Նիկոլ Փաշինյանը Արմեն Ռուստամյանին խոստացած բացահայտումն արեց Ազգային ժողովում
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Արմեն Ռուստամյանին խոստացած բացահայտումն արել է՝ նշելով, որ ճիշտ կլիներ՝ ընդդիմության ներկայությամբ սա աներ, սակայն չի խանգարում բացահայտումների դիմել առանց նրանց, և երբ գան ԱԺ՝ կրկնի այն:
Փաշինյանն ասել է՝ որոշ գործընթացների և ելույթների հետևելիս՝ տպավորություն է ստացել, որ կան շրջանակներ, որոնց առաջնային խնդիրն իրենց թողած բանակցային ժառանգության հետ կապված ճշմարտությունը բացահայտելուն խոչընդոտելն է:
«Շատերն արդարացիորեն խոսում են, որ Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվեր և հենվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ-ի կողմից անկախություն հռչակելու փաստի հետ և 1991-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի հետ, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հռչակել է անկախություն: Եվ հայկական նարատիվը միշտ եղել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և սահմանված կարգով դուրս է եկել Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից: Հիմա 2007 թվականին ՀՀ-ն որպես բանակցային հիմք ընդունում է «Մադրիդյան սկզբունքները», որտեղ ասվում է՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով: Սա նշանակում է՝ հայկական կողմն այդ հենքն ընդունելով՝ ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն: Հայկական կողմը, երբ ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա բոլորս նստած ենք եղել: Որովհետև եթե մենք արդարացիորեն ասել ենք՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչի՞ ենք Ադրբեջանի հետ քննարկում նրա նոր կարգավիճակ ստանալու հարցը: Ավելին, ասում ենք, որ իր հետ համաձայնեցված պայմաններում պիտի դա տեղի ունենա:
Այսինքն, «Մադրիդյան սկզբունքներն» ընդունած կառավարության ներկայացուցիչներն այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչներն են, որոնք Ադրբեջանին վետոյի իրավունք են տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում: Հաջորդը՝ արձանագրելով, որ այդ ապագայի հանրաքվեին պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիները, ևս մի հարված է հասցվել 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի լեգիտիմությանը՝ անուղղակի ընդունելով, որ այն ժամանակ ադրբեջանցիները չեն մասնակցել այդ հանրաքվեին, որը լեգիտիմության խնդիր է առաջացնում: Բայց ամենամեծ սենսացիոն փաստն այն է, որ «Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է: Հետո ասում են՝ մենք առաջնորդվել ենք նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մադրիդյանն ընդունելու պահին դուք արդեն ընդունել եք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է»,- նշել է Փաշինյանը:
Նա շարունակել է, որ համանախագներին հարցրել է՝ ասելով․«Ես նոր մարդ եմ, ասեք՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակում կարո՞ղ է Լեռնային Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում»։ Իրենք էլ կարճ դադարից հետո ասել են․ «Այո, եթե Ադրբեջանը համաձայնի»:
«Դրանցով Ադրբեջանին վետո է տրվել Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցում: 2016-ին Ադրբեջանի նախագահը կառավարության նիստում ասում է՝ կուլիսներում ճնշում են, որ ես ճանաչեմ Ղարաբաղի անկախությունը, բայց մենք դա չենք անի: Հայաստանում դա ֆուրոր առաջացրեց, պետական մակարդակով դա ներկայացվեց՝ որպես հաղթանակ: Ոչ մեկը չի ասում՝ ինչո՞ւ են Ադրբեջանի հետ այս խոսակցությունը վարում: Ի՞նչ է նշանակում այդ դրվագը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգային ճանաչումը կախված է Ադրբեջանից: Բա ինչո՞ւ միջազգային հանրությունը չէր ասում՝ ես կճանաչեմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը»,- հավելել է Փաշինյանը:
Այնուհետ նա անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրապարակած փաստաթղթին, թե իբր Փաշինյանն ասել է, որ ինքը եկել է փուլային տարբերակի:
«Հրապարակում է այն նույն փաստաթուղթը նույն վերնագրով, որը ես եմ ասել, որ դա փաթեթային է: Ինքը էդ նույն փաստաթուղթը հրապարակում է՝ հիմնավորելով, որ դա փաթեթային է,- շեշտել է Փաշինյանը՝ նշելով, որ դեռ շատ դրվագներ պիտի համաձայնեցվեր, այնուհետ հավելել է,- Այսօր ասում են՝ մենք եկել ենք և պատերազմ բերել: Ոչ, մենք պատերազմ չենք բերել, դուք պատերազմն անոնս եք արել ու գնացել եք: Այդ պատերազմը կանխելու մեկ ձև կար՝ ընդունել Ադրբեջանի բոլոր ոչ ընդունելի պայմաններն ու պահանջները: Պատերազմը 2016-ի ապրիլին սկսել էր, և Սերժ Սարգսյանն ինքն է այս ամբիոնից անոնս արել ու ասել՝ պատերազմ չլինելու հույս չունենաք: Մենք հիմա ամեն հնարավորն անում ենք, որ ԼՂ հայության անվտանգությունը ու կարգավիճակի հարցը լուծվի, բայց ասում ենք, որ մեր օրակարգի ամենավերևում խաղաղությունն է: Մենք գնալու ենք մեր ժողովրդի, մեր հայրենիքի, տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու հետևից: Մենք այդ ճանապարհին ընկելու ենք, վեր ենք կենալու, մեզ հայհոյելու են, դավաճան են ասելու, տականք են ասելու, սրիկա են ասելու, ինչ ասես ասելու են, բայց մեզ մեր նպատակից չեն շեղվելու»,- եզրափակել է Փաշինյանը՝ շեշտելով, որ գնում են այդ նպատակին, թեպետ գիտակցում են, որ միայն իրենցից չի կախված դա, սակայն իրենցից կախվածը պարտավոր են անել: