«Այն, որ Փաշինյանը ռուսամետ չէ, պարզ է հենց սկզբից, սակայն…»․ Տրոֆիմչուկ

«Փաշինյանի դեմ բողոքի թեման զարմանալի օրինակ է քաղաքական պատմության մեջ, թե իրապես որքան թույլ իշխանությունը, չգիտես ինչի վրա հենվելով, պահպանվում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական և անվտանգային ոլորտի վերլուծաբան, միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:

«Այլ հարց է, թե ընդդիմությունն ինչպես կարող է իրեն պահել մեկ այլ առանցքային հարցում՝ Ղարաբաղի հարցում։ Ռուսաստանի Դաշնության խնդիրն այստեղ այն է, որ ընդդիմությունը, ի տարբերություն Փաշինյանի, պատրաստ չէ իրեն հանգիստ ու զգաստ պահել, եթե Ադրբեջանը սկսի վերցնել Ղարաբաղի մնացած հատվածը։ Ուստի Փաշինյանին անձամբ չի հետաքրքրում, թե Հայաստանի ներսում ինչքան կտևի բողոքի ակտիվությունը, թեկուզ մի ամբողջ տարի։ Գլխավորն այն է, որ նորից չսկսվի պատերազմ, որն ունակ է նրան ոչնչացնել միանգամից մի քանի կողմից»,- ասաց Տրոֆիմչուկը:

Նա նշեց նաև, որ եթե ​​Փաշինյանին անտեսենք, ապա Հայաստանի շուրջ և ներսում իրավիճակը հավասարապես տագնապալի է։ «Ադրբեջանն ու Թուրքիան շատ զգույշ են առաջ շարժվում՝ հաշվի առնելով այն միտումները, որոնք առաջանում են ռուս-ուկրաինական առճակատման ֆոնին։ Իսկ Հարավային Կովկասում իրենցը բաց չեն թողնի։ Սակայն, ընդհանուր առմամբ, պետք է կրկնեմ այն, ինչ ավելի վաղ ասացի. այս ամենը չի կարող ավարտվել տարածաշրջանում կայուն խաղաղությամբ։ Այն կավարտվի նոր պատերազմով»,- ասաց Տրոֆիմչուկը:

Նա նշեց, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված բողոքի շարժումը Ռուսաստանից դիտվում է՝ որպես անվերջանալի գործընթաց, որպես ժամանակակից Հայաստանի «տեսարժան վայրերից մեկը»։
Տրոֆիմչուկի կարծիքով՝ ընդդիմությունը ոչ մի կերպ չի կարող տապալել նրան, ով պետական ​​բարձրագույն պաշտոնին հասել է հեղաշրջման միջոցով, և այս հեղաշրջումը հետագայում ավելի սահմանադրական չդարձավ, քանի որ այն փաթաթված էր անվանական ընտրական պատյանով։

«Հայաստանի ընդդիմությունը թույլ է, ուստի Փաշինյանի ուժը, այսպես ասած, հավասար է ընդդիմության թուլությանը։ Սակայն դա բառի բուն իմաստով ուժ չէ։ Բացի այդ, ինչպես դրսից երևում է, հայկական բողոքի ցույցը չի կարողանում գտնել անհրաժեշտ քաղաքական, տեխնոլոգիական կրեատիվությունը՝ հարձակվելու վարչապետի վրա՝ անընդհատ վերադառնալով հրապարակի ձանձրալի վրաններին»,- նման կարծիք հայտնեց Տրոֆիմչուկը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը 2018-ին կրեատիվություն էր գտել՝ ուսապարկով իշխանության գալով։

Ընդդիմության մյուս առանձնահատկությունը, ըստ փորձագետի, այն է, որ թե՛ ինքը՝ ընդդիմությունը, թե՛ Նիկոլ Փաշինյանը հիմնականում ռուսամետ են, ինչը նրանց նմանեցնում է առանցքային հարցերից մեկում։ Ուստի, նրա խոսքով, եթե Փաշինյանը, ինչպես նախկինում, կտրականապես դեմ լիներ Մոսկվային, ապա ընդդիմության համար շատ ավելի հեշտ կլիներ։

«Բայց նա, իբրև թե «կողմ է», անընդհատ այցելում է Ռուսաստան»,- ասաց Տրոֆիմչուկը, շարունակելով, որ Ռուսաստանն այնքան էլ անհանգստացած չէ՝ նայելով ներկայիս բողոքին։

Հարցին՝ ինչպե՞ս է դիրքավորված Ռուսաստանը, և արդյո՞ք Փաշինյանն իսկապես ռուսամետ է, Տրոֆիմչուկը պատասխանեց, որ Փաշինյանը Մոսկվային ձեռնտու է միայն այնքան ժամանակ, քանի դեռ չի ընկել Արևմուտքի «տակ» կամ «նույնիսկ պարզապես հասկացրել, որ կշարժվի այդ ուղղությամբ»:

«Բայց քանի դեռ դա այդպես չէ, ուրեմն Հայաստանը լարելն իմաստ չունի»,- ասաց նա:

«Այն, որ Փաշինյանը ռուսամետ չէ, պարզ է հենց սկզբից։ Բայց հիմա նա չի ընդգծում իր կերպարի այս կողմը, և սա առայժմ բավական է»,- նման կարծիք հայտնեց Տրոֆիմչուկը:

Տեսանյութեր

Լրահոս