Դատավոր Կարեն Բիշարյանը կշարունակի քննել Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքն առերևույթ պետական դավաճանության փաստով
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանն ինքնաբացարկ չի հայտնի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան, նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի վարույթից:
Քիչ առաջ ուղիղ կես ժամ ուշացումով խորհրդակցական սենյակից վերադարձած Կարեն Բիշարյանը որոշեց մերժել դիմող կողմի միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր վերսկսվել է Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան, նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի բողոքի քննությունը։
Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Ինքնաբացարկի հիմքը ոչ օրինական հիմքով ձևավորված դատարանին է վերաբերում և այն հանգամանքին, որ դատավոր Բիշարյանը հայտնի է՝ որպես իշխանությունների կամքը կատարող դատավոր:
Ծնողները նույնպես պահանջում էին, որ Կարեն Բիշարյանը չքննի այս գործը:
Դատական նիստի ընթացքում՝ մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը, դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ դիմող կողմը միջնորդությանը կցել էր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահին ուղղված իրենց հարցումը:
Վերադառնալով ու հարցմանն ու դրա պատասխանին անդրադառնալով՝ Կարեն Բիշարյանը հայտարարեց՝ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի հարցով որոշում կայացնելու:
Մինչ խորհրդակցական սենյակ գնալը, սակայն, իրարանցում սկսվեց դատարանում, ծնողները, մասնավորապես՝ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը, բավականին սուր խոսքերով դիմեցին դատավորին, դատախազներին: Այնուամենայնիվ, դատավորը հեռացավ որոշում կայացնելու՝ մինչ այդ ասելով, որ այն կհրապարակվի 17:00-ին:
Ինքնաբացարկի միջնորդության մերժումից հետո դատական նիստը շարունակվեց:
Հ.Գ. Ի դեպ, այն բանից հետո, երբ դատավորը հերթական նկատողությունը հայտարարեց դահլիճում նստած ծնողներին, երբ վերջիններս փորձում էին հասկանալ իրենց իրավունքները որպես տուժողներ, դահլիճում աղմուկ, իրարանցում սկսվեց: Ո՛չ դատավորը, ո՛չ դատախազը և ո՛չ էլ դատական կարգադրիչները չէին կարողանում հանդարտեցնել իրավիճակը:
Ծնողներն իրենց վրդովմունքը հայտնեցին դատավորին, ապա լքեցին դահլիճը՝ ասելով՝ ցանկություն չունեն լսելու նրան: