք գտնելու, Իշխան Սաղաթելյանը որ ասում է՝ 72 ժամ մնաց, մի քիչ էլ դիմացեք, չեն հասկանում, որ այդ բառերով իրենց մատնում են։ Տուպիկի առաջ են կանգնած և փորձում են դրանից ելք գտնել։ Բայց ամեն անգամ իրենց երթերը, ցույցերը, հայտարարությունները ոստիկանության մասին, ուղղակի ապշում եմ»,- հավելեց նա։