Մենք խաղաղությունը պարտադրելու ենք, ոչ թե մուրալու. Հրաչ Ջաբրայան
«Արժանապատիվ հայն այսօր այստեղ է, արժանապատիվ հայի կողքին կանգնած է ամբողջ սփյուռքահայությունը: Այսպես կոչված, ստախոսության հեղափոխությունից հետո սփյուռքահայությունը հիասթափված, գլխիկոր հեռվից նայում էր հայրենիքին. այսօր դուք բոլորդ ոտքի եք կանգնեցրել ամբողջ սփյուռքը»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց սփյուռքահայ գործարար Հրաչ Ջաբրայանը:
Հրաչ Ջաբրայանը նշեց, որ հազարավոր նամակներ է ստացել այսօր սփյուռքից՝ վստահեցմամբ, որ կանգնած են պայքարի կողքին և պատրաստ են մինչև վերջ պայքարելու ու հաղթելու:
«Այս ազգադավ իշխանությունները, փակելով Սփյուռքի նախարարությունը, փորձեցին անջատել Սփյուռքը հայրենիքից, փորձեցին տարանջատել, որպեսզի տկարացնեն, որ իրենց ծրագրած պայմանավորված պատերազմով նսեմացնեն մեզ, բայց իրենք այդպես էլ չհասկացան հայու ոգին, չհասկացան, որ սփյուռքահայի հոգին սերում է Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից, Լոռիից, Երևանից:
Մենք՝ սփյուռքահայերս, կանգնած ենք ձեր կողքին, մենք պատրաստ ենք մինչև վերջ, եթե պետք լինի՝ կյանքի գնով պաշտպանել Հայաստանն ու Արցախը և՛ ներքին թուրքից, և՛ արտաքին թուրքից»,- ասաց նա: