Անհայրենիք տեսակին հորդորում եմ՝ չհամարձակվե՛ս պիտակավորել արժանապատիվ սփյուռքին. կանադահայ գործիչ Խորեն Մարդոյան

Օրերս Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացրել էին՝ ավարտվել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Սիրիա և Լիբանան: Պարզվեց, սակայն, որ այս այցերի պաշտոնական մասից զատ՝ եղել են հանդիպումներ, որոնք Սփյուռքի գլխավոր հանձնակատարին դրել են «անհարմար դրության մեջ»:

Այս հանդիպումներից ստացած տպավորությունները նա օրերս ներկայացրել էր լրատավամիջոցներից մեկի հետ զրույցում՝ մասնավորապես տեղեկացնելով, որ «Սիրիայի ու Հալեպի հանդիպմանը եղան երիտասարդներ, որոնք խոստովանեցին՝ ՀՅԴ-ից էին, և տղաներին պատրաստված տեքստեր էին տվել: Սփյուռքի գործերով հանձնակատարը համոզում էր հայտնել, թե ՀՅԴ երիտասարդները Սփյուռքում տոքսիկ ինֆորմացիաներ են ստանում Հայաստանից:

Զարեհ Սինանյանի այս և այլ աղմկահարույց հայտարարությունների մասին 168.am-ը լսեց Կանադայի Տորոնտոյի հայ համայնքի հասարակական գործիչ Խորեն Մարդոյանի դիտարկումները:

Պարոն Մարդոյան, այս օրերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացներից անմասն չեն սփյուռքի մեր հայրենակիցները, սակայն, որքան էլ տարօրինակ է՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կարծիքով, Սփյուռքի այն հատվածը, որն այսօր ընդվզում է, «25 տարվա անաստված թալանի, կեղեքման և Հայաստանի մաշման գործընթացներին ուղղակիորեն մաս են կազմել»: Ինչպե՞ս եք գնահատում նման ձևակերպումները Սփյուռքը ներկայացնող պաշտոնյայի կողմից:

– Նախ կուզեմ նշել, որ Սփյուռքի հանձնակատարին ուղղված իմ քննադատություններն այն մասին, որ բավական է նա հանդիպի հատվածային սփյուռքի և դրսում իր ընկերական շրջապատի հետ՝ նրանց ներկայացնելով որպես հայ համայնք, վերջապես տեղ հասավ: Լիբանան և Սիրիա այցելության ժամանակ նա համարձակություն ունեցավ իր մեջ ուժ գտնելու և հանդիպելու հայկական կազմակերպված սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ, որը շատ գովելի էր: Բայց արի ու տես, որ նրա հանդիպումները այնքան էլ հարթ չեն անցել: Դրա վառ ապացույցն է լրտավամիջոցներից մեկին տված նրա հարցազրույցը, որում նա անամոթաբար նշում է, թե սփյուռքի այն հատվածը, որն այսօր ընդվզում է՝ «25 տարվա անաստված թալանի, կեղեքման և Հայաստանի մաշման գործընթացների ուղղակի մաս են կազմել»:

Անկեղծ ասած, թերևս, նախկինում եղել են մի քանի անհատներ, որոնք ուղղորդվել են այս կամ այն սեփական շահով և իրենց անպարկեշտ գործունեությամբ ստվերել սփյուռքի ազնիվ և հայրենասեր այն հատվածը, որի համար Հայրենիքն ու պետականութունը վեր են ամեն ինչից, և հանձնակատարի կողմից հնչեցրած այդ գնահատականը, ինչպես նաև բոլորին մեկ նժարի վրա դնելը համարում եմ անբարոյականություն, որը ոչ մի աղերս չունի ներկայիս իրականության հետ:

Օրվա ընթացքում, հեռակոնֆերանսի միջոցով կապի մեջ եմ Տորոնտոյի, Մոնրեալի և Վանկուվերի տարբեր կառույցների ղեկավարների, կանադահայ արժանապատիվ մեր հայրենակիցների հետ: Նրանք բոլորը տարակուսած և ընդվզած են հանձնակատարի այս զրպարտիչ գնահատականից, և ինքը շատ շուտով համայնքային կառույցների մակարդակով ստանալու է իր պատասխանը:

Ինչ վերաբերում է նրա ասածներին, ես ուզում եմ օրինակը բերել հենց իմ անձի վրա, որ որևէ մեկին անհարմարություն չպատճառեմ: Ես, որպես կանադահայ, որը շուրջ 17 տարի բնակվում է Տորոնտոյում, հարց եմ տալիս հանձնակատարին, թող թվարկի, թե 17 տարվա ընթացքում ես, ապրելով և աշխատելով Կանադայում, ինչպե՞ս եմ թալանել և կեղեքել Հայաստանի Հանրապետությունը, այս ժամանակահատվածում իմ միակ նպատակը եղել է Հայրենիքիս և Բանակիս հզորացումը, և իմ միակ կուսակցությունը, որին անդամագրվել եմ 1994 թվականից, եղել, մնում է և կմնա հայկական բանակը: Իսկ իր անհայրենիք տեսակին հորդորում եմ. չհամարձակվե՛ս պիտակավորել արժանապատիվ սփյուռքին և բոլորին դնել մեկ նժարի վրա, այն սփյուռքին, որին քո խելագար ղեկավարը քեզ հետ միասին փորձում է պառակտել, սակայն ոչ մի կերպ չի կարողանում:

– Ի դեպ, մեկ անգամ չէ, որ սփյուռքից տարբեր հանրային գործիչներ ահազանգում են, որ այս իշխանությունները սև ու սպիտակի բաժանումները նաև մտցրել են սփյուռքյան կառույցներ: Այսօր Հայաստանում առկա գործընթացների մասին Սփյուռքում ի՞նչ հիմնական կարծիքներ են առկա: Ճի՞շտ են արդյոք այն տեսակետները, որ Զարեհ Սինանյանը և Փաշինյանի կառավարությունը լծված են սփյուռքը կազմաքանդելու գործին, հատկապես, երբ թե Էրդողանը, և թե Ալիևը մշտապես անհանգստացած են եղել կուռ հայկական Սփյուռքի ուժից:

-Փաշինյանի կառավարությունը ոչ թե վախենում, այլ սարսափում է սփյուռքից՝ զուտ միայն նրա համար, որ սփյուռքում ապրող յուրաքանչյուր արժանապատիվ հայ անխնա պայքար է տանում Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև Արցախյան հարցի արդարացի լուծման համար: Անշուշտ, հայկական սփյուռքը Էրդողանի և Ալիևի ահ ու սարսափն է նաև, զուտ նրա համար, որ, երբ հարցը հասնում է Արցախին և մեր պետականությանը, մենք դրսում դառնում ենք միասնական և բռունցքվում՝ հանուն մեր երկրի և պետականության՝ մի կողմ դնելով բոլոր տեսակի քաղաքական տարաձայնությունները, կուսակցական կամ հարանվանական պատկանելությունը:

Սակայն մեր հայրենիքում տեղի է ունենում հակառակը. վարչապետի աթոռը զավթած անձնավորությունն իր թրքահպատակ իշխանության անդամների հետ միասին ազդարարել է խաղաղության դարաշրջան մեր դարավոր թշնամի թուրքի և ադրբեջանցու հետ, և այս հայրենիք չունեցողներն իրենց արյունոտ ձեռքերը լվացել են Արցախից և արցախցուց: Հիմա ասացե՛ք խնդրեմ, այսքանից հետո ինչպե՞ս պետք է սփյուռքն ընդունի այդ դավաճաններին: Կարծում եմ՝ պատասխանելու կարիք չկա, Նիկոլի՝ Հոլանդիա կատարած վերջին այցելությունը ձեզ օրինակ: Եվ այդպես նրանց հետ լինելու է ամենուր, որտեղ ապրում է արժանապատիվ հայը:

– Սփյուռքի գլխավոր հանձնակատարը ամիսներ առաջ նշել էր, թե պատերազմից հետո սփյուռքյան որոշ կառույցներ քաղաքական պատճառներով որոշել են թշնամաբար վերաբերվել պետությանը, կառավարությանը և պնդել, թե ինստիտուցիոնալ կառույցները մենաշնորհային կարգավիճակ ունեն ՀՀ-ի հետ հարաբերությունների մեջ: Դուք՝ որպես սփյուռքյան ինտիտուցիոնալ կառույցի ներկայացուցիչ, ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարությունների վերաբերյալ:

– Բացարձակ սուտ և իրականությանը չհամապատասխանող հերթական զրպարտանքը: Սփյուռքի ոչ մի կառույց կամ կազմակերպություն չունի մենաշնորհային կարգավիճակ. բոլորը միմյանց հետ համագործակցում են մեկը մյուսի նկատմամբ բացառիկ հարգալից վերաբերմունքով, ինպես նաև միասնաբար աշխատում հայապահպանման տարբեր ծրագրերի շուրջ:

Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ նկատի ունի Սինանյանը, երբ ասում է, թե որոշ սփյուռքյան կառույցներ քաղաքական պատճառներով պատերազմից հետո թշնամաբար են տրամադրված մեր պետականության հանդեպ: Իսկ միգուցե հակառակ պատկե՞րն է այսօր, երբ Հայի ու Հայկականի հետ կապ չունեցողները պետություն են ղեկավարում, 5000-ից ավելի երտասարդների մահվան պատճառ դարձած և 10 հազարին մոտ հաշմանդամություն ունեցող տղաների կյանքեր կեղեքած գերագույն գլխավոր դավաճանը դեռ սոսնձված է իր աթոռին և գտնվում է ոստիկանության ուժերի պահպանության ներքո:

Ասեմ ավելին՝ այս թրքահպատակ իշխանության ներկայացուցիչները, եթե նկատել եք, հենց որ նեղն են ընկնում և չեն ունենում որևէ հարցի պատասխան, անմիջապես արտաբերում են հետևյալ բառերը՝ նախկիններ, թալան, և այլն, և այլն: Ախր սրանք չունեն ոչ Հայրենիք, ոչ էլ սրբություն, որ կարողանան իրական հային առաջնորդել դեպի իրենց խոստացված ապագան:

– Ճի՞շտ է այն պնդումը, թե ՀՀ ժողովուրդը հունիսի 20-ին ԱԺ ընտրություններով որոշում է կայացրել կրկին ձայն տալ Փաշինյանի կառավարությանը, և թե պետք է սփյուռքը հասկանա և հարգի ՀՀ ժողովրդի կարծիքը, քվեն. այստեղ միայն նկատենք, որ մատնանշվող՝ հունիսի 20-ի քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.39 տոկոսը:

– Հայ ժողովրդի ընտրությունը բացահայտ կեղծել են, որովհետև հայ ժողովրդի ընտրությունը չէր կարող լինել Հայաստանն ու Արցախը թշնամուն հանձնելը… «Պետք է հարգեն…» խոսքեր ասելով էլ՝ ոչ ոք ոչ մեկին չի հարգում, հարգում են արած գործերով։ Ստելով ու կեղծելով հարգանք չես վայելի: Այսօր փաստ է, որ Նիկոլը այլևս չունի Հայաստանի ժողովրդի մեծամասնության աջակցությունը, և մարդիկ սկսել են գիտակցել, թե ինչպիսի աղետի առջև կանգնեցրեց այս ապիկար և թրքաբարո իշխանությունը ողջ հայ ժողովրդին:

Ոչ ոք չի կարող համոզել ինձ, որ հայ ժողովուրդը արտագաղթելը, ստորանալը կամ բնաջնջվելը նախընտրում է արժանապատիվ ապրելուց ու իր հայրենիքում զարգանալուց:

Բոլորս էլ տեսել ենք բռնաճնշումները, ընտրության ընթացքում և դրանից հետո ընդդիմադիրների ապօրինի ձերբակալություններն ու կալանքները, համայնքներում պետության բյուջեից բաժանված մեծաքանակ, այսպես կոչված, «օգնություններն» ու այլ օրինախախտումները… Միայն մեկ հարցի թող պատասխանեն. ինչպե՞ս կարող էին Հայաստանում լինել 2,6 միլիոն ընտրական իրավունք ունեցողներ, երբ 2,96 միլիոն ՀՀ քաղաքացիներից մոտ 600 հազարը մինչև 14 (նույնիսկ ոչ մինչև 18) տարեկաններն էին… Ովքե՞ր են այդ 300 հազարից ավելի ընտրական իրավունք ունեցողները. չէ՞ որ պարզ թվաբանություն է: Այնպես որ, միարժեք համոզված եմ՝ արդյունքները կեղծված են… Հայ ժողովուրդը ոչ մի մանդատ էլ չի տվել այս վարչախմբին և չէր էլ կարող տալ:

– Իշխանություններն արդյո՞ք այս հայտարարություններին զուգահեռ՝ սփյուռքից ֆինանսներ չեն պահանջում. օրինակ, Աննա Հակոբյանի և իրենց այլ ֆոնդերի, նախաձեռնությունների համար: Ի՞նչ օրինակներ կմատնանշեք:

-Անկեղծ ասած, ցանկություն չունեմ մեկնաբանելու պետական դավաճանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես, թե արդյո՞ք նրանք պահանջում են գումարներ սփյուռքից, թե՞ ոչ: Ես չեմ տիրապետում նման օրինակների: Իմ կարծիքով՝ դրա լավագույն պատասխանը կտան այն սփյուռքահայերը, որոնք ժամանակին հավատացել և նվիրատվություններ են արել: Կարելի է այդ մարդկանց շրջանակը պարզել և ուղղակի զրուցել նրանց հետ, և ամեն ինչ պարզ կլինի:

Վերջում, ցանկանում եմ ուղերձով դիմել մեր սիրելի հայրենակիցներին, որոնք պայքարում են մեր Հայրենիքի պետականության պահպանման, ինչպես նաև Արցախի համար.

Սիրելի՛ հայրենակից, Հայաստանի անկախացումից ի վեր հայկական սփյուռքը ամեն ինչով կանգնել և սատարել է Հայաստանին և Արցախին և մինչև այս պահն էլ ձեր թիկունքին կանգնած է: Սակայն այսօր հայկական սփյուռքն ունի ձեր կարիքը: Դուք այսօր ձեր պայքարով որոշում ենք ոչ միայն Արցախի, այլև համահայկական 7000000-անոց սփյուռքի ճակատագիրը: Դուրս եկեք Ֆրանսիայի հրապարակ և միասին պայքարենք մեր պետականության, ՀԱՅ մնալու, ինչպես նաև ազգային դիմագիծն ու պատկանելությունը պահպանելու համար: Աստված մի արասցե, եթե մենք չունեցանք Հայրենիք, Պետականություն և Հզոր բանակ, սփյուռքում գործող հայկական բոլոր կառույցները կդառնան առոչինչ: Մենք ուղղակի դատապարտված ենք ՀԱՂԹԱՆԱԿԻ: Աստված պահապան Հայաստանին և Արցախին:

Տեսանյութեր

Լրահոս