«Կարևոր հարցն այն չէ, որ որոշ մարդիկ վճարվում են հավաքին ներկա գտնվելու համար, այլ մարդկանց՝ իրենց կամքին հակառակ կամ բացահայտ սպառնալիքով հարկադրելը մասնակցել հավաքին». Ավետիք Իշխանյան
Դիտակել ենք 80 խաղաղ հավաք, և կարևոր խնդիր ենք նկատել ոստիկանների նույնականացման հետ կապված: Դա և ԵԱՀԿ-ի նորմերի մեջ է մտնում և նաև Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ փորձագիտական ուղեցույցների մեջ:
Այս մասին այսօր ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ապրիլ-մայիսին ընդդիմադիր շարժման ընթացքում խաղաղ հավաքների ընթացքում ուժային կառույցների գործողություններին նվիրված արտահերթ հրատապ զեկույցը հրապարակելիս:
«Խաղաղ հավաքների ժամանակ ամենակարևոր հարցերից մեկը ոստիկանության և իրավապահ մարմինների ուժերի համաչափ տեղակայումն է: Մայիսի 4-ին Ազգային ժողովի (ԱԺ) տարածքում ոչ միայն համաչափություն չկար, այլև կարծես թե խաղաղ հավաքի մասնակիցներին ահաբեկում էին դիպուկահարներով»,- ասաց իրավապաշտպանը:
Նա կարևորեց նաև խաղաղ հավաքների ժամանակ ընդդիմադիրների կողմից կարգադրիչների առկայությունը:
«Առաջարկում ենք, որ ցույցի կազմակերպիչներն ունենան կարգադրիչներ՝ թևապներում, որովհետև հիմնականում կարգադրիչի դերն առանց թևկապի կատարում են կարգադրիչները, բայց նրանք ամեն տեղ չեն հասցնի: Ցանկալի կլիներ, որ կարգադրիչներն ուղեկցեին ցուցարարներին, տարբերանշաններով, որոնց վրա գրված կլիներ «կարգադրիչ» բառը»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Նա խոսեց նաև խաղաղ հավաքների ժամանակ անհամաչափ ուժի կիրառման և բռնությունների մասին, բերեց կոնկրետ օրինակներ, այդ թվում՝ անչափահասի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման ու լրագրողների հետ կապված միջադեպերի մասին:
Անդրադարձ կատարվեց նաև «Անտարես» մեդիա հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպին, Ալեն Սիմոնյանի մոր կողմից ընդդիմադիր երթի ուղղությամբ թքելու, հայհոյելու դեպքին, որը, ի տարբերություն առաջինի, այդպես էլ չդատապարտվեց իշխանությունների կողմից, դեպի Գյումրի ավտոերթի ժամանակն իշխանությունների կողմից կազմակերպված սադրանքներին, սադրիչներին, Գյումրիում կազմակերպված սադրանքի արդյունքում տարեց անձանց ու ընդդիմադիր երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպին, ՔՊ-ական դերասան Գնել Սարգսյանի կողմից Մալաթիա-Սեբաստիա համայնքից մեկնարկած ընդդիմադիրների երթի մասնակիցներին հայհոյելու, նրանց հետ վիճաբանելու միջոցով սադրանք հրահրելուն, այլ դեպքերի ևս:
Իրավապաշտպանի խոսքով՝ այստեղ կարևոր դեր էր վերապահված ոստիկանությանը, որը պետք է կանխեր նման սադրանքները, մինչդեռ, օրինակ, դրա փոխարեն արգելում էր ընդդիմադիրներին մոտենալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի շենքին, ինչը զավեշտալի է:
Խոսելով 5165 շարժման անդամ, «ԱրԱր» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների նախագահ Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի ձերբակալության մասին, ով ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ կասկածվում է ընդդիմության հավաքներին և գործողություններին մասնակցելու համար Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահին յուրաքանչյուր ուսանողի հաշվարկով 1000 դրամ առաջարկելու մեջ, Քրեական օրենսրգրքի 163-րդ հոդվածով հարուցված քրեական գործի մասին, Ավետիք Իշխանյանն ասաց, որ դրան անդրադարձել է դեռևս 2021թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարված մշտադիտարկման մասին զեկույցում: Խոսեց այն մասին, թե ինչ է ասել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը այդ օրենքի մասին:
Ավետիք Իշխանյանն ասաց՝ իրենք նամակ են գրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամենաճանաչված, թիվ 1 փորձագետին: Իր պատասխան նամակում նա գրել էր, որ հանձնաժողովը հարցը քննարկել է: Խոսքը ոչ նախընտրական հավաքների ժամանակ նյութապես շահագրգռելուն է վերաբերում:
«Մեր ընդհանուր տեսակետն այն է, որ չկա վճարումն արգելելու և առավել ևս այն քրեականացնելու ոչ մի օրինական պատճառ մասամբ այն բանի համար, որ դա դժվար կլինի ապացուցել: Հավաքի մասնակցությունը վճարված կամ խրախուսման այլ ձևերի մասին պայմանավորված լինելու վերաբերյալ պնդումներն ավելի շուտ նպատակ ունեն խաթարել հավաքի կամ մոբիլիզացիայի արժանահավատությունը: Հարց է նաև առաջանում՝ ի՞նչ է կարող է դիտարկվել որպես վճար: Արդյոք դա կարող է լինել փո՞ղ, թե՞ այլ արտոնությունները նույնպես, օրինակ, մասնակիցներին անվճար տրանսպորտ տրամադրելը»,- գրել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետը:
Վերջինս հավելել էր, որ իր համար կարևոր հարցն այն չէ, որ որոշ մարդիկ վճարվում են հավաքին ներկա գտնվելու համար, առավել կարևորն է մարդկանց իրենց կամքին հակառակ կամ ուղղակի բացահայտ սպառնալիքով հարկադրելը մասնակցել հավաքին: