Իշխանության «փառահեղ» չորսամյակը
Չորս տարին, անշուշտ, ոչ շատ երկար, բայց բավարար ժամանակ է ցանկացած իշխանության համար, որպեսզի երկիրը դնի զարգացման հիմքերի վրա։ Սակայն այն, ինչ ունեցանք անցած 4 տարիներին, ուղղակի ողբերգալի է. փողոցից իշխանության եկածները, որոնք հեռու էին պետական կառավարումից, ոչ միայն երկիրը չկարողացան դնել զարգացման հիմքերի վրա, այլև 4 տարում հասցրեցին եղածն էլ քանդել ու կործանել։
Լիովին տապալել են երկրի պաշտպանության ու անվտանգության համակարգերը, աղետալի վիճակի են հասցրել տնտեսությունը, պետությանը դրել են հսկայական ֆինանսական պարտավորությունների տակ։
Սոցիալական պաշտպանության մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։ Էապես խորացել է աղքատությունը։ Սարսափելի չափերի է հասել արտագաղթը։
Սրանք մի մասն են այն բազմաթիվ աղետների, որոնք իրենց գործունեության այս 4 տարվա ընթացքում իշխանությունները բերել են ժողովրդի գլխին։
Իրենց մտածված ու չմտածված քայլերով երկիրը կանգնեցրել են անասելի փորձությունների ու գոյության փաստի առաջ։ Վերջին երեք տասնամյակում Հայաստանը երբևէ այսպիսի բարդ ու ծանր իրավիճակում չէր եղել, ինչպես հիմա է։
Եվ այդ ամենը՝ Նիկոլ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի «փառահեղ» աշխատանքի շնորհիվ։
Իշխանության գալուց հետո նրանք արեցին տրամագծորեն հակառակը, ինչի համար ժամանակին քննադատում ու պախարակում էին նախկիններին։
Պետական կառավարման համակարգը բարեփոխելու ու կրճատելու փոխարեն, ավելի ուռճացրեցին ու լցրեցին ծանոթ-բարեկամներով, քավոր-սանիկներով։ Համակարգի «բարեփոխումներն» ավարտվեցին մի քանի նախարարությունների ու գերատեսչությունների արհեստական միավորմամբ։
Բայց դրանից, պետական բյուջեի բեռը չթուլացավ։ Ընդհակառակը՝ կրճատման փոխարեն, այդ համակարգն ավելի ընդլայնվեց՝ ինչպես նոր կառույցների ձևավորման, այնպես էլ՝ աշխատողների թվի ավելացման հետևանքով։
Նիկոլ Փաշինյանի հայտարարած հեղափոխական զարգացումների փոխարեն՝ անցած 4 տարիներին մեր տնտեսությունն ապահովել է վատագույն արդյունքներից մեկը վերջին 30 տարվա ընթացքում։ Խոսելուց բացի, գրեթե ոչինչ չի արվել տնտեսության արտադրողականությունը բարձրացնելու և արտահանելի հատվածը զարգացնելու ուղղությամբ։ Ընդերքը քանդել-ծախելու մեջ մեղադրելով նախկիններին՝ այս իշխանություններն էլ ավելի մեծացրեցին ընդերքի շահագործման տեմպերը։
Բայց նույնիսկ այդ պայմաններում մեր տնտեսությունը հեղափոխական զարգացումներ ու աճեր չարձանագրեց։ Խնդիրները բերեցին տնտեսության դիմադրողականության թուլացմանը, որը երևաց տնտեսական ճգնաժամի ժամանակ։
Պատճառներից մեկն էլ այն էր, որ վերջին տարիներին տնտեսությունն էլ ավելի կորցրեց ներդրումներ ներգրավելու պոտենցիալը, թեև մինչև վարչապետ ընտրվելը Նիկոլ Փաշինյանն այլ բան էր ասում ներդրումների մասին՝ «Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող գործողությունների հանգուցալուծմանը և իմ՝ վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան»։
Սա ամենևին էլ միակ չիրականացված ու կեղծ հայտարարությունը չէր, որով խաբեցին հասարակությանը։
Հիշենք, թե ինչեր էր ասում Նիկոլ Փաշինյանը ժամանակին, ու ինչ ունենք 4 տարի հետո. պարզապես ապշելու է։
«2017-ին 800 մլն դոլար պարտք ենք վերցրել, 700 մլն դոլարով աճեցրել ենք մեր ՀՆԱ-ն։
Պատկերացնո՞ւմ եք՝ մեր վերցրած պարտքն ավելի է, քան մեր ստեղծած արդյունքը։ Հետևաբար՝ տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ վիճակագրական մանիպուլյացիաների արդյունք»,- 2018թ. մայիսի 1-ին իր վարչապետական ելույթում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։
Ոչինչ, որ բերված թվերն ու արվող դատողությունները չէին համապատասխանում իրականությանը. իր սովորության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը դրանք կեղծում էր՝ հասարակության վրա տպավորություն գործելու համար։ Բայց դա էլ մի կողմ. պարտքերի մասին խոսում էր մի մարդ, ով իշխանության գալուց հետո երկրի պետական պարտքը հասցրել է ավելացնել ահռելի չափերով. 4 տարում՝ 2,6 մլրդ դոլարով կամ 38,5 տոկոսով։
Պարտքը ծանրաբեռնել է 38,5 տոկոսով, իսկ տնտեսությունն աճել է ընդամենը 11,1 տոկոսով։
2017թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր շուրջ 5,6 տրիլիոն, 2021թ. արդյունքներով՝ կազմել է 6,9 տրիլիոն դրամ։ Չորսը տարում ավելացել է ընդամենը 1,3 տրիլիոնով։
Այսքան պարտքեր ներգրավելուց հետո տնտեսական արդյունքն ահա այսպիսին է։
«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը»,- 2018թ. մայիսին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր առանց վարչապետի աթոռի իրեն չպատկերացնող Նիկոլ Փաշինյանը։
Եվ ի՞նչ ստացանք նրա վարչապետության արդյունքում. անցած չորս տարում Հայաստանի գյուղատնտեսությունը միայն անկում է գրանցել։ Չի եղել տարի, որ արտադրության ծավալների նվազում չունենանք այս ոլորտում։
Սա այն բանի վկայությունն է, թե ինչքանով է հեղափոխական տեմպերով զարգացել գյուղատնտեսությունը։
Այս տարի էլ, չնայած բնակլիմայական բարենպաստ պայմաններին, կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արեց, որպեսզի տապալի աշխատանքները։ Այդպես էլ շատ գյուղացիական տնտեսություններ չհասցրեցին ժամանակին ստանալ խոստացված սուբսիդավորված պարարտանյութը, ինչը չափազանց անհրաժեշտ է քիչ թե շատ նորմալ բերք ստանալու համար։
Սերմացուի ու վառելիքի պետական աջակցության մասին իշխանությունները վաղուց մոռացել են։ Գյուղացին մնացել է մենակ և ով ինչպես կարողանում է՝ գլխի ճարը տեսնում է։
Այսպես էլ պատրաստվում էին հեղափոխական տեմպերով գյուղատնտեսություն զարգացնել, չմշակվող գյուղատնտեսական հողերի քանակն էին ուզում շեշտակի նվազեցնել։
Չարմանալի չէ, որ չմշակվող հողատարածքները մի բան էլ ավելացել են։ Այս տարի էլ կավելանան։
Այսպիսի շատ ու շատ կեղծ խոստումներ շռայլելով՝ խաբեցին հասարակությանը, վերցրեցին իշխանությունն ու հասցրեցին 4 տարում քանդել ու կործանել ամեն ինչ՝ սկսած անվտանգությունից ու բանակից, վերջացրած պետական կառավարման համակարգով ու տնտեսությամբ։ Տասնյակ տարիների կառուցածը, որը, իր թերություններով ու բացթողումներով հանդերձ, ապահովում էր երկրի կայունությունն ու անվտանգությունը, կարճ ժամանակում հավասարեցրին զրոյի ու դեռ փորձում են արդարացումներ գտնել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ