Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում էր ենթադրյալ կաշառքի կամ «Սիլվայի գործով» դատական նիստը, որով որպես մեղադրյալներ՝ անցնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ, այժմ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Դատարանը քննում էր պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը ժամանակ էր խնդրել՝ լրացուցիչ նյութեր տրամադրելու համար։
Ալումյանը հայտնեց, որ մայիսի 17-ին նամակով դիմել է գլխավոր դատախազին և խնդրել տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ հիմնավորմամբ է որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Պաշտպանը նաև խնդրել է տրամադրել կա՛մ համապատասխան որոշման պատճենը, կա՛մ հայտնել, թե ի՞նչ հանգամանքներ են հաշվի առնվել այդ գործով։ Սակայն մինչ օրս գլխավոր դատախազից պատասխան չկա։ Նույն խնդրով Ալումյանը դիմել է նաև Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից պատասխանել են, որ օրենքով նախատեսված չէ այդ տվյալների տրամադրումը։
Այնուհետև Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ դիմել է մեկ այլ գործով պաշտպան Ամրամ Մակինյանին, ներկայացրել է դատական նիստի տեսաձայնագրությունը և խնդրել նրան տեղեկություն տրամադրել իր պաշտպանյալի վերաբերյալ։ Նամակին ի պատասխան՝ Մակինյանը տրամադրել է Հակակոռուպցիոն կոմիտեի Քննչական երրորդ վարչության պետի պաշտոնակատար Հրաչ Մուշեղյանի 22․11․2021 թ․-ի որոշումը։ Ներկայացնելով փաստաթուղթը դատարանին՝ Ալումյանը միջնորդեց դատական նիստը շարունակել դռնփակ ռեժիմով, քանի որ պատասխանի մեջ գրվածը, ինչն էլ պետք է հետազոտվի, վերաբերում է սույն դատավարության հետ մասնակից չհանդիսացող անձին։
Նիստը շարունակվեց դռնփակ ռեժիմով:
Հարցի քննարկումից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ հրապարակելու որոշումը:
17:30-ին հրապարակվեց դատարանի որոշումը, ըստ որի՝ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ 2020 թ․ հունիսին Վերաքննիչ քրեական դատարանը 2 մլրդ դրամ գրավ է կիրառել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Պաշտպանական կողմը միջնորդել է վերացնել Հայաստանի համար աննախադեպ չափի գրավը կամ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, պատճառաբանելով, որ չկան այն ռիսկերը, որոնք կանխելու համար անհրաժեշտ է տվյալ խափանման միջոցի կիրառումը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին՝ ժամը 13։00-ին։