«Պետք է հարուցվի քրեական գործ և Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ»․ Արծվիկ Մինասյան
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով գնացել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ՝ սատարելու 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին, որոնք վաղ առավոտից ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու և դատական նիստը դռնբաց անցկացնելու պահանջով։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ մեկ տարուց ավելի է՝ դիմումներ, հաղորդումներ են եղել հանցագործության մասին առ այն, որ Նիկոլ Փաշինյանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք կատարել են այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով ունեցել ենք այսպիսի կորուստներ․
«Այդ գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով բնութագրվում են՝ որպես պետական դավաճանություն։ Այս ժամանակահատվածում այդ դիմումները բազմաթիվ մարմիններում մերժվել են, վերջին դիմումը, որ վիճարկվում է դատախազության անգործությունը, գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում։ Դատական նիստը՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, երեկ ընդհատվեց մի միջադեպի պատճառով, որի հետևանքը եղավ այն, որ դատավոր Բիշարյանը վերադարձավ և հայտարարեց, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնատար մի շարք անձանց նկատմամբ առերևույթ պետական դավաճանության հաղորդման հիմքով քրեական գործ հարուցելու դատաքննությունը պետք է իրականացնի փա՛կ»։
Մինասյանը շեշտեց, որ սա ոչ այլ ինչ է, քան փակուղի տանել այս գործը և կայացնել հերթական ապօրինի որոշումը։
«Այս գործի ելքը պետք է լինի այն, որ պետք է հարուցվի քրեական գործը և Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյա՛լ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում