«Հաագայի դատարանի որոշումը պարտավորեցնող է՝ Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի, որ հետայսու հայկական հուշարձանները չենթարկվեն վանդալիզմի». Րաֆֆի Քորթոշյան
Մայիսի 5-ին տելեգրամյան մի շարք ալիքներ գրեցին, որ Հաագայի միջազգային դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Արցախում Ադրբեջանի օկուպացիայի տակ անցած տարածքների բոլոր հայկական հուշարձանների իրավահաջորդ և իրավատեր է ճանաչվել հայկական կողմը։
168.am-ի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ նշեց, որ Հաագայի դատարանի որոշումն այնպես չէ, որ բառացի հայկական կողմին նման իրավունք է տվել։
«Քողարկված չասեմ, բայց տողատակերում կա նման բան, սակայն բառացի նման կերպ չէ ձևակերպած որոշումը։ Մենք ենթադրում ենք, որ եթե Հաագայի դատարանը Հայաստանի հայցն է բավարարել, ապա այդ բավարարման մեջ այն հուշարձանները, որոնք գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ, դրանց պատկանելությունը ճանաչել է հայկական։
Հաագայի դատարանի այս որոշումը պարտավորեցնող է, և Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի, որ հետայսու հայկական հուշարձանները, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ, չենթարկվեն վանդալիզմի, միտումնավոր չավերեն, դրանց պատմությունը չխեղաթյուրեն և չալբանացնեն։ Եթե հայկական կողմն էլ տեսնում է որևէ փաստ, որ Հաագայի դատարանի որոշումից հետո Ադրբեջանը վանդալիզմի այդ գործողությունները շարունակում է իրականացնել, ապա կարող է կրկին դիմել Հաագայի դատարան, կամ արդեն ուղիղ ՄԱԿ»,- նշեց Րաֆֆի Քորթոշյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի օկուպացիայի տակ անցած տարածքներում հուշարձանների ընդհանուր վիճակին, մեր զրուցակիցը նկատեց՝ Ադրբեջանն արդեն 30 տարի իրականացնում է իր մշակութային վանդալիզմի քաղաքականությունը և հայկական բոլոր սրբատեղիները օկուպացնելով՝ թույլ չի տալիս, որ հայերն այցելեն այդ վայրերը։
«Այսօր մեզանից խլել են Արցախի մի քանի տարածքներ այցելելու իրավունքը։ Այսօր Դադիվանքում մեր հոգևորականներն են, բայց ուխտավորները չեն կարողանում այցելել, Ծիծեռնավանք, Հադրութի Սպիտակ Խաչ եկեղեցի նույնպես չենք կարողանում այցելել, նաև Շահումյանի շրջանի բազմաթիվ վանքեր, որոնք հայի համար սրբավայրեր են։ Սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, սա Ադրբեջանի պետական քաղաքականությունն է։ Այսինքն՝ Ադրբեջան պետությունը գոյացել է՝ հենց հայկականը մերժելով, որովհետև նա տիրացել է մեր պատմական հայրենիքին և փորձել է հային տեղահանելով, ոչնչացնելով, հետագայում նաև հայի ստեղծածը վերացնելով՝ փորձել այդ տարածքները ներկայացնել՝ որպես սեփական տարածք»,- հավելեց Րաֆֆի Քորթոշյանը։
Անդրադառնալով Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ներկայիս վիճակին, մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին թարմ լուսանկարներ չունի ձեռքի տակ, որպեսզի հասկանան, թե ինչ վիճակում է եկեղեցին։ Փոխարենը՝ Ադրբեջանը «վերանորոգել» է մի քանի հայկական եկեղեցիներ, և ոչնչացրել է բոլոր հայկական հետքերը՝ դրանք ներկայացնելով՝ որպես ալբանական եկեղեցի։
«Սկզբում Ադրբեջանն ասում էր՝ Ղազանչեցոց ալբանական է, բայց ժամանակի ընթացքում հասկացան, որ ծիծաղելի է 19-րդ դարի եկեղեցին ներկայացնել՝ որպես ալբանական։ Կարծում եմ՝ Ադրբեջանն առաջին հերթին կվերացնի եկեղեցու հայկական արձանագրությունները։ Մենք ունենք հին լուսանկարներ մինչև 19-րդ դարի սկզբի Շուշիի ջարդերը, երբ եկեղեցու վեղարը եղել է։ Հետագայում Խորհրդային Միության ժամանակ վեղարը վերացվել է։ Հիմա Ադրբեջանը փորձում է վերականգնել ոչ թե եկեղեցու նախնական տեսքը, այլ այն վիճակը, երբ Ղազանչեցոցն առանց վեղարի էր»,- եզրափակեց Րաֆֆ Քորթոշյանը։