Ազգակործան փրկչի լատենտ աջակիցները

Ոչ ստանդարտ հանրային գործընթացներն ունեն կարևոր՝ ֆիլտրող, բացահայտող գործառույթ։ Դրանք բացահայտում են իրական համոզմունքներ, արժեքներ, սկզբունքներ ունեցողներին և դրանց տակ թաքնվողներին, որոնց մեծահոգաբար կոչում են «երեսպաշտ» բարեհունչ բառով։

Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ, փակվում են փողոցներ, ծեծի են ենթարկվում քաղաքացիներ, բերման են ենթարկվում հարյուրավորները։ Փողոց դուրս եկածները պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հասկանալիորեն բոլորը չէ, որ մասնակցում են բողոքի այս գործողություններին, ինչը միանգամայն նորմալ է։

Բայց միանգամայն աննորմալ է, երբ շատ-շատերը, որոնք սովորական պայմաններում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնահատում են շատ ավելի բացասական էպիտետներով, քան ամենասուր ընդդիմադիրները, որոնք Նիկոլ Փաշինյանին համարում են Հայաստանին ու հայ ժողովրդին պատուհասած մեծագույն աղետ, հիմա զբաղված են բողոքի այս ակցիաները կողքից քննադատելով ու ընդդիմությանը ծաղրելով։ Դա ոչ միայն աննորմալ է, այլև նողկալի, որովհետև դրանով զբաղվողները վահագնալեքսանյաններից ավելի նիկոլապաշտ են և սարգիսհովհաննիսյաններից ավելի նիկոլապահ։ Այն պարզ պատճառով, որ նրանց «բարձրաշխարհիկ ծաղրը» ծառայում է նույն այն գործառույթին, ինչ տասնյակ ուսապարկերի անմիտ գրություններն ու Փաշինյանի թիկնազորապետի բռունցքի հարվածները։

Բողոքի ակցիաներին մասնակցող հարյուրավոր կամ հազարավոր քաղաքացիներ ոչ միայն հարթակում կանգնածների կողմնակիցները չեն, այլ հարյուրավոր հարցեր ունեն նրանց և պակաս անվստահությամբ չեն լցված, քան գլամուրային քննադատները։ Բայց նրանք, ի տարբերություն կեղծավորության կազմակերպված շքահանդեսի մասնակիցների, հասկանում են, որ այս պահին կարող են օգնել առնվազն լռությամբ, և լռում են։

Լատենտ նիկոլապաշտների բանակը բազմաշերտ է, նրանց մեջ կան՝ ինչպես «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչներ, այնպես էլ՝ իբրև թե նախկին ՔՊ-ականներ, «անկախ փորձագետներ» ու Լևոն Տեր-Պետրոսյանի բացահայտ կամ քողարկված աջակիցներ։ Հատկապես վերջիններին հակաընդդիմադիր քննադատության է մղում ցանկացած հնարավորություն, որը թույլ կտա ապացուցել, որ «Լևոնը ճիշտ էր»։ Նրանք այդ մղմամբ այնքան են տոգորված, որ չեն նկատում կամ նկատելով՝ միտումնավոր այնպես են պայքարում Լևոն Տեր-Պետրոսյանի իսկ բնորոշած «ազգակործան պատուհասի» դեմ պայքարողների դեմ, որ տպավորություն է ստեղծվում, թե իրականում իրենց համար ազգակործանը ոչ թե պատուհաս է, այլ փրկիչ։

Այսօրվա բողոքի ակցիաների կազմակերպիչներից շատերի հետ հատկապես մտածել կարողացող շատ-շատերն ունեն խնդիրներ, բայց բոլոր նրանք, ովքեր անկեղծ են «ազգակործան պատուհաս» գնահատականի հարցում, հիմա չեն բարձրաձայնում այդ մասին՝ նախ պատուհասից ազատվելու համար։ Իսկ նրանց քննադատողները, ընդհանուր բնույթի հակաիշխանական որակումներով, իրականում ծառայում են Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը։ Ոմանք՝ գիտակցաբար, մյուսները՝ հուսանք՝ առանց գիտակցելու։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս